HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում ուսուցիչներից գումար են գանձում բուժզննման համար

Մինչդեռ օրենքը պահանջում է, որ ուսուցիչների բուժզննման համար վճարի դպրոցի տնօրինությունը

Հունվարի 15-ին «Հետքին» են դիմել Ալավերդու մի խումբ մանկավարժներ, որոնք խնդրում էին թերթի միջոցով պարզել, թե Ալավերդու առողջապահական կենտրոնում բժշկական զննության համար ինչո՞ւ են իրենցից գանձում 1500 դրամ գումար այն դեպքում, երբ մանկավարժներն անվճար պետք է անցնեն  բժշկական զննությունը: Այս կապակցությամբ «Հետքի» հարցմանը Ալավերդու առողջապահական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը պատասխանեց. «Ուսուցիչները ճիշտ են բողոքել: Այդ գումարները օրենքով պետք է ոչ թե ուսուցիչները վճարեն, այլ գործատուները, տվյալ դեպքում` դպրոցների տնօրինությունները:

Ինչպես մանկապարտեզների աշխատողների բժշկական զննության համար մեր Առողջապահական կենտրոնին գումարները փոխանցում է Ալավերդու քաղաքապետարանը, նրանք էլ` ուսուցիչների բժշկական զննության համար, որքան ուսուցիչ ուղարկում են բժշկական զննության, այնքան ուսուցչի համար 500 դրամ սանիտարական գրքույկի և 1000 դրամ բժշկական զննության համար պետք է փոխանցեն Ա ռողջապահական կենտրոնին»: Ստեփան Մոսինյանը հայտնեց, որ որպես առողջապահական կենտրոնի տնօրեն` ինքը չի կարևորում, թե կոնկրետ ով է վճարում մանկավարժի բժշկական զննության գումարը` մանկավա՞րժը, թե՞ տնօրինությունը: Իր համար կարևորը իր ղեկավարած կենտրոնի ծառայության դիմաց գումարներ ստանալն է:

Առողջապահական կենտրոնի տնօրենի տեղակալ Սերոբ Նազարեթյանն էլ մեզ հայտնեց, որ մանկավարժների բժշկական զննության, ինչպես նաև սննդի և նրանց հավասարեցված կազմակերպությունների աշխատակիցների առողջական վիճակը հավաստող տեղեկանքի տրամադրման համար պետք է վճարի գործատուն` համաձայն «Բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի: «Բժշկական զննության հարցերով ես եմ զբաղվում:

Կառավարության 2003 թ. մարտի 23-ի թիվ 347 որոշման հավելված 2-ում ընդգրկված են բոլոր այն աշխատողները, որոնք ենթակա են պարբերական բժշկական քննության` գործի ընդունվելիս և հետագայում: Սննդի արտադրության, հանրային սննդի կազմակերպման, սննդի առևտրի, քոլեջների աշխատողները, պրակտիկա անցկացնող ուսանողները, վարսավիրանոցի աշխատողները, նաև ուսումնադաստիարակչական հիմնարկների աշխատողները, հանրակրթական դպրոցների ուսուցիչները և այլն, աշխատանքի ընդունվելիս և հետագայում, տարին մեկ անգամ պարտադիր պետք է ստուգվեն թերապևտի, ընտանեկան բժշկի մոտ և անցնեն ֆիլյորոգրաֆ ստուգման: Մենք ունենք գնացուցակ, որը հաստատել է մեր հիմնադիրը, տվյալ դեպքում Լոռու մարզպետը, որի մեջ մտել է ոչ միայն նմանատիպ հետազոտությունը, այլև ասենք, բոլոր վճարովի ծառայությունները. դրա մեջ մտնում են բոլոր լաբորատոր գործիքային հետազոտությունները, բոլոր կոնսուլտացիաները: Ընդ որում, մեր կոնսուլտացիան գնացուցակով ավելի թանկ է, քան դասատուների բժշկական զննության համար մեր կողմից սահմանված գները»,- ասաց Սերոբ Նազարեթյանը:

Նա նաև հայտնեց, որ Թումանյանի տարածաշրջանի և Ալավերդի քաղաքի դպրոցների շուրջ 1000 ուսուցիչներից 2009 թ. ընթացքում առողջապահական կենտրոնում բժշկական զննության է ենթարկվել 452 ուսուցիչ, որոնք իրենք են վճարել իրենց բժշկական զննության գումարները: «Չեմ նկատել, որ որևէ տնօրեն կատարի դասատուների բժշկական զննության համար սահմանված օրենսդրական կարգը և վճարումը կատարի դպրոցի տնօրինության կողմից: Ուսուցիչները իրենք են վճարում իրենց բժշկական զննության համար: Սակայն մեզ համար նշանակություն չունի, թե ով է վճարում»,- ասաց բժիշկ Նազարեթյանը: «Հետքը» դիմեց Լոռու մարզպետարանի կրթության վարչություն` փորձելով իմանալ, թե ինչու դպրոցների տնօրենները չեն կատարում ուսուցիչների բժշկական զննության` օրենքով սահմանված պարտավորությունները:

Մարզպետարանի դպրոցների վարչության պետ Մինաս Սայադյանը հավաստիացրեց. «Ես հիմա հարցրի Ստեփանավանի դպրոցներին, այնտեղ ուսուցիչների բժշկական զննության համար վճարել են դպրոցների տնօրինությունները: Ուրեմն, Ալավերդիում և Թումանյանի տարածաշրջանի դպրոցներում ինքնագլուխ բաներ են արել: Հիմա կլինի իմ հանձնարարությունը: Ես կզբաղվեմ այդ հարցով»: Մինաս Սայադյանը, մեր հարցումից անհանգստացած, մի փոքր ավելի ուշ կրկին զանգահարեց և ասաց. «Դրա պատճառը դպրոցների ֆինանսական դժվարություններն են: Ես հավաստիացնում եմ, որ հետամուտ կլինեմ օրենքի կատարումը ապահովելու համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter