HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետևողական նենգության քաղաքականությունը

Երբ Թուրքիայի իշխանության բարձրագույն ներկայացուցիչները` նախագահը, վարչապետը և արտգործնախարարը, ամեն քաղաքական խաչմերուկում հայ-թուրքական արձանագրությունները, (որոնց չարաբաստիկ լինելն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում) պայմանավորում էին «Լեռնային Ղարաբաղի հարցում առաջընթացով», մեր իշխանությունները կամ լուռ էին կամ ասում էին, որ այդ հայտարարությունները «ներքին լսարանի համար են»:

Իհարկե, նման պնդումը նախատեսված է մանկամիտների համար, քանի որ միջազգային իրավունքը (մասնավորապես Պայմանագրերի օրենքի մասին Վիեննայի կոնվենցիայի 7-րդ հոդվածի 2(a) կետը) հստակորեն ամրագրել է ցանկացած երկրի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի անվերապահ իրավունքները արտաքին քաղաքականության բնագավառում: Այսինքն` արտաքին քաղաքականության բնագավառում նրանց լիազորություններն այնքան լայն են, որ առանց լրացուցիչ լիազորությունների իրավասու են երկրի անունից պայմանագրեր ստորագրելու, ուր մնաց, հայտարարություններ անելու: Կարճ ասած, այս երեք պաշտոնյաների հայտարարությունները երբեք չեն կարող դիտարկվել «միայն ներքին օգտագործման համար»: Հիմա տեսնենք` ի՞նչ ունենք այսօր: Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը, համաձայն մեր երկրի Սահմանադրության պահանջի, որոշում է ընդունել մեր երկրի արտգործնախարարի ստորագրած երկու արձանագրության վերաբերյալ: Տվյալ դեպքում իրավացիորեն կարող ենք ասել «ներքին օգտագործման համար», քանի որ որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումն առանց վավերաթղթերի (instruments of ratification) մեջ ներառվելու, չունի որևէ կիրառություն և նշանակություն միջազգային հարաբերությունների մեջ: Ուրիշ հարց, որ ՀՀ նախագահը պարտավոր է Սահմանադրական դատարանի որոշման իրավական դիրքորոշումը հաշվի առնել, և նրա ներկայացուցիչն էլ պարտավոր է խնդրո առարկա արձանագրություններն արդեն վերապահումներով ներկայացնել Ազգային ժողովի վավերացմանը: Դա չանելը նշանակում է չկատարել դատարանի որոշումը: Այն դատարանի, որի որոշումը պարտադիր է և՛ ՀՀ նախագահի, և՛ ՀՀ արտգործնախարարության համար: Այսուհանդերձ, ՀՀ Սահմանադրական դատարանի ինքնին որոշումը բնավ կապ չունի որևէ օտար երկրի հետ: Դա մեր իրավունքն է և մեր Սահմանադրության պահանջը: Դա մեր ներքին գործն է: Թուրքական դիվանագիտությունն ունի մի շարք բնութագրիչներ: Կան բաներ, որոնք արժանի են ընդօրինակման: Օրինակ, համարժեք միջոցների տրամադրումը` ըստ արտաքին գերատեսչության առջև ծառացած խնդիրների: Թուրքիայի Հանրապետությունն անգամ իր ստեղծման առաջին ծանրագույն տարիներին խորթ զավակի տեղ չի դրել արտգործնախարարությանը: Սակայն թուրքական դիվանագիտության ամենից ակնառու գիծը հետևողական նենգությունն է: Միշտ պետք է հիշել, որ Թուրքիայի Հանրապետության դիվանագիտության ավանդույթները, դեռևս նրա ճանաչումից առաջ, հիմնվել են պատանդառության և այդ պատանդներին փոխանակելու միջոցով պատերազմի հանցագործներին ազատելու վրա: 1919թ. քեմալականները, ոտնահարելով Մուդրոսի զինադադարով (30 հոկտեմբերի 1918թ.) իրենց երկրի ստանձնած պարտավորությունները, նենգաբար պատանդ վերցրին բրիտանական դիտորդական առաքելությունների ավելի քան վեց տասնյակ անդամների (այդ թվում` նրանց կանանց և երեխաներին, ինչպես նաև Էրզրում բանագնացության մեկնած գնդապետ սըր Ալֆրեդ Ռաուլինսոնին /Sir Alfred Rawlinson/), ապա փոխանակեցին Մալթայում պահվող պատերազմի ավելի քան 150 հանցագործի հետ: Ուսանելի է բանակցությունների և հատկապես դրանց գործադրման ընթացքը: Թեև 1921թ. մարտի 16-ին բրիտանացիներն ու քեմալականները համաձայնագիր էին ստորագրել թուրքերի կողմից բրիտանացիներին «անմիջապես» (immediately) ազատ արձակելու վերաբերյալ (British Foreign Office Dossiers on Turkish War Criminals (ed. By V. Yeghiayan), Le Verne, 1991, p. 470), սակայն վերջին բրիտանացին ազատվեց գրեթե վեց ամիս հետո միայն` 1921թ. հոկտեմբերի 31-ին: Միաժամանակ, չնայած նախնական պայմանավորվածությանը` 64 բրիտանացու դիմաց ազատ արձակել նույնքան թուրքի, վերջում այնպես ստացվեց, որ բրիտանացիները բաց թողեցին բոլորին, դեռ մի բան էլ պարտք մնացին: Իսկ ինչպե՞ս դա եղավ. շատ պարզ: Բրիտանացիներն, ըստ պայմանավորվածության, բաց էին թողնում համապատասխան խմբին, բայց թուրքերը հետևողական նենգությամբ ոչ միայն իրենց խոստումը չէին կատարում, այլև առաջադրում էին նորանոր պահանջներ: Ծանոթ ձեռագիր է, չէ՞: Այսօր դրանք կանվանեինք նախապայմաններ: Հիշո՞ւմ եք թուրքերի հայտարարությունը` «ստորագրելու պահին նախապայմաններ չկային, սակայն այժմ Հայաստանը պիտի առաջընթաց գրանցի Լեռնային Ղարաբաղի հարցում, որպեսզի մեր խորհրդարանն արձանագրությունները վավերացնի»: Սա հետևողական նենգության քաղաքականությունն է գործի մեջ: Ոչինչ չի մոռացվել, ոչ ոք չի մոռացվել: Հավատ ընծայել Թուրքիայի որևէ խոսքի` լինի բանավոր կամ գրավոր, նշանակում է ամեն անգամ կանգնել նույն փոցխի վրա: Այսօրվա Թուրքիան իրականացնում է նույն պատանդառության քաղաքականությունը: Պարզապես այսօր, մի խումբ մարդկանց փոխարեն, Թուրքիան պատանդի վիճակի մեջ է պահում մի ողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ: Դրանով հանդերձ Թուրքիան իրեն իրավունք է վերապահում մեզ դաս տալու: Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը` ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, ուղղակի և լկտի միջամտություն է Հայաստանի Հանրապետության ներքին գործերին: Քանի դեռ այդ դիրքորոշումը սահմանադրական իրավունքի ոլորտից չի անցել միջազգային իրավունքի ոլորտ, այն միմիայն մեր ներքին գործն է: Արդյոք մեր արտգործնախարարությունը երբևէ պաշտոնական հայտարարությամբ հանդես եկե՞լ է Թուրքիայի քրեական օրենսգրքի բարեփոխման անհրաժեշտության վերաբերյալ, առանց որի հնարավոր չի լինելու կյանքի կոչել արձանագրություններով ստանձնվող պարտավորությունները: Փոխադարձության և իրավահավասարության սկզբունքները միջազգային հարաբերությունների հիմնասյուներից են: Եթե Հայաստանի Հանրապետության բարձրագույն իշխանությունները համարժեք պատասխան չտան Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարության հայտարարությունը, կնշանակի` մենք ընդունում ենք Թուրքիայի` մեզ գաղութի տեղ դնելու քաղաքականությունը: Եթե մենք այսօր Թուրքիային իր տեղը չդնենք, վաղն ավելի ենք զղջալու, քանի որ Թուրքիան ակնհայտորեն չի հրաժարվել հետևողական նենգության քաղաքականությունից:

Արա Պապյան Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար 19 հուվարի 2010թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter