Կառավարությունում սկսվել է նախարարների գործունեության հաշվետվությունների քննարկումը
Այսօր օրվա առաջին կեսին հաշվետվությամբ հանդես են եկել ՀՀ կրթության եւ գիտության, Ֆինանսների, էկոնոմիկայի եւ բնապահպանության նախարարները։ Մինչ հաշվետվություններին անդրադառնալը վարչապետը նշել է. «Դուք հիշում եք, որ հանձնարարություն կար բոլոր նախարարներին, որ կենտրոնանան հետեւյալ հարցերի վրա։ Առաջինը`
որոնք են եղել հիմնական բացթողումները եւ պրոբլեմները 2009 թ., որոնք խոչընդոտել են բարեփոխումների ընթացքը եւ բացասաբար են անդրադարձել տնտեսական աճի ցուցանիշի վրա։ Երկրորդը` որո՞նք են 2009 թ. դասերը։ Մենք պետք է ընդգծենք 2010 թ. այն գերակա խնդիրները, որոնք գտնվելու են նախարարի անմիջական հսկողության տակ, որի համար նախարարը տարվա վերջում հաշվետվություն է տալու, թե այդ գերակա խնդիրներում ինչ դրական փոփոխություններ են կատարվել 2010 թվականին»: Կառավարության մամլո ծառայության հաղորդմամբ` Տիգրան Սարգսյանը մեկ անգամ եւս ընդգծել է ինչպես կատարված, այնպես էլ այս տարի իրականացվելիք երեք կարեւոր ծրագրերի նշանակալիությունը, որոնք լինելու են նախարարների անմիջական հսկողության տակ։ Նա եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 2010 թ. տնտեսական աճ ապահովող ծրագրերը պետք է ներկայացվեն հանրությանը։ Օրվա երկրորդ կեսին անցյալ տարվա գործունեության վերաբերյալ հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ սփյուռքի, գյուղատնտեսության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, սպորտի եւ երիտասարդության, քաղաքաշինության, տրանսպորտի եւ կապի նախարարները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել