HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

 

Անտեղյակը

ՀՀ ոստիկանության «Հայկական ժամանակի» աղբյուրները տեղեկացնում են, որ այս տարվա հունվարի 10-ին թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններին առնչվող քրեական գործերի քննության ընթացքում բավական ուշագրավ իրավիճակ է ստեղծվել:

Թիվ 10/09 տեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի վստահված անձանց` Պ. Մակեյանի, նրա արդու` Կ. Մակեյանի, և Ս. Մարտիրոսյանի վրա հարձակման և նրանց ծեծի ենթարկելու դեպքի պաշտոնական վարկածով, իբր, վերջիններս իրենք են վեճի բռնվել պատգամավորության իշխանական թեկնածու Ա. Սիմոնյանի վստահված անձ Տ. Մուրադյանի հետ: Մեր տեղեկություններով` ոստիկանությունում համոզվել են, որ իրենց հաղորդում տված Տիգրան Մուրդյանը ոչ միայն դեպքի ժամանակ, այլ նաև քվեարկության ողջ օրը թիվ 10/09 տեղամասում չի եղել: Փաշինյանի վստահված անձանց վրա հարձակված սափրագլուխներին թաքցնելու նպատակով առաջին ոստիկանությանը հաղորդում տված անձը իրականում բանից անտեղյակ է և անգամ չգիտի` թիվ 10/09 ՏԸՀ նախագահը տղամա՞րդ է եղել, թե՞ կին:

Հեգնանքը զլմ-ներում պետք չէ դիտարկել իբրև վիրավորանք

ԵԽԽՎ-ում հունվարի 27-ին քննարկվելիք «Հարգանք` զլմ-ների ազատության հանդեպ» զեկույցին կից երաշխավորությունների նախագծով առաջարկվում է, որ Վեհաժողովը վերահաստատի` վիրավորանքի ու զրպարտության մասին օրենսդրությունը չպիտի կիրառվի լռեցնելու համար քննադատական և հեգնական մեկնաբանությունները զլմ-ներում: Նախագծի մեկ այլ կետով Վեհաժողովն անհանգսռտություն է հայտնում, որ անհամաչափ մեծ տույժեր են կիրառվում զլմ-ների նկատմամբ. «Կառավարության անդամները և խորհրդարանականները չպետք է օգտագործեն իրենց քաղաքական ազդեցությունը` լռեցնելու քննադատական մամուլը»:

Մարքսիստը քաղաքական ապաստան կխնդրի

«Եթե ՍԴ-ն Վարչական դատարանի այս ապտակը չի ընդունի և նորից կզբաղվի իշխանագողության պարտակմամբ, ես կդիմեմ ծայրահեղ քայլի»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարել է մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Այն է` «ամբողջ աշխարհին կհայտարարեմ, որ այն պետությունը, որի պետական լծակների մոտ կանգնած են քրեական, քաղաքական, պետական հանցագործները, ես չեմ ուզում լինել այդ պետության հպատակը: Կդիմեմ այլ երկրի` քաղաքական ապաստան խնդրելու: Անդրանիկի նման կթքեմ ու կհեռանամ քաղաքականությունից ու երկրից: Առայժմ: Կվերադառնամ Քրիստոսի երկրորդ գալստյան և ահեղ դատաստանի օրը»:

ՍԴ որոշումը փրփո՞ւր էր

«Թուրքիան ցանկանում է կախվել փրփուրներից»,- մեկնաբանելով ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը` ասել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «ՉԻ» - Մի անգամից ասենք` այնքան էլ հաճելի չէ, որ իշխող կուսակցության մամուլի խոսնակը սեփական երկրի Սահմանադրական դատարանի որոշումն անվանում է «փրփուր»: Փաստորեն, ըստ Էդուարդ Շարմազանովի, ստացվում է, որ մեր ՍԴ-ն հենց այնպես դատարակ որոշում է ընդունել, և Թուրքիայի իշխանություններն իզուր էլ «բանի տեղ են դրել» այդ փաստաթուղթը: Իրականությունն այն է, որ եթե հայ-թուրքական արձանագրություններում նախապայմաններ չկան, (ինչպես պնդում է Սերժ Սարգսյանը), ՍԴ-ն պիտի ոչ թե «ռոմանտիզմի գիրկն ընկներ» և պոպուլիստական որոշում ընդուներ, այլ ընդամենը հայտարարեր, որ արձանագրությունները չեն հակասում ՀՀ Սահմանադրությանը, և վերջ: Այդ դեպքում Թուրքիան «փրփուրներից կառչելու» հնարավորություն չէր ունենա: Իսկ հիմա ստացվում է, որ հանուն ներքին քարոզչական խնդիրների` Հայաստանի իշխանությունները կարգին օգնել են Թուրքիային: Տեսնեք ինչո՞ւ է միշտ այդպես ստացվում:

Հրեական մոտեցում

ԱՄՆ-ում հրեական ազդեցիկ կազմակերպություններից մեկի` «Հակաանվանարկման լիգայի» տնօրեն Ջես Հորդզը հայտարարել է, որ «իրենք չեն ժխտում Հայոց ցեղասպանության փաստը, բայց դրա ճանաչումը նպատակահարմար չեն համարում»: «Մենք շարունակում ենք հավատալ, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, սակայն այս պահին Սենատում կամ Ներկայացուցիչների տանն այդ հարցով բանաձևի ընդունումը մեզ համար օգտակար որևէ խնդիր չի լուծում: Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ հայերի և թուրքերի համար այդ հարցը լուծելու լավագույն ճանապարհը պատմական հանձանժողովի միջոցով առաջ գնալն է»,- հայտարարել է Ջես Հորդզը:

«Կրծած կուկուրուզի» փոխարեն` միջազգային բիզնես կենտրոն

Երիտասարդական պալատի տեղում կառուցվող հյուրանոցային համալիրի և միջազգային բիզնես կենտրոնի համար հայտարարված մրցույթի առաջին երեք տեղը շահած նախագծերը կհրապարակվեն հունվարի 24-ին: Առաջին երեք տեղերը զբաղեցրած նախագծերը համապատասխանաբար կստանան 70, 30 և 15 հազարական դոլար: Մրցույթի պարտադիր պայմաններից մեկն այն է, որ շինությունը պետք է նկատելի լինի փողոցի բոլոր հատվածներից:

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը վթարի է ենթարկվել

Բաքվում վթարի է ենթարկվել Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինը: Պատահարը նախօրեին տեղի է ունեցել Բաքվի ֆաթալի Խանոխոյսի փողոցում: Բաքվի բնակիչ Էլնուր Աբդուլաևն անձնական օգտագործման «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով բախվել է դեսպանի «Մերսեդես» ավտոմեքենային: Պատահարի ժամանակ Վլադիմիր Դորոխինը եղել է մեքենայում, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել: Լուրջ վնաս է հասցվել սպասարկող մեքենային: Պատահարի պատճառները դեռևս անհայտ են: Վլադիմիր Դորոխինի անունը հիշատակվել է, երբ ANS լրատվական գործակալությանը հարցազրույց տալով` նա ընդգծել էր, թե Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները կապված չեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter