HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Է.Նալբանդյանն իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին ու ոգուն և արագ առաջ ընթանալ

ՀՀ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ այսօր հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ: Էդվարդ Նալբանդյանը իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով Թուրքիայի ԱԳՆ կողմից հունվարի 18-ի հայտարարության կապակցությամբ:

Նախարարը նշել է, որ արձանագրությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը չհակասելու մասին Սահմանադրական Դատարանի որոշման մեջ նախապայմաններ և հիմնարար նպատակի հետ հակասություն տեսնելը առնվազն զարմանք է հարուցում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը մտահոգություն է հայտնել առ այն, որ Թուրքիայում 2009թ. հոկտեմբերից ի վեր վավերացման գործընթացում որևէ առաջընթաց չի նկատվում: Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակաբար և բացահայտորեն փորձում է  նախապայմաններ առաջ քաշել. դա ստեղծում է արհեստական պատրվակների փնտրտուքի տպավորություն եւ վտանգի տակ է դնում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ողջ գործընթացը:  Հայաստանի արտգործնախարարը, դրական գնահատելով այն փաստը, որ թուրքական կողմը հունվարի 18-ի ԱԳՆ հայտարարությամբ հրապարակավ վերահաստատել է նախապայմաններ առաջադրելու վնասակարությունը` իր թուրք գործընկերոջն առաջարկել է հավատարիմ մնալ արձանագրությունների տառին եւ ոգուն և արագ առաջ ընթանալ: Նախարար Նալբանդյանը հավելել է, որ Հայաստանում վավերացման գործընթացը` ընթանում է սահմանված կարգով եւ առանց անհարկի ձգձգումների, ինչի վկայությունն է ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը` սահմանված ժամկետից առավել քան մեկ ամիս շուտ: Նախարար Նալբանդյանը վերահաստատել է, որ անհրաժեշտ է, համաձայն ստանձնած հանձնառությունների, հետամուտ լինել արձանագրությունների անհապաղ վավերացմանն ու իրագործմանը`  ձեռնպահ մնալով գործընթացը ձախողելուն ուղղված մտացածին պատրվակներ առաջադրելու գործելաոճից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter