Միջադեպ սահմանագծի մոտ
Ադրբեջանցուն տեղափոխել է շտապօգնության մեքենան
Այսօր ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ-արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում, առավոտյան 10-ի սահմաններում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Վերջիններիս հավաստմամբ` դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական հենակետին մերձակա բաց տարածքում, որի ժամանակ թվով 7 ասկյարների միջև ծագած վեճը վեր է ածվել ծեծկռտուքի, իսկ այնուհետև լսվել են փոխհրաձգության ձայներ:
ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տեղեկացմամբ` քիչ անց դեպքի վայր է հասել շտապօգնության մի մեքենա և իսկույն հեռացել: Ըստ հաստատված տեղեկության` շտապօգնության մեքենայով տեղափոխել են միջադեպի արդյունքում տուժված մահամերձ ասկյարի: Հատկանշական է, որ նույն այդ դեպքից ընդամենը րոպեներ անց ադրբեջանական լրատվամիջոցները լուրեր են տարածել, թե իբր Ֆիզուլու ուղղությամբ սպանվել է մեկ զինված հայ, որը փորձում էր անցնել շփման գիծը: Մեկնաբանելով ադրբեջանական աղբյուրների կողմից տարածված տեղեկությունը` ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ Սենոր Հասրաթյանն ասել է, որ դա ոչ միայն չի համապատասխանում իրականությանը, այլև ադրբեջանական կողմը, սովորության համաձայն, փորձում է դեպքերը ներկայացնել գլխիվայր: Ինչ վերաբերում է ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակին, ըստ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության, անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար և Ջրաբերդ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել