HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

2009-ին ամենից շատ ծեծված լրագրողը

Նախորդ տարի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ բազմաթիվ միջադեպեր են արձանագրվել, որոնցից մի քանիսի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել: 2009 թվականի հունվարի 16-ին Երեւանի Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ լրագրողը լուսանկարում էր ակցիան` ի պաշտպանություն «Յոթի գործով» ամբաստանյալների: Ոստիկաններից մեկը, նկատելով Շամշյանին, հարվածել եւ տապալել է նրան: Ընկնելիս Գագիկ Շամշյանը գլխով բախվել է երկաթե հենասյունին: 

Ֆոտոլրագրողը տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ ռենտգեն հետազոտությամբ նրա մոտ ախտորոշվել էր ուղեղի ցնցում: Գագիկ Շամշյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրել է, որ ինքն ունի իրեն հարվածած ոստիկանի լուսանկարը: Հունվարի 19-ին լրագրողին հրավիրվել են Շենգավիթ համայնքի ոստիկանություն` ցուցմունքներ տալու համար: Ըստ տուժողի` քրեական գործ հարուցվեց, որը հետագայում կարճվեց «հանցակազմի բացակայության պատճառով»: Այս եւ հաջորդ միջադեպերն արձանագրված են Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի` Հայաստանում լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքներ խախտումների մասին 2009 թվականի տարեկան զեկույցում:

Վնասը գնահատվել էր 2000 դրամ

Հաջորդ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 11-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանի գործով նիստի ժամանակ դատական կարգադրիչները, դատավոր Ժորա Վարդանյանի հրահանգով, լրագրողներին առաջարկել են հեռանալ նիստերի դահլիճից: Սրա հետ կապված լրագրողների եւ դատական կարգադրիչների միջեւ վեճ է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի: Դրա ընթացքում պատռվել է ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանի բաճկոնը: Վերջինս ԽԱՊԿ-ին տեղեկացրել է, որ նույն օրն իսկ ինքը գրավոր բացատրություն է տվել Կենտրոն համայնքի ոստիկանությունում: Հարուցվել է քրեական գործ, իսկ բաճկոնն ուղարկվել է փորձաքննության` վնասի չափը որոշելու համար: Սակայն այս գործը շուտով կարճվել է` հանցակազմի բացակայության պատճառով: Վնասը գնահատվեց 2000 դրամ, ինչից Գագիկ Շամշյանը հրաժարվել է:

Լրագրողին դաժանորեն ծեծեցին համալսարանում

Մարտի 13-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում ծեծի է ենթարկվել «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը: Այդ օրը բուհի ուսանողները «Միասին» երիտասարդական հասարակական կազմակերպության գրասենյակի մոտ բողոքի ակցիա էին անցկացնում, որը լուսաբանելու համար այստեղ էին նաեւ մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Երբ ակցիայի մասնակիցները վերադարձան համալսարան, լրագրողները նույնպես որոշեցին մտնել շենք եւ հարցազրույց վերցնել ուսումնական հաստատության ղեկավարներից, սակայն նախասրահում նրանց կանգնեցրին բուհի անվտանգության աշխատակիցները: Այսուհանդերձ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին հաջողվեց ուսանողների հետ անցնել ներս եւ լուսանկարել: Ըստ զեկույցի` այս առնչությամբ լրագրողի եւ պահապաններից մեկի միջեւ բախում է առաջացել, եւ անվտանգության աշխատակիցները դաժանորեն ծեծել են լրագրողին: Այստեղ գտնվող այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ուսանողներին եւ համալսարանի աշխատակիցներին հաջողվել է կասեցնել բռնությունը: Ծեծից հետո լրագրողի մոտ արյունահոսություն է սկսվել: Շամշյանին «Շտապ օգնության» ավտոմեքենայով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են միզուղիների վնասվածք եւ ներքին արյունահոսություն: Լրագրողին տեղավորել են վերակենդանացման բաժնում, այնուհետեւ` նշանակել ստացիոնար բուժում: Մարտի 19-ին Գագիկ Շամշյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Համաձայն ՀՀ ոստիկանության 2009 թվականի մարտի 16-ի հաղորդագրության` Կենտրոն համայնքի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ Քրեական օրենսգրքի 164 («Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը») եւ 118 («Ծեծը») հոդվածներով: Մասնավորապես, հաղորդվում էր, որ բերման են ենթարկվել, ապա չբացակայելու ստորագրությամբ ազատ արձակվել լեզվաբանական համալսարանի պահպանության ղեկավարն ու երկու աշխատակիցները: Հուլիսի 14-ին քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ ԱԺ կողմից 2009 թվականի հունիսի 19-ին ընդունված համաներման ակտի կիրառմամբ:

Լրագրողը ընդդիմադիրներին էլ է խանգարում

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2009 թվականի տարեկան զեկույցում նշված է, որ օգոստոսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի Շիրակի մարզ կատարած այցելության ժամանակ միջադեպ է տեղի ունեցել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ: Հայհոյանքներով լրագրողի վրա է հարձակվել ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ փորձել է խլել լուսանկարչական խցիկը: Քաշքշոց է սկսվել, որը դադարեցվել Լեւոն Տեր-Պետրոսյանին ուղեկցող Հայ ազգային կոնգրեսի անդամների եւ այլ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջամտությունից հետո: Գագիկ Շամշյանի ենթադրությամբ` Արարատ Զուրաբյանին բարկացրել էր կամ այն, որ ինքն առաջին նախագահի հետ կադրում չի հայտնվել, կամ էլ այն, որ լրագրողը ներկաներից մեկին առաջարկել է Տեր-Պետրոսյանի հետ լուսանկարվել Շիրակի մարզի դարպասների ֆոնին: Հաջորդ օրը լրագրողը բոյկոտել է ՀԱԿ-ի առաջարկը` լուսաբանել Վանաձոր կատարելիք նույնատիպ այցելությունը: Միջադեպի մասին Գագիկ Շամշյանն ինքն է տեղեկացրել Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի «թեժ գծի» հեռախոսով: Մյուս կողմի տեսակետին նույնպես ծանոթանալու համար ԽԱՊԿ-ն պաշտոնական նամակ է հղել Արարատ Զուրաբյանի հասցեով` խնդրելով բացատրել կատարվածի պատճառները: Սակայն ՀՀՇ ղեկավարը ինչպես այդ նամակին, այնպես էլ մի շարք ԶԼՄ-ների նույնատիպ հարցումներին այդպես էլ չի պատասխանել:

2010-ին բռնությունները շարունակվում են

Վագրի տարին Գագիկ Շամշյանի համար բռնությունների առումով չտարբերվեց նախորդ տարիներից: Հունվարի 10-ին կայացած թիվ 10 ընտրատեղամասում պատգամավորության ընտրությունների ժամանակ նրա վրա էին հարձակվել քաղաքացիական համազգեստով մի քանի անձինք, հարվածել են, սպառնալիքներ տեղացել և հայհոյել: Վերջիններս նաեւ փորձել են խլել լուսանկարչական ապարատը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter