HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ

Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով:

Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն ընդունվել էր նույնպես հեռակա կարգով դեռեւս 2008թ. դեկտեմբերին: Ներկայումս նաեւ ընթանում է ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Արամ Բատոյանի նկատմամբ հեռակա դատավարությունը, որը Ջավախքի երիտասարդական մարզամշակութային միության (կազմակերպության ղեկավարը Վահագն Չախալյանն է) կենտրոնի տնօրենն էր: Նրան վրացական իշխանությունների կողմից մեղսագրվում է ՋԵՄՄ-ի շենքում զենք պահելը, որն իբր հայտնաբերվել էր 2008թ. հուլիսի 21-ի խուզարկության ընթացքում: «Երկիր» միությունը գտնում է, որ ջավախքահայ քաղաքական ակտիվիստների նկատմամբ այս նոր հեռակա դատավարություններն ուղղված են ամրապնդելու Ջավախքում տիրող պետական ահաբեկչության ռեժիմը, ինչպես նաեւ  ջավախքահայության մեջ առկա վախի տրամադրությունները: Հաշվի առնելով վերոնշյալը՝ «Երկիր» միությունը պահանջում է վրացական իշխանություններից՝ 1.    Անհապաղ անցկացնել Ախալքալաքում 2008թ. հուլիսի 17-21-ի դեպքերի նոր անաչառ հետաքննություն. 2.    Վերանայել ջավախքահայ քաղաքական ակտիվիստների եւ նրանց ընտանիքների անդամների նկատմամբ ընդունված բոլոր մեղադրական դատավճիռները. 3.    Դադարեցնել ջավախքահայ ակտիվիստների նկատմամբ ծայր առած ոստիկանական հալածանքները եւ քաղաքական հետապնդումները: «Երկիր» միությունը կոչ է անում միջազգային կազմկերպություններին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացչություններին ուշադրություն դարձնել Ջավախքում ծավալվող իրադարձություններին՝ ճնշում գործադրելով վրացական իշխանությունների վրա՝ հայաբնակ երկրամասում հալածանքները դադարեցնելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter