HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սնունդն ու ջուրը չեն բավականացնում Հաիթիի ժողովրդին

Մոտ 500 հազար հաիթեցի է հավաքվել մայրաքաղաք Պորտ-օ-Պրինսի ավերված նախագահական պալատի մոտ կառուցված ժամանակավոր ճամբարում: Նրանք բոլորը անօթևան են մնացել հունվարի 12-ին Հաիթիում գրանցված 7 մագնիտուդով ավերիչ երկրաշարժի հետևանքով: Ամբողջ մայրաքաղաքով մեկ, ինչպես նաև Հաիթիի` երկրաշարժից ավերված այլ վայրերում կառուցվել են նմանատիպ ճամբարային ավաններ, որտեղ բնակիչները բերել են իրենց այն իրերը, որոնք կարողացել են փրկել:

BBC-ն հայտնում է, որ ԱՄՆ-ի ռազմական օդանավերը սկսել են սնունդ և ջրի պաշարներ նետել Հաիթիում: Օդանավերը արդեն 14.000 օրապարեն և 15.000 լիտր ջուր են նետել Պորտ-օ-Պրինսի հյուսիս-արևելքում: CNN-ը հայտնում է, որ նախորդ օրը ավելի քան 233.000 շիշ ջուր և 140.000 օրապարեն է բաժանվել հաիթեցիներին: Սակայն սա բավարար չէ երկրաշարժից տուժած 3,5 միլիոն մարդու համար: Երկրաշարժից տուժածների համբերությունը հատում է: «Մենք ուտելու ոչ մի բան չունենք: Մենք անգամ խմելու ջուր չունենք»,- ասել է մի կին: Շատերին այլ բան չի մնացել անելու, քան աղոթել և սպասել: Տղամարդիկ անօգնական խմբվել են` հետաքրքրվելով, թե երբ է օգնությունը հասնելու: Դեռահասները, երբ լսում են, որ ինչ-որ տեղ ջուր կամ սննդամթերք կա, նետվում են այդտեղ: Հիմնականում նրանք դատարկաձեռն են վերադառնում: Երեխաներն այլ բան չունեն անելու` բացի աղբի հետ խաղալուց: Նրանց մայրերը նստել են շարժական գազօջախների մոտ` կրակի վրա թափահարելով սպվարաթղթի կտորները: Ամենուրեք աղբակույտեր են ու գարշահոտ: Երբ մութն ընկնում է, բնակիչները հավաքվում են թռթռացող մոմի լույսի տակ ու հոգևոր երգեր են երգում: Երբեմն հեռվում կրակոցներ են լսվում: Նրանք պառկում են քնելու պատառոտված ներքնակների կամ ստվարաթղթե արկղերի վրա: Նրանք հույս ունեն, որ վաղը ավելի լավ օր կլինի: Մինչ փրկարարական աշխատանքները շարունակվում են, ճամբարային ավաններում նոր վտանգներ են առաջացել: «Այսօր մենք կրկնակի աշխատանք ունենք: Սրանք նոր տարածքներ և նոր մարդիկ են, որոնց մենք պետք է պաշտպանենք: Սա անվատանգության մեկ այլ տեսակ է, որը մենք պետք է ապահովենք: Սա ամենաբարդ բանն է»,- CNN-ին ասել է Ազգային ոստիկանության պետ Մարիո Անդրեսոլը` հավելելով, որ ոստիկանությունը աշխատակիցներ է բերում երկրի այլ մասերից: Անդրեսոլի խոսքերով` Պորտ-օ-Պրինսի ոստիկանական ուժերի 4000 աշխատակցից մոտ 1500-ն է աշխատում. մնացած ոստիկանները մահացել, վիրավորվել կամ անհետ կորել են: Ավելին, մայրաքաղաքի 95 տարվա հնություն ունեցող և խիստ ծանրաբեռնված Ազգային բանտը փլվել է երկրաշարժից, և բանտում պահվող 4000 հանցագործները փախել են: «Այժմ իրավիճակն արտակարգ է, քանի որ հավանաբար մյուս շաբաթ ավելի մեծ անկարգություններ կլինեն փողոցներում: Հանցագործները կինքնակազմակերպվեն: Եվ հենց նրանք կարող են ամենահիմնական սպառնալիքը լինել ոստիկանության և բնակչության համար»,- ասել է Անդրեսոլը: Ճամբարային ավաններում չափազանց քիչ ոստիկաններ են շրջում: Քաղաքում էլեկտրականություն չկա: Մութն ընկնելուց հետո բնակիչները բարձերի մեջ են դնում իրենց այն իրերը, որոնք կարողացել են փրկել երկրաշարժից, և այդպես էլ քնում են: Բնակիչներից մեկն ասել է, որ իրենց իրերը գողանում են: «Երկրում բանտ չկա: Բոլոր բանտարկյալները դուրս են գալիս: Չգիտես` տվյալ մարդը հանցագո՞րծ է, թե՞ ոչ: Ահա թե ինչու պետք է զգույշ լինել»,- նշել է նա: Որոշ ճամբարային ավաններում բնակիչներին անհամեմատ ավելի մեծ վտանգ է սպառնում: «Գիշերը, երբ բավարար էլեկտրականություն չկա, որոշ մարդիկ փորձում են բռնաբարել կամ սպանել բնակիչներին, գողանալ նրանց իրերը»,- ասել է Անդրեսոլը: Հաիթիի ոստիկանությունը բավարար սարքավորումներ և հնարավորություն չունի` ճգնաժամը հաղթարելու համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը այցելել է Հաիթի և համբերատարության կոչ արել: Հաիթիում ՄԱԿ-ի 9000 խաղաղապահ կա, որից 3000-ը` մայրաքաղաքում: Բան Կի Մունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին խնդրել է ևս 3500 խաղաղապահ ուղարկել Հաիթի` «անվատագությանն ապահովելու և օգնելու, որ մարդասիրական օգնությունը անվտանգ ձևով տեղ հասնի»: Սակայն անվտանգությունը ընդամենը մեկն է առաջնային անհրաժեշտության այն պահանջներից, որ վրաններում ապրող հաիթեցիները ունեն: Նրանք սպասում են սննդի և բժշկական օգնության: «Հաիթիի ժողովուրդը օգնության կարիք ունի: Արագացրեք, արագացրեք, մեզ օգնություն է անհրաժեշտ»,- լաց լինելով` բղավել է մի կին: Մայրաքաղաքի հրապարակի մեկ այլ մասում մի ծերունի, հանգիստ նստած, Աստվածաշունչ էր թերթում: «Իմ վիճակը շատ վատ է, շատ վատ: Միայն Աստված գիտի այդ մասին: Աստված կարող է օգնել ինձ: Աստված կարող է ամեն ինչ անել ինձ համար»,- ասել է ծերունին: Հունվարի 18-ին Պրոտ-օ-Պրինսում մի քանի հարյուր հաիթեցի հարձակվել են վնասված պահեստի վրա և կողոպտել այն` ի նշան աճող հուսահատության: Մի քանի կողոպտողների միջև կռիվ է ծագել: Ոստիկանությունը օդ է կրակել` հուսալով վերջ տալ միջադեպին, որը մոտ մեկ ժամ է տևել: Արդյունքում պահեսը ամբողջովին կողոպտվել է, իսկ ամբոխը գնացել է մեկ այլ պահեստ: Որոշ մարդիկ ուտելիք են գնել կողոպողներից: Ոմանք հույս ունեն, որ ուտելիքն ավելի թանկ գնով կվաճառեն: Անդրեսոլը կանխատեսել է, որ նավահագիստը, որը վնասվել է երկրաշարժից, մինչև շաբաթվա վերջ կսկսի աշխատել «որոշակի հզորությամբ»: Ըստ նրա` հիվանդանոցային պարագաների պակասը ևս որոշ չափով կմեղմվի շուտով: Իսրայելը, Արգենտինան, Ռուսաստանը, Պորտուգալիան շարունակում են շարժական հիվանդանոցներ ուղարկել Հաիթի: Հյուսիսային Հաիթիի հիվանդանոցներում ազատ մահճակալներ կան, սակայն Պորտ-օ-Պրինսից վիրավորներին այստեղ բերելու հնավորություն չկա: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչի ասել է. «Իմ վիրաբուժները նստած իրար վրա են նայում` հետաքրքրվելով, թե ինչու են այստեղ եկել»: Դեռևս պաշտոնական հայտարարություն չի եղել, թե ընդամենը քանի մարդ է զոհվել աղետալի երկրաշարժի հետևանքով: Ըստ նախնական տվյալների` միայն Պորտ-օ-Պրինսում զոհերի թիվը տատանվում է 100.000-ից 150.000-ի միջև: CNN-ը հայտնում է, որ զոհերի մարմինների մեծ մասը, որոնք կուտակվել էին Պարտ-օ-Պրինսի փողոցներում, արդեն տարել և թաղել են եղբայրական գերեզմանոցներում: Լուսանկարը` www.cnn.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter