HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգությունը» հանդիպել է հոլանդացի եւ ամերիկացի դիվանագետների հետ

Այսօր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Ազգային ժողովում հանդիպել է Նիդերլանդների Արտաքին գործերի նախարարության դիվանագետ Բերբեր Վան Դեր Վուդի հետ: Հոլանդացի դիվանագետի խնդրանքով Ստեփան Սաֆարյանը անդրադարձել է Հայաստանում քաղաքական իրավիճակին, ընդդիմության գործունեությանն ու դրա խոչընդոտներին:

Այդ համատեքստում Սաֆարյանը ներկայացրել է «Ժառանգություն» կուսակցության ծավալած գործունեությունը` երկրում օրինականության, սահմանադրական կարգի վերահաստատման, մարդու եւ քաղաքացու իրավունքների ու ազատությունների պաշտպանության գործում: Հանգամանալից քննարկման առարկա է դարձել 2010 թ. հունվարի 13-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կարգադրությունը, որով ՀՀ օրենքներին ու ԵԽԽՎ կանոնակարգին խստիվ հակասող մեթոդներով ու ձեւով փոփոխություն է կատարվել Վեհաժողովում հայկական խորհրդարանական պատվիրակության մշտական անդամների կազմում, եւ «Ժառանգության» ներկայացուցիչը «հաստատվել» է իբրեւ փոխարինող անդամ: Սաֆարյանը ներկայացրել է, որ խորհրդարանի ղեկավարությունն ու մեծամասնությունը դրանով չեն սահմանափակվել եւ «ֆինանսական միջոցների սղության» պատճառաբանությամբ որոշում են կայացվել չֆինանսավորել ընդդիմադիր «Ժառանգության» ներկայացուցիչ, ԵԽԽՎ ժողովրդական կուսակցության խմբի Բյուրոյի, Մոնիթորինգի հանձնաժողովի ու 3 այլ հանձնաժողովների հիմնական անդամ Զարուհի Փոստանջյանի գործուղումն այդ հանձնաժողովների` հունվարի վերջին տասնօրյակում նշանակված նիստերին: Փաստացի խոչընդոտներ են հարուցվել Զարուհի Փոստանջյանի եւ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորական գործունեության համար: «Ժառանգության» հյուրը տարակուսած էր 2007 թ.-ի ընտրություններից ի վեր ընդդիմադիր մնացած եւ բազում փորձություններով անցած կուսակցության նկատմամբ հարուցված այս եւ այլ արգելքների փաստերից: ԵԽԽՎ կանոնակարգի համաձայն` արդարության ու խորհրդարանում առկա բոլոր տեսակետների ներկայացվածության սկզբունքների խախտմամբ ձեւավորված պատվիրակությունների հավատարմագրերը Վեհաժողովում ինքնաբերաբար չեն հաստատվում, եւ խորհրդարանի խոսնակի անխոհեմ քայլը հարվածի տակ է դրել ու էլ ավելի վատթարացրել միջազգային նման հեղինակավոր կառույցում Հայաստանի ժողովրդավարական վարկանիշը եւ անգամ` իրավունքները: «Ժառանգությունը» տեղեկացրել է, որ չի համակերպվելու թե´ Հայաստան պետության հեղինակությունը եւ իրավունքները, թե´ «Ժառանգության» ու ընդդիմադիր ընտրազանվածի իրավունքները ոտնահարող այդ քաղաքական որոշման հետ, այն բողոքարկելու է թե´ ներպետական ատյաններում եւ թե´ կասեցնելու է դրա գործողությունը միջազգային մակարդակում: Երեկոյան «Ժառանգություն» կուսակցության գրասենյակում վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը եւ խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հանդիպել են ԱՄՆ պետական դեպարտամենտում Հայաստանի հարցերով պատասխանատու Ջոզեֆ Ֆարելիի եւ նրան ուղեկցող ՀՀ ԱՄՆ դեսպանատան դիվանագետ Դանիել Հասթինգի հետ: Մասնակիցները քննարկել են հայ-թուրքական եւ Արցախի հարցերով ստեղծված իրավիճակը: «Ժառանգության» ներկայացուցիչները վերահաստատել են հայ-թուրքական արձանագրությունների անընդունելիության, մեծ ռիսկայնության եւ Արցախի կայացած պետականությունն ու ինքնիշխանությունը հարգելու եւ ճանաչելու կուսակցության անփոփոխ դիրքորոշումները: Քննարկվել է նաեւ վերջին տարվա ընթացքում «Ժառանգության» նկատմամբ իշխանությունների իրականացրած քաղաքական ճնշումների, հարձակումների, արշավների ու լրատվական շրջափակման, երկրում մարդու իրավունքների ու ազատությունների դեռեւս շարունակվող զանգվածային խախտումների, քաղաքական բանտարկյալների, քաղաքական դատավարությունների հարցերը: Անդրադարձ է եղել ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովում «Ժառանգության» ներկայացուցչի մեկուսացման ու գործունեության խոչընդոտման խնդրին: Երկու հանդիպումների ընթացքում էլ «Ժառանգությունը» դիվանագետներին հանձնել է 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում սպանված ՀՀ քաղաքացիների հարազատների եւ այդ իրադարձությունների արդյունքում ազատազրկված քաղաքական բանտարկյալների, ինչպես նաեւ` կուսակցությոանը փոխանցված բողոք-դիմումները, որոնցով միջազգային հանրության ներկայացուցիչներից պահանջվում է կասեցնել ԱԺ նախագահի հակաօրինական եւ հակաժողովրդավարական կարգադրություն-ակտը: «Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter