HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիգրան Սարգսյան. «Առջեւում կան լուրջ վտանգներ ու մարտահրավերներ»

Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։ Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը։

Կառավարության մամլո ծառայության փոխանցմամբ` իր ոգեկոչման խոսքում Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այսօր հիշատակի, մտորումների եւ դասեր քաղելու օր է մեզ համար։ Քսան տարի առաջ մեր հայրենակիցները Բաքվում սպանվել են միայն մի բանի համար, որ նրանք հայ են։ Զոհերի հիշատակը հարգելիս մենք անպայման պետք է շեշտադրենք այս հանգամանքը։ Մտորումները` արդյոք աշխարհով մեկ սփռված հայերն այսօր պաշտպանվա՞ծ են, արդյոք մեր երազանքը` ինքնուրույնաբար տնօրինելու մեր ճակատագիրը, ամբողջությամբ այսօր իրացվա՞ծ է, արդյոք չկա՞ն նոր վտանգներ, նոր սպառնալիքներ, եւ արդյոք մենք երաշխավորվա՞ծ ենք, որ նոր ջարդեր չեն լինելու, որ աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցները չեն հետապնդվելու միայն այն բանի համար, որ նրանք հայ են, որ նրանք ուզում են հայ լինել` անկախ նրանից, թե որտեղ են նրանք ապրում։ Դասը, որ մենք պետք է քաղենք պատմությունից, հետեւյալն է. միակ հուսալի երաշխիքը, որ մենք կկարողանանք լուծել մեր ազգային խնդիրները, եւ որպես հայ ժողովուրդ, որպես ազգ կգոյատեւենք, մեր հզոր, անկախ պետությունն է։ Միակ երաշխիքն այն է, որ մենք պետք է ունենանք ուժեղ Հայաստան, որն ի զորու լինի պաշտպանել իր հայրենակիցներին, իր քաղաքացիներին ամբողջ աշխարհում։ Մեր քաղած դասը նաեւ այն է, որ ազգային խնդիրների շուրջ պետք է լինի համախմբվածություն ու համագործակցություն, որովհետեւ մենք պետք է քաջ գիտակցենք, որ առջեւում կան լուրջ վտանգներ ու մարտահրավերներ։ Այդ ամենը փաստվում է ոչ միայն Բաքվի ջարդերով, որոնք տեղի ունեցան քսան տարի առաջ, այլեւ այսօրվա իրողությամբ` Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությամբ, որը քարոզում է ատելություն հայերի նկատմամբ։ Դա նշանակում է, որ պարտավոր ենք աչալուրջ լինել։ Հարգելով անմեղ զոհերի հիշատակը` պետք է քաջ գիտակցենք մեր ազգային խնդիրների լուծման բանաձեւը հայկական աշխարհում։ Դա ազգային պետականության ամրապնդումն է, հզոր, ուժեղ, անկախ, ազատ Հայաստանի Հանրապետությունն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter