Հրանտ Բագրատյան. «Մենք տնտեսական ճգնաժամից դուրս չենք գալիս, մենք ավելի ենք խրվում»
«Մենք տնտեսական ճգնաժամից դուրս չենք եկել, մենք ավելի ենք խրվում, ու հավաստիացումները, թե արդեն դուրս ենք գալիս այդ ճգնաժամից, իրական չեն»,- այսօր «Հայացք» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքերով` մինչ 1994 թ.-ը Հայաստանի արտաքին պարտքը կայուն է եղել, իսկ 94-ից գնալով մեծացել է:
«Նախագահին զեկուցե՞լ են, որ մեր պարտքը 4 տարի հետո 483 մլն է դառնալու, որ 3 տարի հետո վարկի սպասարկման վրա ծախսվելու է 10 անգամ ավելի շատ փող, քան բանակի վրա, որն առանց այդ էլ չենք կարողանում պահել: Ու խոսքերը, թե Հայաստանին պարտք են տալիս, որովհետեւ վստահում են, ճիշտ չեն, քանի որ այսօր աշխարհում խնդրում են, որ պարտք վերցնեն, այն էլ այն պայմաններով, որով Հայաստանն է պարտք վերցնում»,- ասաց նա: Հրանտ Բագրատյանի համոզմամբ` այսօր Հայաստանում տնտեսության ոլորտը բեւեռացված է. «Այսօր հայերը գերադասում են իրենց հողերը տալ ուրիշին, որ բիզնես անեն, քան տալ սփյուռքահայերին: Հայաստանի 100 լուրջ բիզնեսների մեջ մի սփյուռքահայ չկա: Եւ սփյուռքում էլ գիտեն, որ հայերը փող վերցնելիս պատրաստ են, իսկ որ իրենց էլ տան հնարավորություն, նման բան չկա, թույլ չեն տալիս: Էլ չեմ ասում, որ որոշ մարդկանց կողմից իրենց 6-7 հեռուստաընկերություններով ստեղծվել է միկրոաշխարհ, որտեղ իրենց երգիչներով, շոումեններով ասում-խոսում, ուրախանում են»:
Նախկին վարչապետն անդրադարձավ նաեւ ապրիլի 1-ից ջրի սակագնի սպասվող թանկացմանը. «Ես չգիտեմ` ինչու են բարձրացնում: Պայմանավորել դրանք ռուսական գազի բարձրացմամբ, սխալ կլինի: Չեմ հասկանում` ոնց է լինում` ջրի 1 խորանարդը 182 դրամ է, Կիեւում` 80, Բաքվում` ավելի էժան է, ողջ Կովկասում գոյանում է 21 մլն խորանարդ ջուր, որից 8-ը եւ ամենաշատը` Հայաստանում, իսկ 3 տոկոսը` Բաքվում, եւ մեզնից քիչ են վճարում, ու ընդհատումներ չեն լինում: Ջուրն ինքնահոսով գալիս է, ինչո՞ւ պիտի 182 դրամ լինի,- ասաց նա և ավելացրեց:- Ինչո՞ւ ենք իրանական գազամուղը բացել: Բա 100 մլն էլ դրա համար ենք պարտք արել: Եթե կառուցված է, ինչո՞ւ չենք օգտվում: Դա ալտերնատիվ էր, որ չթանկանա գազը: Մենք չենք հաղթահարում տնտեսական ճգնաժամը, եւ եթե մի բան չձեռնարկենք, մի քանի տարի անց չենք ունենա այն, ինչ հիմա ունենք»: Անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը` Հ. Բագրատյանը հայտնեց. «Սկզբունքորեն նա պարտավոր էր այդ հայտարարությունը անելու, եւ ես այդտեղ մեկնաբանության արժանի բան չեմ տեսնում: Արձանագրությունների առումով կասեմ, որ Հայաստանը 1 զիջում արդեն արել է` Ցեղասպանության հարցը: Թուրքիան արդեն օրակարգից հանել է այդ հարցը, իսկ Ուկրաինան սառեցրել է Ցեղասպանության ընդունման գործընթացը: Սա դիվանագիտական խաղաթուղթ էր, որ զիջեց Հայսատանը: Դրանից հետո Թուրքիան էլի ինչ-որ բան ակնկալելու իրավունք չունի»:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել