HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70-ամյա կինը պայքարում է 100 քմ-ն վերադարձնելու համար

Մեղրի քաղաքի բնակիչ Ջուլիետա Ղահրամանյանի համոզմամբ` իր սիրտ-անոթային անբավարարություն հիվանդության պատճառը տարիներ շարունակ անշարժ գույքի կադաստրի Մեղրի տարածքային բաժնում, համայնքային իշխանությունում, դատական ատյաններում սեփականության իրավունքը վերականգնելու համար ստեղծված քաշքշուկն է, եւ հույս չունի, որ խնդիրը կարող է լուծվել, վերականգնվել կորցրած առողջությունը:

Տարիներն անցնում են, ինքը փաստաբաններ է փոխում, բայց Մեղրիի կադաստրում «խնդիրն այնպես են խճճել, որ հանգուցալուծում չեն կարողանում գտնել»:  Մեղրի նոտարական տարածքում վավերացված ըստ օրենքի ժառանգության իրավունքի  վկայագրով` Ջուլիետա Ղահրամանյանը դարձել է Մեղրի քաղաքի Մ. Օհանջյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 9 բնակելի տան սեփականատեր: Նրան տրված թիվ  1107231 սեփականության իրավունքի վկայականում հողամասի չափը կազմում է  0.03 հա, սակայն, ըստ տիկին Ջուլիետայի, փաստացի տնօրինվում, օգտագործվում է 200քմ:

«100 քմ ինձ պատկանող հողամասը թեեւ ամրագրված է իմ սեփականության իրավունքի վկայականում, սակայն  անշարժ գույքի կադաստրի Մեղրի տարածքային ստորաբաժանման կողմից 30.04.2002 թ. գրանցվել է իմ հողամասի հարեւանությամբ գտնվող սեփականատեր Վանյա Սարգսյանի անվամբ. վերջինիս տալով նաեւ սեփականության իրավունքի համապատասխան վկայական, ըստ որի` նրա հողամասը կազմում է 0,05 հա»,- պատմում է Ջ. Ղահրամանյանը: Վերջինիս խոսքով` դա հակասում է Մեղրիի նոտարի կողմից հաստատված կտակի ժառանգության իրավունքի վկայագրին, որով սեփականությունը, որը Վ. Սարգսյանը ստացել է Ջուլիետա Ղահրամանյանի կեսրոջից, կազմում  է 300 քմ: Այս հանգամանքը, ըստ տիկին Ջուլիետայի, հաշվի չի առնվել անշարժ գույքի կադաստրի Մեղրի տարածքային ստորաբաժանման կողմից, եւ Վանյա Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելու ժամանակ կտակի փոխարենը հիմք է ընդունվել կադաստրային քարտեզագրման արդյունքում կազմված հատակագիծը: Սեփականության իր իրավունքը պաշտպանելու համար 2008 թ. դեկտեմբերին Ջ. Ղահրամանյանը դիմել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ստացել դատավոր Մ. Հովակիմյանի պատասխանը, որտեղ նշվել է, որ «պետական մարմնի գործողության անձի սեփականության իրավունքի խախտման քաղաքացիակական գործն ընդհատյա է ՀՀ վարչական դատարանին»: 2009 թ. փետրվարին սեփականության իրավունքի վկայականն անվավեր ճանաչելու հայցը մերժել է նաեւ Վարչական դատարանը` հղում անելով, որ անհրաժեշտ է դիմել սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով, եւ   սահմանում վեցօրյա ժամկետ: Ջ. Ղահրամանյանը, ով այդ ընթացքում ստացիոնար բուժվում էր մայրաքաղաքում, չի հասցնում նշված ժամանակաընթացքում նոր հայց ներկայացնել: Դատարանը հաշվի չի առնում նաեւ հայցվորի ներկայացրած բժշկական տեղեկանքները:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի Մեղրիի  տարածքային ստորաբաժանման ղեկավար Ստյոպա Կանդազյանը նշում է, որ արդեն երրորդ տարին է, ինչ տիկին Ջուլիետան սեփականության իրավունքի վերականգնման պահանջով պարբերաբար դիմում է իրեն: Նրա միակ բացատրությունն այն է, որ տարիներ առաջ չափագրումը սխալ է կատարվել եւ սխալը «հայտնվել է» նաեւ կտակում: «Նույն հողամասը 1976 թ. գրանցվել է 360 մետր, 1987-ին` 529 մ: Պատճառն այն է, որ փաստացի զբաղվածության չափը ճիշտ չի գրանցվում»,- մեկնաբանում է Ս. Կանդազյանը: Նրա կարծիքով` չափագրման արդյունքների բոլոր շեղումները կապված են այն հանգամանքի հետ, որ նախկինում չափման համար անհրաժեշտ գործիքներ չկային, եւ այսօր Մեղրիում ցանկացած հող, եթե չափվի շեղումներ կգրանցվեն: Թե ինչպես է, որ Մեղրիում նույն այդ շեղումների համար որեւէ այլ քաղաքացի չի դժգոհում, կադաստրի պետը պատասխան չունի, բայց համոզված է, որ Ջ. Ղահրամանյանի խնդիրը, միեւնույն է, չի լուծվելու: Նա հաստատեց նաեւ տիկին Ջուլիետային բողոքն այն մասին, որ անցած տարի ոստիկանություն է զանգել, երբ դիմումատուն կադաստրի պետին պնդել է, համոզել, որ ինքն իրավացի չէ:

Ոստիկանությունում լուրջ չեն վերաբերվել կադաստրի ղեկավարի զանգին, ուստի վերջինս բռնությամբ կնոջը դուրս է հրավիրել կաբինետից: Մեղրիի քաղաքապետի խորհրդական Վարդան Հայրապետյանի կարծիքով` «սեփականության կռվի» շարժառիթը հարազատների միջեւ անձնական հակասություններն են: Այն հարցին, թե ինչպե՞ս են առաջացել հողամասի` կտակում եւ սեփականաշնորհման վկայականում գրանցված չափերի տարբերությունները, փոխքաղաքապետը պատասխանեց. «Կտակողը տարիքով կին է եղել, ի՞նչ գիտեր, թե իր հողամասը քանի քառակուսի մետր է կազմել»: Մեղրի այցելելու օրը փորձեցի հանդիպել նաեւ Վանյա Սարգսյանին, քանի որ, ըստ Ջ. Ղահրամանյանի, վիճարկվող 100 քառակուսի մետր հատվածի պատճառով հարեւանները փակում են իր տան մուտքը, արգելում կից կառույց կառուցել, ամրացնել հենապատերը: Վանյա Սարգսյանի կինը` Հռիփսիմեն, լսելով այցիս նպատակը, միանգամից բորբոքվեց. «Վրես լրագրող են բերել, հա՞... »: Իզուր փորձեցի համոզել, որ ցանկանում եմ նաեւ նրան ու ամուսնուն լսել եւ վերջնականապես հասկանալ, թե որտեղ է մի կաթիլ մեղրի պատմությունը դարձած 100 քմ հողի խնդրի լուծումը: Այդպես էլ անհասկանալի մնաց` 70-ամյա կի՞նն է առողջությունից ձեռք քաշել,  դատարաններում պետական տուրքեր ու փաստաբաններին վճարելով միջոցները քամուն տալով, որդիներին սեփականություն կտակող մա՞յրն է սխալվել` իր սեփականության չափը նշելիս, թե՞ իսկապես կա մի հանգամանք, որի մասին, ինչպես կադաստրի պետն է ասում, «ինքը շատ բան գիտի, բայց չի ասի»: Եվ տեղական իշխանություններին որքանո՞վ ձեռնտու չէ համոզիչ պատասխան տալ Ջուլիետա Ղահրամանյանին, եթե նա իրավացի չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter