HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Թումանյանը` գաղտնագետ ու ծածկագետ

Մահվանից 2 ամիս առաջ Հովհաննես Թումանյանն ասել է. «Ես գիտեմ` մի օր, իհարկե ոչ շուտ, իմ կյանքը մեծ հետաքրքրություն ու աղմուկ է հանելու: Շատ բան է պարզվելու, տեսնելու են բոլորովին ուրիշ բան: Գրվածքներս դեռ լավ չեն կարդացել, տեսել»: 1959 թ.` Թումանյանի 90 ամյակին, Ստեփան Զորյանը նշել է, որ Թումանյանի բարձր պոեզիան դեռ խորն ուսումնասիրված չէ, լուրջ անելիքներ կան: 10 տարի անց` Թումանյանի 100-ամյակին, Պարույր Սեւակը Թումանյանի ողջ պոեզիան բաժանել է 3 խորագրի («Հառաչանք», «Հայրենիքիս հետ», «Դեպի անհունը») եւ ասել.

«Նա սկսեց հառաչանքով, ապրեց հայրենիքի հետ եւ գնաց դեպի անհունը»: Սեւակը եւս նշել է, որ Թումանյանի խոհափիլիսոփայական աշխարհը մնացել է չմեկնաբանված ու ստորադասված: 1994 թ.` Թումանյանի 125-ամյակին, Վահագն Դավթյանը նշել է, որ մենք ճանաչում ենք Թումանյանի 2 աշխարհներից մեկը, բայց նրա ոգեղեն աշխարհը մեզ համար մնացել է անհայտ:

Փետրվարի 17-ին Ազգային գրադարանում կազմակերպված գիտաժողովին բանախոս, հրապարակախոս, թումանյանագետ Հրայր Ուլուբաբյանն ասաց. «Կարծում եմ` իմ ավելի քան 15 տարիների ուսումնասիրությունից հետո այդ «ուրիշ բանն» եմ գտել: Դրանում ես համոզված եմ»: Հ. Ուլուբաբյանի խոսքերով` այսօր Հայաստանում գիտության բոլոր ոլորտներում ճգնաժամ է, հասարակությունը քայքայված է, կրթության համակարգը յուրաքանչյուր տարվա իր թողարկմանը գրեթե հավասար խոտան է տալիս: Ըստ ՄԱԿ-ի տվյալների` Հայաստանի 82 %-ը անապատ դառնալու վտանգի առաջ է կանգնած: Ըստ դատախազության տվյալների` 2009 թ. հանցագործությունների թիվը 2008-ի համեմատ աճել է 57 %-ով: «Այս ճգնաժամից դժվար թե դուրս գանք, եթե Թումանյանի խրատները հաշվի չառնենք: Թումանյանի աշխարհայացքը, փիլիսոփայությունը, խրատներն ու խորհուրդները այսօր օդի պես պետք են մեր հասարակությանը, մեր կյանքի բոլոր ոլորտներում գործողներին, ով ուզում է Հայաստանը 1 սմ-ով բարձրացնել: Թումանյանը «Հազարան բլբուլ» էր գրում: Հազարան բլբուլի իմաստը գիտենք. չորացած այգին ծաղկեցնելու եւ գազան դառած մարդուն նորից մարդ դարձնելու, իր աստվածային պատկերը վերադարձնելու խնդիրը պիտի լուծեր: Այսօր այնպիսի վիճակ է ստեղծված, որ իրոք հազարան բլբուլի կարիքը կա: Բայց, ցավոք սրտի, Թումանյանը «Հազարան բլբուլը» չի ավարտել»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նա հավելեց, որ անդրադառնալով ընկերոջ հարցին, թե քո կոչումը երեւո՞ւմ է «Պոետն ու մուսան» գործի մեջ` Թումանյանը պատասխանել է, որ ընդհանուր առմամբ, կարելի է այդպես համարել` որ իր կոչումը ճշմարտությանը ծառայելն է: Սակայն, ասել է, որ իր կոչումը ավելի ամբողջական կերեւա հետագայում` «Հազարան բլբուլի» մեջ, որը պետք է լիներ հանճարեղ գրողի գլուխգործոցը: Թումանյանը «Հազարան բլբուլի» տարբեր ազգերի 60 տարբերակ է հավաքել, նաեւ Հայաստանում եղած տարբեր բարբառներով` կիսատ հատվածներ, եւ դրանց հիման վրա պիտի մշակեր ստեղծագործությունը:

«Մշակված 2 մասից էլ, որ հրատարակել է, կարելի է Թումանյանին բացահայտորեն տեսնել: Թագավորի 3 տղաներից մեկը` կրտսերը, պոետ է: Թումանյանն իրեն դրել է այդ հերոսի դերում: Այն հավաքած տարբերակներից ոչ մեկի մեջ չեք տեսնի, որ թագավորի տղան պոետ լինի: Եվ թագավորի այդ տղան, երբ գնում է հազարան բլբուլի հետեւից, անցնում է այն ճանապարհը, որն անցնում են ընդհանրապես գաղտնագիտության դպրոց անցնողները: Թումանյանի աշխարհը այդ գաղտնագիտությունն է` օկուլտիզմը, միստիցիզմը, յոգան, բուդդայականությունը»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա խոսքերով` Թումանյանն ինքը մեզ մի շարք բանալիներ է տվել, որոնցով կարելի է բացել իր պոեզիայի գաղտնի դռները: Օրինակ` Թումանյանն ասել է, որ քննադատը պետք է թարգմանի բանաստեղծի ոչ թե բառերը, ստեղծագործության ձեւը, այլ նրա ոգին, սիրտը, եւ Աստծու նման պիտի սրտագետ լինի: Սրտագետ բառը բառարաններում գրված է որպես գաղտնագետ, ծածկագետ, ծածկատես: «Այ, այստեղ է բացվում այդ գաղտնիքը, որ նրան կապել եմ այդ գաղտնագիտության հետ: Ես համոզված եմ, որ երբ Թումանյանն ասում էր` կտեսնեն «ուրիշ բան», նկատի ուներ եւ իր գաղափարական, աշխարհայացքային կողմնորոշումը, եւ այն միսիան, որ ինքը պետք է կատարեր: Այդ «ուրիշ բանը» ես տեսնում եմ երկու հասկացության մեջ. նա` որպես Թեոսոֆիական ընկերության, թեոսոֆիական գաղափարների հետեւորդ (թեոսոֆիա նշանակում է աստվածային իմաստություն), երկրորդ` որպես ազգի փրկիչ, ազգի, ժողովրդի համար առաքելություն կատարող: Նա մի շարք ստեղծագործություններ ունի` «Ընտրյալը», «Մարգարեն», որտեղ այդ փրկչական իմաստն է արտահայտված. ստեղծագործության հերոսը իջնում է` ընկածին բարձրացնելու, փրկելու իր ժողովրդին»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա համոզմամբ` արեւելյան փիլիսոփայության, յոգայի, բուդդայականության մեջ ընդունված հիմնական օրենքներից մեկը` կյանքի անընդհատության, հոգու վերամարմնավորման գաղափարը, Թումանյանը ձեւակերպել է հետեւյալ քառյակի մեջ. «Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ` ի~նչ կա որ. Ես եղել եմ, կա~մ, կլինեմ հար ու հավետ, ի~նչ կա որ, Հազար էսպես ձեւեր փոխեմ, ձեւը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի~նչ կա որ»:

«Գաղտնագիտությունը կամ օկուլտիզմը ընդհանուր անվանումն է այն ուսմունքների, որոնք ընդունում են մարդու եւ բնության մեջ գաղտնի ուժերի գոյությունը: Իսկ Թումանյանը դա բացահայտ ընդունում էր եւ ուսումնասիրում: Այս տեսակետից նա կյանքը հավերժական է տեսնում, մահով չի ավարտվում կյանքը, եւ որպես Հովհաննես Թումանյան ծնվելուց առաջ էլ նա որպես հոգի եղել է, եւ ըստ գաղտնագիտության տեսության` յուրաքանչյուր հոգի ծնվելուց առաջ մտածում է իր համար խնդիր, առաքելություն»,- ասաց Հ. Ուլուբաբյանը: Նրա խոսքերով` Թումանյանի ժամանակ յոգայի, բուդդայականության ուսմունքները եւ այդ թեմայով գրականություն աշխարհով մեկ տարածում էր Թեոսոֆիական ընկերությունը: Ընկերությունը 1875 թ. նոյեմբերին Նյու Յորքում ստեղծել են Ելենա Պետրովնա Բլավատսկայան եւ Հենրի Օլկոտտը: Ընկերությունը մասնաճյուղեր էր բացում աշխարհի տարբեր երկրներում: Բլավատսկայան գաղտնի վարդապետություն է գրել` «Тайная доктрина: синтез науки, религии и фолософии»:

Հ. Ուլուբաբյանի խոսքերով` Թումանյանին եւս կարելի է անվանել համադրողական մտածողության կրող: Նա Արեւելքը համարում էր հոգեւոր կենտրոն, բայց զարգացումը տեսնում է Արեւելքի եւ Արեւմուտքի սինթեզի, կրոնների, գիտության սինթեզի մեջ: Բլավատսկայայի նեղ խումբը հավաքվում էր հինգշաբթի օրերին, «Վերնատան» անդամները` եւս: Մինչ «Վերնատան» ստեղծումը եւ Թումանյանի տանը հավաքվելը հինգշաբթի օրերին հավաքներ են եղել Մարիամ Թումանյանի տանը:

Թումանյանի անձնական գրադարանում կային «Вестник Теософии» ամսագրի համարները, որոնց վերջին էջերում գրված են Թեոսոֆիական ընկերության կանոնադրությունը եւ 3 գլխավոր նպատակները: Այդ նպատակներն են` 1. համամարդկային եղբայրության միջուկի ստեղծումը, 2. կրոնների ու փիլիսոփայությունների (հիմնականում արեւելյան փիլիսոփայության) ուսումնասիրությունը, 3. մարդու եւ բնության գաղտնի ուժերի ուսումնասիրությունը: «Ուսումնասիրելով Թումանյանի եւ կյանքը, եւ ստեղծագործությունները` համոզվել եմ, որ այս 3 խնդիրներով հստակ զբաղվել է Թումանյանը»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Նրա խոսքերով` եղբայրության վերաբերյալ Թումանյանի գաղափարները ամենից շատ են ուսումնասիրվել եւ հայտնի են: Քիչ հայտնի է այն, որ Թումանյանը զբաղվել է կրոնների եւ փիլիսփայությունների ուսումնասիրությամբ: Մեծ գրողը հատվածներ է թարգմանել եւ «Զրադաշտից», եւ «Բհագավագիտտայից», որը չի տպագրվել Թումանյանի երկերի լիակատար ժողովածուում (10 հատորով): Իսկ «Վերնատան» անդամներից Ղազարոս Աղայանը ունի Բուդդայի կյանքին եւ ուսմունքին նվիրված անտիպ ուսումնասիրություն, որը պահվում է Գրականության եւ արվեստի թանգարանում` Աղայանի ֆոնդում: Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` Թումանյանի ստեղծած «Վերնատունը» իրականացնում էր Թեոսոֆիական ընկերության 3-րդ խնդիրը եւս:

Թեոսոֆիական ընկերությունը պայքարում էր եւ եկեղեցական դոգմատիզմի դեմ, որը կանգնեցնում է մարդկության զարգացումը, եւ այն մատերիալիստական գիտության դեմ, որը ճգնաժամի մեջ էր, բայց կարծում էր, թե 19-րդ դարավերջին մարդու եւ տիեզերքի ճանաչումն ավարտված է, ատոմը ամենափոքր, այլեւս չտրոհվող մասնիկն է: Բլավատսկայան ատոմի տրոհվելուց դեռ 10 տարի առաջ նշել էր, որ ատոմը կտրոհվի, եւ ավելի փոքր մասնիկ կհայտնագործվի: Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` «Վերնատան» անդամները` Թումանյանը, Աղայանը, Իսահակյանը, Շանթը, Դեմիրճյանը, Աղբալյանը, ինչպես նաեւ հյուրերը հավաքների ժամանակ քննարկում էին այս գաղափարները: Բանախոսը հիշեցրեց Ավետիք Իսահակյանի 1903 թ. գրված հետեւյալ միտքը. «Ես ձեզ ասում եմ` կգա ոգու սով, ձեր նյութի հանդեպ կգա ոգու սով»: Այս տարիներին էր գրվում նաեւ Լեւոն Շանթի «Հին աստվածները»:

Հ. Ուլուբաբյանի համոզմամբ` «Վերնատան» անդամները հավաքների ժամանակ քննարկում էին նաեւ օկուլտիզմը` գաղտնագիտությունը: Դրա վառ վկայությունը, բանախոսի կարծիքով, այն է, որ Աղայանի մահվան առաջին տարելիցի կապակցությամբ Թումանյանը գրել է, թե ինքն ուզում է հիշատակել տարօրինակ դեպք: «Տարօրինակ եմ ասում, որովհետեւ տարօրինակ են համարվում. թե չէ մենք այս տեսակ դեպքերը ընդունում ենք որպես սովորական ու բնական երեւույթներ: Մենք հաճախ խոսում էինք բնության ու կյանքի գաղտնի ուժերից, որ տակավին մարդը չի ճանաչում ու չի գիտակցում պարզորեն, խոսում ենք եւ հոգիների փոխադարձ հաղորդակցության ընդունակությունից, որ տարածություն չեն ճանաչում եւ ազդում են ամեն տեղ ու ամեն հանգամանքում, բայց միայն նուրբ բնության տեր մարդիկ են զգում եւ հասկանում, եւ մեր մեջ համարելով մեզ էլ այդպիսի մարդիկ` շատ դեպքեր էինք բերում մեր կյանքից»,- գրել է Թումանյանը:

Հ. Ուլուբաբյանի պարզաբանմամբ` գաղտնագիտության մեջ «նուրբ բնության տեր մարդիկ» են համարվում նրանք, ովքեր ունեն նաեւ 6-րդ զգայարան, որը կարելի է անվանել ինտուիցիա, տելեպատիա, պայծառատեսություն: Աղայանի մահվան տարելիցին Թումանյանը գրել է, որ ինքը տեսել է Աղայանի` ընկնելու եւ մահանալու լուսավոր պատկերը: «Այդ երեւույթի բացատրությունը օկուլտիզմի մեջ կա. հոգեհարազատ մարդիկ իրար կապված են լինում այնպես, ինչպես, ասենք, ռադիոհեռուստահաղորդումները. կարող եք միացնել այս կամ այն ալիքը, տեսնել` ինչ ցանկանում եք»,- ասաց Հ. Ուլուբաբյանը: Նա նշեց, որ Թումանյանը նաեւ ասել է. «ես էս կամ էն խնդրի պատասխանը կարող եմ իմանալ պայծառատեսությամբ»: Սակայն Թումանյանի դստեր` Նվարդ Թումանյանի հրատարակած «Հուշեր եւ զրույցներ» գրքի 1969 եւ 1989 թթ.-ի հրատարակությունների միջեւ տարբերություն կա. գրքի 89 թ.-ի հրատարակության մեջ «էս կամ էն խնդրի...» արտահայտությունը սահմանափակվել է` դարձել է «էս խնդրի...»:

«Այսինքն` բազմաթիվ վկայություններ կան, որ Թումանյանը ցանկացած խնդրի պատասխանը կարող էր պայծառատեսությամբ իմանալ: Նրա մտերիմներից մեկը` Մարիամ Թումանյանը իր հուշերում գրում է` մեր միջեւ ստեղծվել էր այնպիսի խոր հոգեբանական կապ, հարազատություն, որ իմ ուղեղում ծագած յուրաքանչյուր միտք նա բարձրաձայն արտահայտում էր: Դա տելեպատիայի երեւույթն է: Պարզվում է, որ Թումանյանը ունի իր հուշերում գրված, իր պատմություններում նշած, որ ռուս-ճապոնական պատերազմն է նախօրոք տեսել»,- ասաց բանախոսը:

Նա գիտաժողովի մասնակիցներին ցույց տվեց Թումանյանի գրադարանում եղած մի քանի գրքեր, որոնք, նրա համոզմամբ, տարածել է Թեոսոֆիական ընկերությունը, մասնավորապես` «Вестник теософии» ամսագրի պատճենները, «Մահ, իսկ հետո՞», «Символы Таро, философия окультизма», «Сведения о теософском обществе», «Великие посвященные» գրքերը եւ այլն: Հ. Ուլուբաբյանի խոսքերով` Թումանյանի դուստրը` Նվարդ Թումանյանը, իր հուշերում գրում է, որ որդու մահից հետո Թումանյանը «Великие арканы Таро» փիլիսոփայական ստեղծագործության միջոցով ուսումնասիրել է կյանքի ու մահվան խնդիրները: Մեծ գրողը չէր հավատում, որ որդին մահացել է, կարծում էր, որ նա կա, բայց չգիտեր` թե ինչ ձեւով: «Այսօրվա դրությամբ թումանյանագիտությունը շարունակում է գործել, բայց չունենալով այդ մեթոդաբանությունը, այդ փիլիսոփայությունը` չեմ կարծում, որ որեւէ լուրջ բան ասվի Թումանյանի այդ խոհափիլիսոփայական աշխարհի վերաբերյալ: Թումանյանագիտական ուսումնասիրությունները չեն կարող իրական հողի վրա կանգնել, քանի դեռ չեն մտել Թումանյանի այս աշխարհ, քանի դեռ այս փիլիսոփայությամբ չեն ղեկավարվում»,- ասաց Հ. Ուլուբաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter