Ալավերդու տաքսիները չեն կարողանում երթուղի մտնել
Այսօր` հունվարի 20-ի կեսօրին, ճանապարհային ոստիկանությունը Ալավերդիում գործող 5 տաքսի ծառայությունների տաքսիներին արգելել է մտնել երթուղի: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց «Սանահին» տաքսի ծառայության սեփականատեր Վարդան Մարտիրոսյանը: «Մենք սպիտակ համարանիշով տաքսի չունենք: Այն ավտոմեքենան, որ ճանապարհային ոստիկանությունը արգելել է երթուղի մտնել, որպես տաքսի չի աշխատում: Մեր ավտոմեքենաները երթուղուց ճանապարհային ոստիկանությունը չի հանել, որովհետև մեր բոլոր տաքսիները դեղին համարանիշերով են և գրանցված են Թումանյանի հարկային ՏՀՏ-ում»,- ասաց «Ձորի տաքսի» ծառայության տնօրեն Արտուշ Միկոյանը:
««Ձորի տաքսի» ծառայությունից կարծեմ մի տաքսիի փաստաթղթեր են վերցրել: Օրերս մեր դեղին համարանիշով տաքսիներից մեկի վրա 10 հազար դրամ ակտ են գրել պուտյովկում բժշկի ստորագրություն չլինելու պատճառով: Էդ ստորագրությունները լինեին, հմի էլ ասելու էին ավտոների ապակիները մաքուր չեն»,- ասաց ճանապարհային ոստիկանության շենքի մոտ կանգնած «Ձորի տաքսի» ծառայության սեփականատիրոջ եղբայրը` Կարեն Խաչիկյանը: Պատասխանելով այն հարցին, թե իր կարծիքով ճանապարհային ոստիկանության այս գործողությունները ի՞նչ են նշանակում` Կարեն Խաչիկյանն ասաց. «Իրանք էլ չեն գլխի, որ կոպեկը տաս, ամեն ինչ տեղն է ընկնում»: «Հա, անհատ ձեռներեց եմ, հարկայինում գրանցված եմ, իմ հարկային պարտականությունները նորմալ կատարում եմ, ու չգիտեմ, թե ինչի համար է ճանապարհային ոստիկանությունը փաստաթղթերս վերցրել: Կոնկրետ բան չեն ասում: Վարորդական իրավունքս էլ են վերցրել»,- ասաց անհատ ձեռներեց Վարդգես Օհանյանը: Տաքսիների նկատմամբ իրականացված իրենց գործողության մասին Ալավերդու ոստիկանության շենքի բակում կանգնած ճանապարհային ոստիկան Սեյրան Ռամազյանը մեր հարցմանը պատասխանեց. «Նաչալնիկի հրամանն է բոլոր տաքսիների փաստաթղթերը հավաքել: Չգիտեմ, ես հրաման եմ կատարում»: Տաքսիների վարորդների փաստաթղթերի հավաքման մասին ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի տեսուչ, ոստիկանության կապիտան Արարատ Ավետյանը սկզբում ասաց. «Ինչքան որ տեղյակ եմ, 10 տարուց բարձր տարիք ունեցող տրանսպորտային միջոցները,- ձայնագրիչը տեսնելուց հետո խոսքը բերանում միանգամից լռեց, ապա ասաց:- Ես ինֆորմացված չեմ»: Միայն մեր հորդորելուց հետո նա շարունակեց. «Հրաման-ցուցումով 10 տարուց բարձր տարիք ունեցող և սպիտակ համարանիշով տրանսպորտային միջոցները, որոնք շահագործվում են ուղևորատար տրանսպորտային միջոցների անվան տակ, այսինքն` տաքսիների տակ, դադարեցվելու են շահագործվել: Թույլատրվում է աշխատել դեղին նմուշի պետհամարանիշով տաքսիներին, որն էլ բոլորը չունեն: Սա վերաբերում է ոչ միայն տաքսի ծառայությունների մեքենաներին, այլև բոլոր անհատ ձեռներեցներին: «Ձորի տաքսի» ծառայության տաքսիներից էլ ենք արգելել, թե քանիսը` չեմ կարող ասել, կարող է «Ձորի տաքսի» ծառայությունը տարել է իրա սպիտակ համարանիշով ավտոմեքենաները պահել, կարող է գնամ նրա ետևից ման գամ: Ալավերդիում գործող 5 տաքսի ծառայությունների 15-20 տաքսիների նկատմամբ են իրականացվել մեր գործողությունները»: Իրենց կողմից վարորդների վարորդական իրավունքները վերցնելու օրինականության մասին էլ ճանապարհային ոստիկանության վարչական պրակտիկայի տեսուչն ասաց. «Տրանսպորտային միջոցը վարող անձի նկատմամբ է կիրառվելու վարչական տույժ: Մենք վարորդական իրավունքը վերցրել ենք ոչ սեփականացնելու համար, վերցրել ենք շահագործումը դադարեցնելու համար»: Անդրադառնալով այն հարցին, թե վարորդական իրավունքները որքան կմնան իրենց մոտ` Արարատ Ավետյանն ասաց. «Երևի մի 10-15 րոպե»: Նա հավաստիացրեց, որ իրենց գործողությունները վերադասի հրամանով են կատարվում. «Կառավարության որոշումն ենք կատարում»: Թե որ որոշումը, ոստիկանության կապիտանը չհիշեց: Օրվա օպերացիան իրականացնելու համար իրենց վերադասը տվե՞լ է հանձնարարություն, թե՞ ոչ: Արարատ Ավետյանը պատասխանեց. «Ինձ կոնկրետ` ոչ: Դուք ինձնից ինֆորմացիա եք ուզում, ես Ձեզ պատասխանում եմ իմ գիտեցածը: Թե ում է հանձնարարություն իջեցվել, չգիտեմ»:
Մեկնաբանել