HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սահմանամերձ գյուղերում դասարանները «կոմպլեկտավորված» են

Արդեն 4 տարի է Թուրքիայից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Բագարան գյուղի միջնակարգ դպրոցում 3-4-րդ եւ 6-7-րդ դասարաններում սովորող աշակերտները միասին են դաս անում: Պատճառն այն է, որ աշակերտների թվաքանակը քիչ է, եւ կրթության նախարարությունում որոշել են դասարանները «կոմպլեկտավորել»:

Դասվար Նաիրա Թովմասյանը «Հետքին» փոխանցեց, որ այս պայմաններում ավելի դժվար է ցածր դասարանում սովորողների հետ աշխատելը, քան մեծերի: «2-րդ եւ 3-րդ դասարանցիները նոր են սկսում թվերի հետ աշխատել, ու այստեղ մեծ դժվարություններ են առաջանում: Որպես դասվար` ինձ համար ավելի հեշտ կլիներ դասարանների հետ առանձին պարապելը, քան միասին: 2-րդ դասարանցիները շուտ են ձանձրանում, ստիպված արտագրություն եմ տալիս, որ 3-րդների դասը բացատրեմ, բայց փոքրերը շուտ ձանձրանում են ու սկսում են աղմկել: Դրա համար ավելի նախընտրում եմ, որ լուռ նստեն, քան ինչ-որ աշխատանք կատարեն»,- ասում է դասվարը: Ըստ նրա` մեկ դասաժամը շատ քիչ է, եւ ուսուցիչն իր տված գիտելիքները չի կարողանում աշակերտներից ստանալ: 2-րդ դասարանում սովորում է 4 աշակերտ, իսկ, 3-րդում` 5: Նույն վիճակն է նաեւ 6 եւ 7-րդ դասարաններում; Ռուսաց լեզվի ուսուցչուհի Լիդա Գալոյանն էլ նշեց, որ դժվարությունների հիմնական պատճառը դասարանների միացումն է: «Կոմպլեկտ դասարանի աշակերտները տարբեր գրքերով են պարապում եւ տարբեր մակարդակի գիտելիքներ ունեն: Աշակերտները չեն հիշում արդեն մեկ ամիս առաջ անցած դասը, որովհետեւ ժամաքանակն է քիչ: Եթե դրսից մեկը գա, դաս լսի, կասի` էս ուսուցիչը ոչինչ չի պարապել երեխեքի հետ: Բայց 45 րոպեն քիչ է 2 դասարանի համար: Հազիվ կարողանում եմ դաս բացատրել ու մեկ հոգու դաս հարցնել: Ուսուցչի համար շատ դժվար է նման պայմաններում աշխատելը»,- ավելացրեց Լ. Գալոյանը: Եթե տարրական դասարանում սովորողներն առայժմ իրենց «մաշկի վրա չեն զգում» դասարանների միավորման բացասական հետեւանքները, ապա 6-րդ դասարանի աշակերտ Համլետ Գաբրիելյանն արդեն դժգոհում է, որ չի հասցնում դասերին պատրաստվել: «Լավ չենք կարողանում դասը հասկանալ, ժամն է քիչ: Դասերը կիսահասկանալ ենք տուն գնում»,-նշեց Համլետը: Նույն իրավիճակից է դժգոհում նաեւ 7-րդ դասարանի աշակերտուհի Ալինա Գալոյանը: Նրան էլ չի հերիքում մեկ դասաժամի կեսը, որն ուսուցիչը հատկացնում է իրենց: «Ուսուցիչը դասի կեսը նվիրում է 6-րդ դասարանցիներին, ու մեզ քիչ ժամ է մնում: 25 րոպեն էլ քիչ է լավ սովորելու համար»,- դժգոհեց Ալինան: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի Մարիա Մկրտչյանն էլ «Հետքին» փոխանցեց, որ դասարանները միացնելուց ոչ ոք ուսուցիչների կարծիքը չի հարցրել, եւ հրամանը միանգամից «վերեւներում» են կայացրել: «Միավորված դասարանների համար շատ մեծ դժգոհություն ունեմ: Ընդունված է, որ նոր թեման բացատրելու համար ուսուցիչը պետք է մոտ 30 րոպե հատկացնի աշակերտներին: Ի՞նչ տարբերություն դասարանում 1 աշակերտ է նստած, թե՞ 30, միեւնույն է պետք է թեման հասցնել նրանց: Կոմպլեկտ դասարանում ես ոչ մի անգամ արդյունավետ դաս չեմ ունեցել: Որպես ուսուցիչ` ես բավարարված չեմ իմ տված դասից»,- ասաց Մ. Մկրտչյանը: Ուսուցիչն ափսոսում է, որ դասարաններում շատ լավ սովորող աշակերտների հետ չի կարողանում աշխատել. ժամանակը չի հերիքում: «Հարցի ամենալավ լուծումը դասարանների անջատումն է»,- համոզված է ուսուցչուհին: Բագարանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանը լիովին համաձայն էր ուսուցիչների դժգոհությունների հետ, քանի որ, ըստ նրա, միավորված դասարաններում ուսման արդյունքը շատ վատ է: «Ուսուցիչներն ու երեխաներն անընդհատ բողոքում են: Դպրոցը գտնվում է ֆինանսական ծանր կացության մեջ եւ հնարավորություն չունենք դրանք առանձնացնելու: Սովետի ժամանակ, որպես սահմանամերձ գյուղ, 3 հոգանոց դասարան ենք ունեցել, ու առանց միավորվելու 10-րդ դասարան են ավարտել: Այս միավորումը ոչ թե վատ, այլ շատ վատ է անդրադառնում ուսման որակի վրա»,- ասում է դպրոցի տնօրենը: Նրա խոսքերով` տարեցտարի իրենց դպրոց հաճախող աշակերտների թիվը պակասում է: Այս ուսումնական տարում դպրոցում սովորում է 94 աշակերտ: Տնօրենն արդեն հաշվարկել է, որ հաջորդ տարի ունենալու են 87 աշակերտ: Այդ թիվն էլ կասկածելի է, քանի որ շատ ընտանիքներ լքում են գյուղը: «Գյուղում ծնելիություն չկա, քանի որ պայմանները շատ վատ են: Բագարանում ամեն ինչ խնդիր է, դրա համար էլ երիտասարդները ձգտում են գնան, քաղաքում ապրեն: Նրանց մի մասն էլ Ռուսաստան է գնում: Էլ չեմ խոսում սոցիալական պայմանների մասին, որը շատ վատ է մեր գյուղում: Դա է պատճառը, որ ծնելիություն գրեթե չկա»,-ավելացրեց Արշակ Ղազարյանը: Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը, կիսելով ուսուցիչների դժգոհությունը, նշեց, որ աշակերտների քանակը շատ քիչ է, եւ առանձին դասարաններ ունենալու համար հավելյալ գումարներ են պետք, ինչը պետության համար ծանր հոգս է: «Կրթության եւ գիտության նախարարությանը առաջարկություն ենք ներկայացրել, որ գոնե սահմանամերձ դպրոցներում կոմպլեկտ դասարաններ չունենանք: Այդ հարցով քննարկումներ են կազմակերպվել, բայց չեմ կարծում, որ հարցը դրական լուծում կստանա»,- ասաց Գ. Սայադյանը: Նշենք, որ կառավարությունը սահմանամերձ գյուղերի դպրոցներին զրկել է նաեւ արտոնություններից: Այդ դպրոցներին տրվում էր հավելյալ գումարներ, սակայն նրանք արդեն ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակով: Փաստորեն, Երեւանի ու սահմանամերձ գյուղերի դպրոցները դրված են նույն նժարի վրա, ինչը նշանակում է, որ մի քանի տարի հետո գյուղերի դպրոցները սոսինձ գնելու գումար էլ չեն ունենա: Պատճառն այն է, որ աշակերտների թիվը սահմանամերձ գյուղերում կրճատվում է: Դա է պատճառը, որ Երեւանի բոլոր դպրոցներն այսօր ջեռուցվում են գազով, իսկ Բագարանում` դիզելային վառելանյութով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter