Բողոքի ցույցը շարունակվում է
Շարունակվում է Կապանի նախկին լեռնահարստացման կոմբինատի` «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնիի» հանքագործների բողոքի ցույցը: Վերջիներս, կիրակի` հունվարի 17-ի առավոտվանից աշխատանքի դուրս չեն եկել ու պահանջում են աշխատավարձերի բարձրացում: Այդպես էլ գլխավոր տնօրեն Ռոբերտ Ֆալետան լրագրողներին ոչ մի տեղեկատվություն չտվեց: Ավելին, արգելեց լրագրողներին մտնել ձեռնարկության տարածք`ասելով, որ «իր սեփականությունն է»:
Ռ. Ֆալետան քարտուղարուհու միջոցով փոխանցեց, որ «պատրաստ լինելու դեպքում հանդես կգա պաշտոնական տեղեկատվությամբ»: Երկուշաբթի օրը, աշխատանքային օրվա վերջից գլխավոր տնօրենը առանձին-առանձին առանձնազրույց էր ունենում բողոքավորների հետ: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` նա փորձում էր յուրաքանչյուրից ճշտել պահանջները:
Երկուշաբթի ուշ երեկոյան, ձեռնարկություն այցելեց Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը: Վերջինս հանդիպեց Ռ. Ֆալետայի հետ ու, թերևս, միակ պաշտոնյան էր, որ լրագրողներին տեղեկատվություն տվեց: «Տնօրինությունը համաձայնել է զիջումների: 4 արտադրամասերի աշխատակիցների պահանջները բավարարված է: Նախկին գործադուլի հետևանք է սա, երբ ղեկավարությունը խոստացավ վերանայել աշխատավարձը: Կարծում եմ, այստեղ նաև ղեկավարությունն էլ է մեղավոր: Բայց հիմա կոնֆլիկտը հարթվում է, ու աշխատանքը կվերսկվսի: Կապանի համար շատ կարևոր է այս ձեռնարկության աշխատանքը»,-ասաց Ա. Աթայանը:
Մեկնաբանել