HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

Ներկա է եղել նաեւ «Գալաքսիի» Սամոն

«Հրապարակի» տեղեկություններով, «Ջիանի» ռեստորանում ՀՀԿ-ական պատգամավորներ Սեյրան Սարոյանի եւ Ալրաղացի Լյովի միջեւ տեղի ունեցած ռազբորկային, որպես Սարոյանի պաշտպան, ներկա է եղել նաեւ «Գալաքսիի» Սամոն:

Նա նույն «Գալաքսի» սուպերմարկետի  սեփականատեր Սամվել Եփրեմյանն է: Նա հրաշքով է կենդանի մնացել, կրակոցներից արձակված գնդակը գլխի վրայով է անցել: Նա իր մազապուրծ փրկությունը  այնքան թանկ է գնահատել, որ այդ կապացությամբ կիրակի օրն իր կոլեգաների հետ «Փարվանա» ռեստորանում մեծ խնջույք է կազմակերպել:

Վիճարկում են

Մարտի 1-ի զոհերի հարազատները պատրաստվում են վիճարկել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անգործությունը: Ըստ թերթի տեղեկությունների, նրանք մտադիր են երկուշաբթի օրը ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիա անցկացնել: Զոհերի հարազատներին վրդովվեցրել է այն, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը վերջին շրջանում ՀՀ հարցերում մեղմ դիրքորոշում է որդեգրել:

Բաց են թողել

«Առավոտի» տեղեկություններով, երեկ փոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության գծով պատասխանատու Մանուկ Միքայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը` կալանքը: Նա ՔԿՀ մի քանի պաշտոնական անձանց հետ , մեղադրվում էր անցած տարի նոյեմբերին մեկուսարանից փախուստի դիմած Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի գործով: Հիշեցնենք, որ Մ. Միքայելյանը նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մորաքրոջ որդին է:

«Human Rights Watch-ի գնահատականը

Երեկ միջազգային հեղինակավոր «Human Rights Watch» իրավապաշտպանական կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որը մեղմ ասած, խիստ քննադատություն է պարունակում Հայաստանի իշխանությունների հասցեին: «Հայաստանի իշխանությունները դեռեւս պատշաճ կերպով չեն հետաքննել 2008 թ-ի մարտյան իրադարձությունների ժամանակ ընդդիմության աջակիցների հետ բախումներում անվտանգության ուժերի կողմից ոչ համարժեք ուժերի գործադրումը: Նախագահական ընտրություններին հետեւած   մարտյան իրադարձություններից հետո Ոստիկանության մի քանի բարձրաստիճան պաշտոնյա ազատվեց աշխատանքից, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չառաջադրվեց այդ բռնությունների առնչությամբ:  Թեեւ իշխանությունները պնդում են, թե շուրջ 200 ներքին հետաքննություն են իրականցրել Ոստիկանության գործողությունների շուրջ, այդուամենայնիվ, մինչ օրս ընդամները չորս ոստիկանի է մեղադրանք ներկայացվել անհամաչափ ուժ կիրառելու համար»,- նշված է «Human Rights Watch»-ի զեկույցում, որի հեղինակները մտահոգություն են հայտնում նաեւ մինչ օրս ՀՀ-ում քաղբանտարկյալների գոյության կապակցությամբ: «Չնայած նախագահ Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներմանը, ընդդիմության շուրջ 17 ներկայացուցիչ, տեղական իրավապաշտպանական կազմակերպությունների հաղորդմամբ, այսօր էլ շարունակում է անազատության մեջ մնալ»,-արձանագրում է  «Human Rights Watch»-ը: Հիշեցնենք, որ անցած շաբաթ էլ, Հայաստանի վերաբերյալ շատ ավելի խիստ զեկույց էր հրապարակել  մեկ այլ հեղինակավոր միջազգային իրավապաշտպանական կազմակերպություն «Freedom House»-ը, ՀՀ-ում քաղաքական իրավունքների դրսեւորումն ու պաշտպանությունը վատագույն 7 միավորից գնահատելով 6 միավորով:

Ահա այսպիսի Թուրքիա

Անկարայի համալսարանի` եվրոպական համայնքների ուսումնասիրման կենտրոնը Թուրքիայի 1032 քաղաքացիների մեջ անցկացրել է սոցիալական հարցում: Այս հարցման համաձայն`  թուրքերի 37,5 տոկոսը Թուրքիայի թշնամի երկիր է համարում ԱՄՆ-ին, 10,9 տոկոսը` Հայաստանին, 10,6 տոկոսը` Իսրայելին, 6,1 տոկոսը` Հունաստանին, իսկ 5,1 տոկոսը` Ֆրանսիային: Անկարայի համալսարանի վերոհիշյալ կենտրոնը նաեւ փորձել է պարզել, թե քանի՞ տոկոս թուրքեր են կողմ հայ-թուրքական Արձանագրությունների վավերացմանը: Հարցման մասնակիցների 35 տոկոսը կողմ է Հայաստանի հետ սահմանի բացմանը, բայց միայն պայմանով, որ Հայաստանը Ադրբեջանին վերադարձնի Ղարաբաղը: 28 տոկոսը կողմ է Հայաստանի հետ «շփվելուն», եթե հայերը հրաժարվեն ցեղասպանության ճանաչման պնդումներից: Եվ միայն 6 տոկոս թուրքերն են , որ համաձայն են լավացնել Հայաստանի հետ հարաբերություններն առանց որեէ նախապայմանի: Անցկացվել է նաեւ հարցում, թե համաձա՞յն են արդյոք թուրքերը անդամակցելու Եվրամիությանը: 50,5 տոկոսը համաձայն է, իսկ 25 տոկոսը` ոչ: Մնացածը դժվարացել են պատասխանել:

ԱԱԾ-ում փոփոխությունները կատարված են

Ինչպես սպասվում էր, օրերս Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանի հրամանով մի շարք պաշտոնյաներ ազատվել են զբաղեցրած պաշտոններից: Թերթն արդեն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը մոսկովյան իր այցից հետո որոշ գերատեսչություններում պաշտոնափոխություններ է անելու: Նշվել էր նաեւ, որ առաջնահերթ փոփոխության է ենթարկվելու ԱԱԾ համակարգը: «ՉԻ»-ին փորձել է ԱԱԾ լրատվական ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանից հետքրքրվել, թե կադրային ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ԱԱԾ համակարգում, սակայն, ինչպես միշտ, այդ պաշտոնյան որեւէ տեղեկություն չուներ:  Ըստ թերթի աղբյուրների` աշխատանքից ազատվել է սահմանադրական կարգի պահպանության վարչության պետը, հակահետախուզության գլխավոր վարչության պետը, օպերատիվ ծառայության պետի տեղակալը եւ ներքին անվտանգության բաժնի պետը: Համաձայն լուրերի`  ԱԱԾ ներքին անվտանգության բաժնի պետը աշխատանքից ազատվել է ԱԱԾ ներքին իրադարձությունների արտահոսքի համար: Այսինքն չի կարողացել տիրապետել իրավիճակին: Աշխատանքից ազատվել է նաեւ ԱԱԾ սահմանադրական կարգի պահպանության եւ ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ գեներալ-մայոր  Զավեն Նանյանը, որը ծպտյալ ղեկավարում էր ներքաղաքական բոլոր գործընթացները: Իսկ մյուս պաշտոնափոխությունները թերթի մյուս աղբյուրները այսպես են բացատրում. քանի որ Սերժ Սարգսյանը խնդիր է դրել իր առջեւ մաքրվել Մարտի մեկի արյունից, դրա համար էլ նա որոշել է փոխել բոլոր այն պաշտոնյաներին, որոնք ուղղակի կամ անուղղակի առնչություն են ունեցել Մարտի մեկի հետ: Համենայն դեպս նրան խորհուրդ տվողներն ասել են, որ ԱԱԾ աշխատակիցներին շքանշաններ ու մեդալներ տալու փոխարեն պետք է ուղղակի ազատվել նրանցից: Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանն էլ հաշվարկել է, որ թույլ օղակները վարչության պետերն ու տեղակալներն են, վերջնականապես որոշել է հանուն իր ցածր վարկանիշի բարձրացման, զոհաբերել «մանր ձկներին»:

Արցախցիները չեն հրաժարվում

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել զենքով, արյունով պաշտպանած իր անկախությունը: Այս մասին ասել է ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհալմ Ալիեւի օրերս արված հայտարարությանը, թե ղարաբաղյան կարգավորման հենասյունը տարածքային ամբողջականությունն է եւ որ Ղարաբաղի հայերին իրենք պատրաստ են տալ բարձր ինքնիշխանություն: Գ Պետրոսյանը նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները վաղուց են դա փորձում ներկայացնել միջազգային հանրությանը. «Դա ավելի շատ ցանկություն է, քան իրականությանը համապատասխանող փաստ: ԼՂՀ ժողովուրդը մտադիր չէ հրաժարվել զենքով, արյունով պաշտպանած իր անկախությունը»,-ընդգծել է Գ Պետրոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter