HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Սպասվում է եռակողմ հանդիպում

«Առավոտի» ունեցած տեղեկություններով` հունվարի 25-ին Սոչիում նախատեսվում է Մեդվեդև-Սարգսյան-Ալիև եռակողմ հանդիպումը: Ըստ ռուսաստանյան դիվանագիտական աղբյուրների` երեկ կայացած Ռուսաստանի և Հայաստանի նախագահների հանդիպման ժամանակ դրա մասին ձեռք է բերվել սկզբունքային համաձայնություն:

Նույն աղբյուրը կանխատեսում է, որ Սոչիում կայանալիք հանդիպման արդյունքում որևէ հռչակագիր գուցեև չստորագրվի, սակայն էապես նվազելու է Ադրբեջանի ագրեսիվ ռիտորիկան իր հարևան երկրի նկատմամբ: «Առավոտին» նաև հայտնի է դարձել, որ մինչև մարտի 1-ը Ռուսաստանը քայլեր է ձեռնարկելու Վրաստանի հետ սահմանակից Վերին Լարսի անցակետը բացելու ուղղությամբ, ինչը Հայաստանի տնտեսության համար կենսական նշանակություն ունի:

Փող լինի` «Ժառանգությունն» էլ կմեկնի Ստրասբուրգ

ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն «Առավոտի» հարցին, թե բացառո՞ւմ է, որ ԵԽԽՎ-ում Հայաստանի իրավիճակի քննարկման ժամանակ փոխարինող ընդդիմադիր անդամին` «Ժառանգության» ներկայացուցչին կարող է հնարավորություն չընձեռվել մեկնել Ստրասբուրգ` պատասխանեց. «Կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերի Վեհաժողովի նիստում Հայաստանի հարցի քննարկմանը` այդ դեպքում ճիշտ կլինի անել ամեն ինչ, որ պատվիրակությունը ներկա գտնվի ամբողջ կազմով: Բայց սա այն է, ինչ ես կնախընտրեի: Իսկ եթե ԱԺ բյուջեն դա էլ թույլ չտա` իհարկե, ստիպված կլինենք դրանից էլ հետ կանգնել»:

Դատապարտել են շիրմապղծությունը

Դեկտեմբերի 30-ի գիշերը անհայտ անձինք պղծել էին Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի եղբոր` մի քանի տարի առաջ մահացած գնդապետ Հարութ Հարությունյանի շիրիմը: Մահարձանի գլուխը կտրել և գցել էին կինոյի տան մուտքի մոտ: Իսկ դրանից առաջ պահանջել էին, որ քաղաքապետը քանդի կիսակառույց շինությունը:

Ազատվել է Ինչպես փոխանցում են Ազգային անվտանգության ծառայության թերթի աղբյուրները, անցյալ շաբաթվա վերջին աշխատանքից ազատվել է ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Զավեն Նանյանը: Նա համակարգել է ընդդիմության ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումները: Զավեն Նանյանը Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի եղբայրն է: Նշենք, որ Զավեն Նանյանը քավոր-սանիկական հարաբերություններ ունի Արաբկիրի նախկին թաղապետ Ալբերտ Երիցյանի` Շտիրլից Աբոյի որդու` Ռուբեն Երիցյանի հետ, ով որ մեղադրվում է պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձ կազմակերպելու մեջ և գտնվում է հետախուզման մեջ: Ըստ որոշ խոսակցությունների` Նանյանն աշխատանքից ազատվել է իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու պատճառով: ԱԱԾ տնօրեն Գորիկ Հակոբյանի մամուլի քարտուղար Արծրուն Բաղրամյանը երեկ չի հերքել թերթի այս տեղեկությունները: Ի դեպ, նշենք, որ ըստ թերթի աղբյուրների` Գորիկ Հակոբյաննն իր պաշտոնանկության մասին խոսակցությունների թեժացմանը զուգահեռ, վերջին շաբաթների ընթացքում հասցրել է կադրային լուրջ փոփոխություններ կատարել ԱԱԾ համակարգում: Մասնավորապես` տեղի են ունեցել մի քանի վարչության պետերի փոփոխություններ:

Լյովիկն ու նրա ճոպանուղին

Թերթի տեղեկություններով` ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանը, որին է պատկանում Սևանի նախկին «Ախթամար» ռեստորանը, որոշել է այնպիսի քայլեր անել, որ Սերժ Սարգսյանը սկսի հպարտանալ ոչ միայն նրա ու բանդաների «սխրագործություններով», այլև շինարարական թաքնված «ունակություններով»: Ըստ թերթի աղբյուրների` Լևոն Սարգսյանը մտադիր է «Ախաթամարը» վերակառուցելու նպատակով դարձնել ընդունելությունների տուն: Այսուհետև այլազգի պատվարժան հյուրերը Սևանա լիճը կվայելեն ոչ միայն «Հարսնաքարից», այլև ավելի վերևից` «Ախթամարից»: Բացի այդ, Լ. Սագսյանը ծրագրել է ճոպանուղի կառուցել` տարբեր ուղղություններով: Ամենայն հավանականությամբ` «Ախթամարից» դեպի Սևանա Լիճ «ուղիղ չվերթով» հնարավոր կլինի ցատկել: Եվ գուցե նրա այս ծրագրերի համար է Սերժ Սարգսյանը հրահանգել ոստիկաններին մեղմ վերաբերվել Լևոն Սարգսյանի հետ:

Հաճախորդները` հյուրանոցում

ԱԺՄ նախագահ, երբեմնի քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի նշանակումը Հանրային խորհուրդ կոչվող անիմաստ կառույցի նախագահի պաշտոնում շատերի կողմից ընդունվեց կարեկցանքով: Այն իմաստով, որ վերջապես իրականացավ Վազգեն Մանուկյանի վաղեմի ու երևի միակ երազանքը` նա դարձավ որևէ բանի նախագահ: Սակայն պարզվում է` Վազգեն Մանուկյանի այս էսթետիկական հաճույքը նաև բավական թանկ արժե հարկատուների համար: Անցյալ տարվա վերջին Հանրային խորհրդի աշխատակազմը «Էրեբունի» հյուրանոցում վարձակալել է մոտ 200 քմ տարածք, որի դիմաց պետությունը, այսինքն` հարկատուները, ամսական պետք է վճարեն առնվազն 2 մլն դրամ: Այսինքն` իշխանությունները «հաճախորդների սպասարկման սահմանված կարգի համաձայն» վարձահատույց են լինում նրան:Տվյալ դեպքում` նաև հարկատուների հաշվին: Անկախ ամեն ինչից, Վազգեն Մանուկյանի դռան ցուցանակը շատ գեղեցիկ է: Ի վերջո, աշխատանքային ժամի ավարտից հետո և հանգստյան օրերին «Հանրային խորհուրդ» արտահայտության փոխարեն նա կարող է փակցնել «Հայաստանի Հանրապետություն» բառերը:

Իրական ստուգատեսը առջևում է Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով. «Խնդիրն այն է, թե ինչ գին պետք է վճարի Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման համար: Նույնիսկ եթե արձանագրությունները վավերացվեն և բանը հասնի պատմական հարցերի ուսումնասիրությամբ զբաղվող ենթահանձնախմբի քննարկումներին, շատ բան կախված կլինի նրանից, թե ովքեր ներգրավված կլինեն այդ հանձնախմբում, ինչ հանձնարարականով կգնան այդ քննարկումներին և ինչի վրա կաշխատեն: Այլ խոսքով` իրական ստուգատեսը դեռևս առջևում է: Ոչ ոք չգիտի և չի կարող ասել` կարգավորման իրական գինն ինչ կլինի, բայց կան սահմաններ: Օրինակ` աշխարհը արդեն հաստատել է և հաստատ ասում է, որ այդ գինը Ղարաբաղը չէ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter