HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետն Ալ Կասինիին խնդրել է միջնորդել

Այսօր առավոտյան փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասինիի հետ: Փոխվարչապետը ներկայացրել է ԱՄԷ կատարած այցի արդյունքները` երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաեւ «Masdar» («Ապագայի էներգիայի ընկերություն»), «Mubadala» ընկերությունների, «Աբու Դաբի» զարգացման հիմնադրամի ղեկավարների հետ:

ԱՄԷ արտաքին առեւտրի նախարարի հետ ամփոփվել են համագործակցության այն հնարավորությունները, որոնք քննարկվել էին նախորդ հանդիպումների ընթացքում: Մասնավորապես անդրադարձ է եղել գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, ինչպես նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների Արտաքին գործերի նախարարի հետ քննարկված ատոմային էներգիայի ոլորտներին: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, Արմեն Գեւորգյանը խնդրել է Շեյխա Լուբնա Ալ Կասինիին, որ ինքն էլ իր հերթին հորդորի «Masdar», «Mubadala» ընկերություններին եւ «Աբու Դաբի» զարգացման հիմնադրամին, որպեսզի ավելի ակտիվորեն համագործակցեն Հայաստանի հետ: հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվեց նաեւ տեղի հայ համայնքին: Տիկին Շեյխա Լուբնա Ալ Կասինին ԱՄԷ-ի հայկական համայնքը բնությագրել է որպես փոքր, բայց կազմակերպված, ընդգծված անհատականություններով ու օրինապահ քաղաքացիներով կառույց: Քննարկվել է նաեւ գործարարների միջեւ համագործակցությունն աշխուժացնելու, առաջիկայում գործարար համաժողովներ, հանդիպումներ կազմակերպելու հարցը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այսուհետեւ Հայաստանի պատվիրակություններն ակտիվորեն կմասնակցեն ԱՄԷում կազմակերպվող ցուցահանդեսներին եւ միջազգային համաժողովներին, այդ թվում` գյուղատնտեսական մթերքների, ինչպես նաեւ տուրիստական ինդուստրիայի ամենամյա խոշորագույն ցուցահանդեսներին: ԱՄԷ արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա Ալ Կասինին նշել է, որ էմիրաթական կողմը կարեւորում է ներդրումների համար տրվող արտոնությունները եւ օրենսդրական դաշտի համապատասխանությունը միջազգային պահանջներին: Արմեն Գեւորգյանն էլ վստահեցրել է, որ Հայաստանի կառավարությունը կարեւորում է օտարերկրյա յուրաքանչյուր ներդրում, դրա համար ստեղծված է միջազգային պահանջներին համապատասխան օրենսդրական դաշտ: Նա հավաստիացրել է, որ արտասահմանյան ներդրումները մշտապես համապատասխան գերատեսչությունների ուշադրության կենտրոնում են: Աշխատանքային այցն ավարտելով` փոխվարչապետն այսօր վերադարձել է Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter