HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում 10 տարվա ընթացքում անպտղությունը նվազել է 2 անգամ»

«ՄԱԿ-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքը ցույց է տվել, որ 2000 թվականին անպտղությունը Հայաստանում 32 տոկոս էր, իսկ հիմա` 16 տոկոս»,- այսօր «Դե Ֆակտո» մամուլի ակումբում լրագրողներին հայտնեց Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, պրոֆեսոր Ռազմիկ Աբրահամյանը:

«Անպղությունը կանանց մոտ քիչ ավելի շատ է տոկոսային հարաբերությամբ, սակայն տղամարդիկ էլ քիչ թիվ չեն կազմում, եւ ասել, թե ամուսնության ժամանակ միայն կինը պետք է գնա բժշկի, ճիշտ չէ: Երկուսն էլ պիտի գնան բժշկի եւ պարզեն, թե ում մոտ է խնդիրը: Ես կոչ եմ անում մեր տղամարդկանց լինել նախաձեռնող եւ առաջինը դիմել բժշկի: Տղամարդկանց մոտ անպտղության առկայության պարզելը տեւում է մի քանի ժամ, իսկ կանանց մոտ` մի  քանի ամիս»,- ասաց ԱՆ Մոր եւ մանկան բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Ավագյանը: Բժիշկները չբացառեցին, որ էկոլոգիական աղտոտվածությունը կարող է անպտղության պատճառ դառնալ. «Մեր երկրում կա յոդի դիֆիցիտ, որի պատճառով առաջանում է վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարում, ինչն էլ բերում է անպտղության: Սակայն հիմա արդեն խստագույնս վերահսկվում է այս ոլորտը, մասնավորապես` սննդի աղի արտադրությունը»,- ասաց Կանանց առողջության կենտրոնի տնօրեն Կարինե Սարգսյանը: Նրա խոսքերով` սեռավարակները, էկոլոգիական աղտոտվածությունը, ալկոհոլը, ծխախոտը, մրսածությունը, կանանց մոտ` հղիության արհեստական ընդհատումները եւ այլ հիվանդություններ կարող են անպտղության պատճառ դառնալ: Հետեւաբար, դրանից խուսափելու համար նա խորհուրդ է տալիս ամեն ամիս այցելել բժշկի: «ՀՀ ԱՆ-ը մշակել է ծրագիր, որ բոլոր դպրոցներում, 15 տարեկանից սկսած, մանկաբույժի եւ գինեկոլոգի ներկայությամբ, նորագույն տեխնոլոգիաների միջոցով զննեն դեռահասներին, քանի որ պատահում է նաեւ ներքին սեռական օրգանների բացակայություն, օրինակ` արգանդի, ուստի շատ կարեւոր է դեռահասների` բժիշկ-գինեկոլոգին այցելելը: Նույնը վերաբերում է նաեւ նրանց, ովքեր սկսում են սեռական կյանքով ապրել»,- ասաց Ռազմիկ Աբրահամյանը: Անդրադառնալով ծնելիությանը` նա ասաց, որ 2 տարվա ընթացքում արձանագրվել է ծնելիության 7 տոկոս աճ. «Եթե 2007-2008թթ եղել է 40.000 ծնունդ, ապա 2009-ին այդ թիվը դարձել է 43.000»: Անդրադառնալով հղիության ընթացքին եւ հետծննդաբերական շրջանին` նա ասաց. «Հայաստանի բոլոր ծննդատների դռները բաց են ազգաբնակչության առաջ: Հղիության ողջ ընթացքում եւ դրանից հետո, ներառյալ վիրահատական ծննդաբերության բուժօգնությունը, կատարվում է անվճար»: Մարիամ Մուղդուսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter