HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Անչափահասները` գողություն, կանայք` խարդախություն 

2009-ին կատարած աշխատանքների արդյունքներն է ամփոփել ԼՂՀ վերաքննիչ դատարանի նախագահ Վլադիմիր Հովսեփյանը` այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքերով, վիճակագրությունը ցույց է տալիս, որ առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությամբ ավարտված գործերի 10 տոկոսն է վերաքննության կարգով բողոքարկվում: 2009-ին Վերաքննիչ դատարանի վարույթում եղել է 173 քաղաքացիական գործ, որից դատաքննությամբ ավարտված 139 գործերի 45,3 տոկոսի դեպքում օրինական ուժ է տրվել առաջին ատյանի դատարանի վճիռներին, 33 տոկոսի դեպքում վճիռները բեկանվել եւ փոփոխվել են, 21,5 տոկոսի դեպքում վճիռները բեկանվել եւ գործերն ուղարկվել են ստորադաս դատարան` նոր քննության: Պարզվում է, որ վերաքննությամբ ավարտված 139 գործերից 43-ը վերաբերում են գումարային պահանջներին: Վլադիմիր Հովսեփյանի հավաստմամբ` վերջին տարիներին լայն տարածում է ստացել մարդկանցից պարտքով գումարներ վերցնելն ու ետ չվերադարձնելը, ինչի համար պարտք տվողները դիմում են դատարան, սակայն դատարանը հաճախ չի կարողանում նրանց իրավունքները պաշտպանել` այդ գործարքը հաստատող գրավոր փաստաթղթի բացակայության պատճառով: Քաղաքացիական գործերից 25-ը վերաբերում էին բնակարանային, 17-ը` գույքային, 16-ը`  հողային, 14-ը` ամուսնաընտանեկան, 11-ը` ժառանգության, 4-ը` աշխատանքային վեճերին: 9-ը գործ վերաբերում էր տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց անօրեն գործողությունները բողոքարկելուն եւ այլ բնույթի վեճերին: Խոսելով անցած տարվա ընթացքում դատարանի վարույթում եղած 63 քրեական գործերի մասին Վերաքննիչ դատարանի նախագահը հայտնեց, որ վերաքննությամբ ավարտված 49 քրեական գործերից 53 տոկոսի դեպքում բեկանվել եւ փոփոխվել են ստորադաս դատարանի դատական ակտերը,  40,8 տոկոսի դեպքում օրինական ուժ է տրվել ստորադաս դատարանի դատական ակտերին, իսկ 6,1 տոկոսի դեպքում ակտերը բեկանվել եւ գործերն ուղարկվել են ստորադաս դատարան: Վերաքննությամբ ավարտված գործերով ամբաստանյալներից 56-ը տղամարդիկ  էին, 8-ը` կանայք, ընդ որում` 2-ն անչափահաս, 10-ը` նախկինում դատված: Մեր այն  հարցին, թե ինչ բնույթի հանցագործություններ  են կատարվել կանանց եւ անչափահասների  կողմից, Վ.Հովսեփյանը պատասխանեց, որ անչափահասների կողմից կատարվել է գողություն, իսկ կանանց կողմից` հիմնականում խարդախություն: Ի դեպ, կանացից մեկը հեղինակ է առանձնապես ծանր հանցագործության. Ստեփանակերտի բնակչուհի Ռաիսա Առուշանյանը, ով անբարյացակամ հարաբերությունների մեջ  էր սկեսրոջ հետ, վիճաբանություններից մեկի ժամանակ հրել է նրան երկրորդ հարկից, որի արդյունքում սկեսուրը մահացել է: Հանցագործությունը բացահայտվել է, եւ Ռաիսա Առուշանյանը դատապարտվել է 7,5 տարվա ազատազրկման: Մյուս առանձնապես ծանր հանցագործությունը տեղի էր ունեցել  Ասկերանի շրջանի Դահրավ գյուղում. չափահաս կնոջը բռնաբարելու համար հանցագործը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման: Քրեական գործերը  հիմնականում, ըստ Վ.Հովսեփյանի, վերաբերում էին գույքի հափշտակմանն ու գողությանը, մարմնական վնասների պատճառմանը, կար  նաեւ մաքսանենգությանը վերաբերող գործ: Կոռուպցիոն բնույթի գործ 2009-ին Վերաքննիչ դատարանի վարույթում չի եղել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter