Շիրակի մարզպետի հրամանով Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը դադարեցված է
Գյումրիի բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնը Շիրակի մարզում սկսել է գործել 2007 թ. դեկտեմբերի 12-ից, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Բնապահպանության նախարարության և ՀՀ Շիրակի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի հիման վրա: Կենտրոնի գործունեության նպատակն է աջակցել Շիրակի մարզում հասարակության համար բնապահպանական տեղեկատվության հասանելի դարձնելուն,
խթանել հասարակայնության մասնակցությունը այդ ոլորտում որոշումների կայացման գործընթացում, նպաստել բնապահպանական հարցերում թափանցիկ միջավայրի ստեղծմանը, այդ ոլորտում արդարադատության մատչելիությանը, ուստի նաև երկրի ընդհանուր ժողովրդավարացման ու կառավարման բարելավմանը: Ընդհանուր առմամբ, Հայաստանի Հանրապետության տարածքում գործում է 14 Օրհուս կենտրոն, որոնցից ներկայումս դադարեցված է միայն Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեությունը: Կենտրոնի գործունեությունը դադարեցվել է Շիրակի մարզպետի 28.12.2009թ. թիվ 118 հանձնարարականով` 2010 թ. հունվարի 13-ից, այն պատճառաբանությամբ, որ ավարտվել է կենտրոնի համադասողի պայմանագրի ժամկետը և քանի որ, ըստ եռակողմ հուշագրի, Շիրակի մարզպետարանը պատասխանատվություն է կրում Կենտրոնի գույքի համար, ի պահ է վերցնում այն մինչև նոր պայմանագրի կնքումը: Պետք է նշենք, որ նման գործողություն չի իրականացվել 2009 թ. նույն ժամանակահատվածում և Օրհուս կենտրոնի համադասողը առանց պայմանագրի աշխատել է մոտ երկու ամիս: Այսինքն` անցյալ տարի Շիրակի մարզպետարանին չէր անհանգստացնում կենտրոնի գույքի անվտանգությունը, իսկ այս տարի հանկարծ սկսեց խիստ անհանգստացնել: Բացի այդ, Շիրակի մարզպետարանը, որպես իր այս գործողության օրինական հիմք, վկայակոչում է եռակողմ հուշագիրը, որի դրույթները ինքը անցած տարիների ընթացքում բազմիցս խախտել է: Մասնավորապես, հուշագրում նշված է, որ Մարզպետարանը պետք է հոգա Կենտրոնի էլեկտրաէներգիայի, ջեռուցման և ընթացիկ պահպանման ծախսերը (հոդված 5, կետ 2), բայց մինչև հիմա մարզպետարանին չի էլ հետաքրքրել, թե ինչպես է կենտրոնը հոգացել այդ ծախսերը: Հուշագրում նշված է նաև, որ ԵԱՀԿ-ն Կենտրոնի գործունեության առաջին տարվա ընթացքում մարզպետարանի փոխարեն վճարում է Կենտրոնի տեղացի համակարգող մասնագետի հոնորարը (հոդված 5, կետ 1), բայց համակարգողի հոնորարը 2009 թ. վճարել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Այսինքն` Շիրակի մարզպետարանը ընտրողական մոտեցում է ցուցաբերում հուշագրի դրույթների նկատմամբ և կիրառում է միայն այն դրույթները, որոնք իրեն առավել ձեռնատու են: Բացի այդ, պարզվում է, որ ՀՀ-ի «ամենաօրինապահ» մարզպետարանը Շիրակի մարզպետարանն է, քանի որ մյուս բոլոր մարզերում ոչ մի Օրհուս կենտրոն չի փակվել` եռակողմ հուշագրի դրույթների համաձայն: Բայց պարզվում է, որ այստեղ մեղավորը ոչ թե մարզպետարանի օրինապահությունն է կամ համակարգողի պայմանագրի ժամկետի լրանալը, այլ 2009 թ. ընթացքում Գյումրու Օրհուս կենտրոնի ծավալած գործունեությունը: Գյումրու Օրհուս կենտրոնը երկու անգամ, այսպես ասած, խառնել է Շիրակի մարզպետարանի հաշիվները. առաջին անգամ տեղեկատվություն է տարածել Շիրակի մարզպետարանի բակում իրականացրած ծառահատումների մասին, իսկ երկրորդ անգամ դիմել է վարչական դատարան, ընդդեմ Շիրակի մարզպետի տրամադրած շինարարական թույլտվության, որը տրվել էր օրենքի պահանջների կոպիտ խախտումներով` առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացության և ջրօգտագործման թույլտվության: Այսօր ՀՀ Շիրակի մարզպետարանը պարզապես վրեժ է լուծում Գյումրու Օրհուս կենտրոնի համադասողից իր աշխատանքը պարտաճանաչ և բարեխիղճ կատարելու համար: Պետք է նշել նաև, որ Շիրակի մարզում Օրհուս կենտրոն ստեղծելու նպատակով ԵԱՀԿ երևանյան գրասենյակին է դիմել ոչ թե Շիրակի մարզպետարանը, այլ «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը, դրա համար էլ Շիրակի մարզպետարանը առանձնապես շահագրգիռ էլ չէ, որ այս կենտրոնը գործի: Նշենք նաև, որ կենտրոնի համակարգողը ընտրվել է Շիրակի մարզպետարանի կողմից կազմակերպված մրցույթի արդյունքում և ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված է եղել ներկայիս փորձագիտական խորհրդի ամբողջ կազմը: Կենտրոնի Փորձագետների խորհուրդը գտնում է, որ նպատակահարմար չէ Գյումրու Օրհուս կենտրոնի գործունեության դադարեցումը, քանի որ դա կարող է բացասաբար անդրադառնալ կենտրոնի հետագա արդյունավետ գործունեության վրա: Մասնավորապես, խաթարվել է կենտրոնի բնականոն գործունեությունը, դադարել է բնապահպանական տեղեկատվության հասարակական էլեկտրոնային ցանցի գործունեությունը: Բացի այդ, կենտրոնն իրականացնում է մի շարք ընթացիկ ծրագրեր տարածաշրջանի ՀԿ-ների և ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների հետ: Գևորգ Պետրոսյան, Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել