HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերջին ապացույցը

Լեւոն Բարսեղյան

Ես երեխա էի, 70-ականներն էր: Գյումրու Կինո Երեւանին հարող մի քանի շենքերի բակերից մեկում եմ մեծացել ու այդ մեծ թաղում մեծուփոքր միմյանց գիտեին: Հիշում եմ, որ ամեն օր մի տարեց, ալեհեր մարդ կոստյում-փողկապով անցնում էր բակով ու մտնում իրենց շքամուտքը: Թաղում նարդու սեղանի տղամարդիկ, պատշգամբներից կախված պարապներն ու բրդի պառավները այդ 1-2 րոպեն մի քիչ սսկվում էին, լռելու պես էին լինում ու իրար հետ ինչ-որ բան էին փսփսում, ես փոքր էի` մի 5-8 տարեկան, բայց լավ հիշում եմ, որ ամեն անգամ տղամարդիկ` նրան չտեսնելու տալով եւ շատ լավ տեսնելով, քթների տակ հայհոյանք էին քրթմնջում. էլ` ծնող, էլ` լավ, էլ` սորտ, էլ` բալեք…

մերոնց էլ` աստված ճոռթած բերան տվել ու չէր խնայել: Պառավները ծածուկ գրող էին չափում ետեւից, անապացուցելի` գրող: Ես տատիս ու մեծ հորաքույրներիս բզում էի թե` ի՞նչ եղավ, էդ ի՞նչ բան է, ընկերներով չէինք հասկանում, շաաա~տ էինք ուզում հասկանալ, թե էդ մարդն ի՞նչ էր արել ամբողջ թաղին: Մարդու չէր բարեւում, կամ բարեւում էր` չէինք նկատում, պատկառելի տեսք ուներ, ազգանունը գիտեինք միայն` շքամուտքի տախտակից, եւ մեր` երեխաներիս խաղն էլ էր այդ երկու րոպեներին սառում, մինչեւ անց կկենար, մտներ իրենց երրորդ «պաձեզդը»: Խաղընկերներիս տան մեծերն էլ իրենց չէին ասում, թե բանն ինչ էր: Այս մարդու մեռնելուց հետո միայն մերոնք բացվեցին այնքան, ինչքան կարելի էր բացվել 10-11 տարեկան երեխային, համառոտ ու զուսպ, ասացին միայն, որ Ստալինի ժամանակ շատերի գլուխն է կերել «էդ գլխակեր շունը»: Մնացած հարցերին չպատասխանեցին: Մեծացանք` կարդացինք` հասկացանք: 2010-ի հունվարի 19-ին մի քանի րոպե կեսօրից անց, դատավոր աշխատող Մարտիրոսյան Մնացականը հրապարակեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի գործով դատավճիռը: Դատարանը Փաշինյանին մեղավոր ճանաչեց «Զանգվածային անկարգություններ կազմակերպելու» մեջ (ՀՀ Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մաս) եւ դատապարտեց 7 տարի ազատազրկման: «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» մեղադրանքի մասով (ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մաս) դատավոր աշխատող Մնացականը «բարեհաճ» եղավ եւ այս մասով Նիկոլն արդարացվեց: Դատաքննության վերջին նիստի ժամանակ մեղադրող դատախազ աշխատող Փիլոյան Կորյունը 225-րդ հոդվածի մասով դատավոր աշխատողից պահանջել էր 6 տարի ազատազրկում, իսկ 316-րդի մասով` 2,5 տարի: Սակայն Նիկոլ Փաշինյանին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչելով միայն 225-րդ հոդվածի 1-ին մասով: Կորյունը դատարանում չէր, ասում են վատառողջ լինելու պատճառով. դժվար գործի է, հասկանալի է, շատերը հույս ունեն, որ չի ապաքինվի: Դատավոր Մացոն իր շղթայի շրջանակներում, փաստորեն, ինքնագործունեություն է ցուցաբերել ու «համ` շիշը, համ` նալը» բանաձեւի շրջանակներում, ճիշտ է, հիվանդի 8 տարվա պատվերը լիովին չի կատարել, բայց պատվերի առաջին մասը` գերակատարել է, «անկարգություններ կազմակերպելու» մասով հանձնարարված 6 տարվա փոխարեն` 7 տարի է տվել: Սա արել է, որ իր կարծիքով ցույց տա, թե ինքն անկախ դատավոր է …. Չի կարելի ծիծաղել: Ամենագլխավորը. Նիկոլի հանցանքը չի ապացուցված: Բայց դատավոր աշխատող մարդը, չգիտես ինչ հիմքով ներշնչվել է, թե իրեն կմոռանան: Մացոն գործից հրաժարվել չէր կարող, թե չէ` կհրաժարվեր: Եթե հրաժարվեր, գիտեր, որ Փիլոյանն էր դատավոր դառնալու եւ իրեն դատելու էր… սահմանադրական կարգին սպառնացող դիվերսիոն անգործության մեղադրանքով: Փիլոյանն էլ, մեղադրող տեղով իմանալով, որ Նիկոլն անմեղ է, մեղադրելուց հրաժարվել չէր կարող, հրաժարվեր` Նիկոլից առաջ կդատեին… Եթե կասկածողներ կան` գրեք ինձ, զվարճանանք մի քիչ: Եթե կասկածողներ չկան` ուրեմն պետությունը զավթված է: Այսպես կոչված համաներմամբ, զավթիչները իրենց նախատեսածից չափազանց շատ մարդ էին ստիպված եղել բաց թողնել, Եվրոպայում ամենքը չէ, որ կաշառվում են, համաներում էլ էր պետք: Իսկ հիմա պատանդների թիվն ավելացնել էր պետք: Կարծում են, թե պետք է գալու: Վերաքննիչը մի 6-6,5 տարի կսարքի` Ուռուտյանի գործի պես, վճռաբեկը կարող է բեկանի, կարող է չբեկանի: Ինը` մեկի դեմ, որ չի բեկանի: Այդ մեկը երկար պատմություն է, Նիկոլի արժանապատվությանը եւ կամքին վայել ջանքեր պիտի ներդնեն նրանք, ովքեր ռեժիմի կամակատարները չեն, որ ինը հնարավորից այդ մեկ անհնարինը տեղի ունենա: Բայց սա առանձին խոսելիք է: Զավթիչների ռեժիմը իր մեթոդները չի թարմացնում, ճիշտ է, երբեմն-երբեմն նոր բաներ հորինում են, բայց հիմնականում նույն ու հին մեթոդներն են ու երգերը հին. իշխանությունը ժողովրդից ավելի լավ գիտե ժողովրդի լավը, ով համաձայն չէ ռեժիմին` փիլոյան-մացոններով է գնալու, ասացինք` ժողովրդավարություն, հո չզոռեցինք, բոլոր երկրներում էլ կոռուպցիա կա, ժողովրդավարությունը չափավոր պիտի լինի, այլապես կվնասի ազգային անվտանգությանը, այն էլ մեզ նման` թշնամիներով շրջապատված երկրի դեպքում, ազատությունները չեն կարող բացարձակ լինել… ահա այս երգերն են, որ նախկինում քողարկված, իսկ այժմ` կամաց-կամաց բարձրաձայն երգվում են զավթիչների ծարբազանների ձայնալարերով, շուտով` իրենք զավթիչներն էլ կերգեն, որովհետեւ մտահոգություններն են աճելու: Հիմա շատերս Նիկոլ ենք` տարբեր բանտերում: Մի ամբողջ խումբ էլ` մացո-մուցո-փիլոյան: Մենք չենք թերագնահատում ոչ զավթիչներին, ոչ նրանց ծարբազաններին, ոչ էլ մացո-մուցո-փիլոյաններին: Բայց մենք ավելի Նիկոլ ենք, քան նրանք` զավթիչ: Զավթիչները ինքնակազմակերպվում են, խորամանկ են, լկտի, երկերեսանի, ռեժիմի ամրապնդման համար համապատասխան օրենքներ են սարքում ու կառույցներ ձեւավորում, եղած օրենքները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է հարմար, մեր փողերով պահում են իրենց զավթիչ համակարգը, հալածում, սպանում ու բանտարկում նրանց հետ անհամաձայն մարդկանց: Ճիշտ այնպես, ինչպես բոլոր հակաժողովրդական ռեժիմներում: Հիմա արդեն ավելի քան հստակ է. մենք ենք ու իրենք: Կողմնորոշվեք. հաջորդ կանգառը անհայտ է: Այս վճիռը բազմահազար անտարբերների գլխին քացով է իջնելու եւ խելքի է բերելու. եւ եթե առաջ «նախկինների չարագործությունները» ինքնալլկում ու կամքի խցանում արած, աջ քաշած գոյություն էին քարշ տալիս, հիմա հասկանալու են, որ այլեւս իրենց ընտրությունը սմքել-սպառվել է «արտագաղթ կամ կզարան» խաչմերուկում: Քաղաքական հայացքների եւ գործունեության համար բանտերում գտվելու յուրաքանչյուր օր գնում է Հայաստանի կյանքից, հալում է Հայաստանի կենսունակությունը, այսպես զավթիչները հալածում ու մաշում են երկիրն ու պետություն կոչված համակարգը, որ մարդկանց բարեկեցություն եւ երջանկություն ապահովելու համար պիտի լիներ ու ոչ այլինչի համար: Կամավոր եկած ու ռեժիմին հանձնված, թեկուզ տեսականորեն արդարադատություն ակնկալած մարդուն առանց հանցանքի ապացուցման ազատությունից զրկելը, անկախ դրա ցինիկ պատճառաբանություններից, վերջին, անհրաժեշտ եւ բավարար ապացույցն է այն բանի, որ Հայաստանում իշխում է օկուպացիոն ռեժիմը: Սա ոչ թե կարգավորված ժողովրդավարություն է, սա ոչ թե ինքնիշխան ժողովրդավարություն կամ անցման ժամանակաշրջան է, այլ լիակատար զավթված պետություն: Մեր ու մերոնց կյանքը, ապագան, առողջությունը, հույսերը, երազանքներն ու կայքը ուղղակիորեն կախված է ռեժիմից ազատվելու ժամկետների հետ, ինչքան ուշ, այնքան` անհնարին, ինչքան ավելի ուշ, այնքան` ավելի անհնարին: Ռեժիմը տիրապետում է ահռելի միջոցների, ֆինանսական, տնտեսական, վարչական, ուժային, քրեական, լրատվական եւ այլն: Ռեժիմի դեմ ընդվզողների եւ պայքարողների ռեսուրսները անհամեմատ նվազ են: Ընդամենը մեկ բան ունենք, որ չունի ռեժիմը եւ չի էլ կարող ունենալ. ազատության պաշտամունք: Այս իմաստնությունն է, որ կարող է քանդել ու լույս բացել մեր խավարում: Նիկոլը մեկն է նրանցից, ով վստահաբար գիտե, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, եւ, եթե դա այդպես չէ, ուրեմն հարկավոր է այն վերադարձնել ժողովրդին: Բարեկեցության, ազգային անվտանգության, արժանապատվության եւ հզորության այլ ակունք չկա, քան հանրության կամքը եւ այդ կամքով ձեւավորված իշխանությունը: Կատաղի, ընդդիմադիր, փիլիսոփայական, հեզաճկուն, ժամանակավրեպ, զառամյալ, ծովից-ծով եւ անգամ կամակատար քաղաքական ուժերը պարտավոր են վերջիվերջո ետ նայել, կողքուբոլորը, ոտների տակ, սթափվել, գլուխները պատերով տալ, պատերը` գլուխներով, կռահել, որ ամնեզիան շատ երկար տեւել չի կարող, հասկանալ, թե ուր է գլորվել մեր երկիրը, շուտափույթ ելքեր որոնել, ստանալ ժողովրդի համաձայնությունը եւ սկսել քաշել-հանել երկիրն այն կոյուղու միջից, ուր թաղվել ենք մինչեւ կոկորդներս, մինչեւ ականջներս, մինչեւ վարդապետի խազը: Նիկոլի եւ մյուս 15 քաղբանտարկյալների բանտի յուրաքանչյուր օր առավել ամոթալի է դարձնում մեր համաշխարհային խայտառակությունն ու մեր նկարագիրը հաջորդների առաջ. հինգհազարամյա~, քրիստոնյա~ ու զահրումա~ր… երբ բոմժերը միլիարդատեր են արթնանում, իսկ նրանց գոյությունն ապահոված մարդիկ քնում են բանտերում, երբ աստծո ծառաները խայտանքով թռչկոտում են զավթիչների շուրջը, իսկ ավազակները տաճարներ են կառուցում Տիրոջ համար: Կարծում են, թե ինդուլգենցիան դեռեւս մուտքի տոմս է...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter