HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թաջ Մահալը» «մտել է» Թումանյանի տարածաշրջան

Իսկ երիտասարդները փող աշխատելու համար իրենց բախտը սկսել են փորձել «Թաջ Մահալ»-ում

Լոռու մարզի Ախթալա քաղաքից դեպի Շնող գնացող ճանապարհահատվածում վերջերս սկսել է գործել «Թաջ Մահալ» անունով  կազինոն: Սա Թումանյանի տարածաշրջանի առաջին եւ միակ խաղասրահն է: Ըստ Ալավերդիում շրջանառվող լուրերի` այն պատկանում է Լոռու մարզի ոստիկանապետի տեղակալ Արտուշ Բոշյանի մոտիկ ազգականներից մեկին` Շնող գյուղի բնակիչ Արշակ Բոշյանին:

Խաղատունը պարբերաբար գովազդվում է Ալավերդու «Անկյում+3» հեռուստաընկերության եթերից: Այն որոշակի հետաքրքրություն է առաջացրել տարածաշրջանի երիտասարդության շրջանում: Անապահով երիտասարդները փող աշխատելու համար իրենց բախտը սկսել են փորձել «Թաջ Մահալ»-ում, որի պատճառով մեծ չափերի հասնող պարտքի տակ են ընկել` ծանր կացության առջեւ կանգնեցնելով նյութապես անապահով իրենց ընտանիքներին: Նրանցից շատերը կազինոյում խաղալու համար նույնիսկ տոկոսով փող են վերցնում:

Օրերս Ախթալա քաղաքի բնակիչներից մեկը տեղեկացրեց, որ «Թաջ Մահալ» կազինոն չարիք է դառնում շրջակա բնակավայրերի բնակչության համար, եւ օրինակ բերեց Ախթալայի «Բարիտ» թաղամասի բնակիչ Ռուստամին, որը այս կազինոյում տանուլ է տվել շուրջ 600 հազար դրամ: Պարզվեց, որ Ախթալայի «Բարիտ» թաղամասում շատերն են ճանաչում Ռուստամին: Երբ խմբված երիտասարդներից փորձեցի իմանալ Ռուստամի տան տեղը, նրանք միանգամից խուճապի մատնվեցին եւ այդ մասին բջջայինով արագ տեղեկացրին Ռուստամին, ով, ինչպես պարզվեց, այդ պահին գտնվում էր Ախթալայի «Սարահարթ» թաղամասում: Ակնհայտ էր, որ երիտասարդները տեղյակ էին կատարվածի մասին եւ փորձում էին խանգարել Ռուստամի բացակայությամբ նրա տնեցիներին հանդիպելու մեր փորձերը:

Նրանցից մեկը ուղեկցեց մեզ եւ որպես Ռուստամի մտերիմ ընկեր` ցանկություն հայտնեց մասնակցել նրանց տնեցիների հետ մեր զրույցին: Մեզ դիմավորեց տղայի պապը` Ջանիբեկ Խաչատրյանը: «Հա, եսիմ ասում են ճիշտ ա, երիտասարդներն էլ գնում են, դրա փակելը ավելի լավ կլինի: Գումարից ես զադ չգիտեմ, ինձ ոչ ասում են, ոչ գիտեմ»,- ասաց պապը: Կազինոյի թողած «հետքերի» մասին լսել էր նաեւ Ախթալայի քաղաքապետ Հայկ Խաչիկյանը. «Շատ վատ եմ տրամադրված եւ վատ կարծիք ունեմ այդ կազինոյի մասին: Ախթալա քաղաքի երիտասարդներն արդեն օգտվում են այդ կազինոյից: «Անկյուն +3»-ի գովազդում կազինոյում նստածների մեջ մենք նկատեցինք մեր քաղաքի անչափահաս երեխաներին: Կամաց-կամաց տարվելով` այդ գումարները մեծանում են: Պարտքերը փակելու համար շուտով կսկսվեն գողությունները եւ երիտասարդության կռիվները: Շատ մտահոգված եմ: Բայց նաեւ գիտեմ, որ այն փակելու առաջարկություն անելու իրավունք չունեմ, քանի որ այն մեր քաղաքի վարչական տարածքում չի գտնվում: Օրենքը չի թույլատրում: Ուղղակի կարծում եմ` կազինոյի սեփականատերը պետք է այնտեղ կարգ ու կանոն հաստատի, արգելի անչափահասների եւ անվճարունակ երիտասարդների մուտքը»,- ասում է քաղքապետը:

«Թաջ Մահալ» խաղատուն այցելողների մասին մեր հարցումները կազինոյի աշխատողների կողմից բարեհամբույր չընդունվեցին: «Ով ցանկանում ա` գալիս ա»,- ասաց կազինոյի աշխատակից Արայիկը: Բարմեն Հասմիկն էլ ասաց. «Ով ցանկանում է, գալիս է կազինո: Ձեր հարցը մի քիչ տեղին չէ: Մեզ հետաքրքիր չէ` ով շատ փող ունի, ով` քիչ: Ընդհանրապես նորմալ մարդուն հետաքրքիր չէ` ով շատ փող ունի, ով` քիչ: Ով շատ ա աշխատում, բնականաբար, նա շատ փող ունի: Կազինո այցելող անձի գրպանի տարողությանը չենք նայում»

: Հասմիկից էլ իմացանք խաղատան տիրոջ անունը: Արայիկն ասաց, որ խաղի մեջ մտնելու համար վճարման գումարը 3 հազար դրամից է սկսվում ու բարձրանում, և հավելեց, որ իրենց կազինոյում ապառիկ չեն խաղում: Կազինոյում խաղացողներից մեկի, ինչպես ինքն ասաց, նոյեմբերյանցի Վարդանի խաղը դիտելու համար ստացա նրա թույլտվությունը: Քանի որ խաղից ոչինչ չէի հասկանում, փոքր-ինչ հետո հարցրի Վարդանին. «Կրվո՞ւմ ես, թե՞ կրում»: Վերջինս էլ ցածրաձայն պատասխանեց. «Կրվում եմ, էստեղ կրել չկա»:

«Այդ դեպքում ինչո՞ւ ես անիմաստ փողերդ վատնում»,- ասացի: «Կարող ա եւ կրեմ»,- պատասխանեց Վարդանը: Ու մինչ հետեւում էի Վարդանի խաղին, ինձ մոտեցավ խաղատան անվտանգության աշխատակիցը, մի հաղթանդամ երիտասարդ:

«Անջատի էդ սարքը, քեզ ասում եմ անջատի»,- գոռաց նա, ով ինչպես հետո ներկայացավ, երևանցի Վահագն էր: Նա ինձ ուղեկցեց խաղատան ետնամասի սենյակներից մեկը, որտեղ էլ բացատրեց, որ իրենց կազինոն գաղտնի է, ոչ ոք, այդ թվում նաեւ ես, հարցուփորձ անելու եւ տեղեկություն ստանալու իրավունք չունի: Վահագն ինձ առաջարկեց խաղատնից հեռանալ աննկատ, շենքի ետնամասով, ինչը ես կատարեցի հնազանդորեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter