HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մամուլի տեսություն

«Ֆիրդուսնոցի» աշխատակիցները բողոքում են Երեկ ՀԴՄ-ների` հաշվիչ դրամարկղային մեքենաների դեմ պայքարելու հերթը «Ֆիրդուսնոցինն» էր: Մանրածախ առևտրի այս շուկայի աշխատակիցները երեկ բողոքի ցույց էին կազմակերպել կառավարության մոտ: Այս դեպքում պայքարն ինչ-որ տեղ արդարացված է, քանի որ տարածքը մարտի 1-ից ազատվելու է, այն որպես «պետության գերակա շահի» համար կառուցապատման ենթակա տարածք` տրամադրվել է «Գլենդել հիլզ» ընկերությանը, որն այստեղ էլիտար բնակարանաշինություն է ծավալելու: Հայկոն և Անահիտ Սիմոնյանը նշանվել են Հունվարի 16-ին Երևանի արվարձաններից մեկում տեղի է ունցել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի և երգչուհի Անահիտ Սիմոնյանի նշանադրության արարողությունը, որը, «Հրապարակի» տեղեկություններով, բավականին համեստ է եղել, թեպետ «Ջազվեի» գովազդում նկարահանվող երգչուհու հայրը Ռուսաստանի Սուրգութի նահանգապետն է: Դարձյալ կտուժի Հայաստանի վարկը ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսյանը, ով տևական շրջան գլխավորել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը, անդրադառնալով այժմ մեր պատվիրակությունում տեղի ունեցած փոփոխություններին` «Առավոտին» ասաց. «ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հետ անցած տարի տեղի ունեցած միջադեպի և այդ առնչությամբ Հայաստանում բարձրացված աղմուկից հետո այս ամենը ստանում է բոլորովին այլ երանգներ: Եվ կարծում եմ` դա կնկատեն Ստրասբուրգում: Սա խիստ վտանգավոր է: Խնդիրն առաջին հերթին ոչ թե անձերն են, այլ երևույթները: Իսկ մենք այս դեպքում գործ ունենք ցավալի երևույթների հետ, որոնք վկայում են երկրում քաղաքական մշակույթի որակի մասին: Այս ամենի արդյունքում տուժում են ոչ թե անձերը, այլ Հայաստանի վարկն ու կերպարը, որոնք թերևս ամենակարևոր գործոններն են մեր երկրի արտաքին հարաբերություններում»: Դատի տալ իրավապաշտպաններին Վերջին շաբաթվա ընթացքում միանգամից երկու միջազգային իրավապաշտպան կազմակերպություն («Human Rights Watch» և «Freedom House») սուր քննադատության ենթարկեցին Հայաստանին: «Ես լինեի իշխանությունների տեղ` դատի կտայի այդ կազմակերպություններին կամ առնվազն բացատրություններ կպահանջեի` ինչի՞ց ելնելով, ի՞նչ փաստերի հիման վրա են հանգել նման եզրահանգումների: Արտգործնախարարությունը, Ազգային ժողովը պետք է մանրամասն ուսումնասիրեն այդ զեկույցները և արտահայտեն իրենց վերաբերմունքը` որքանով այդ գնահատականները համապատասխանում են իրականությանը»,- «Հայոց աշխարհի» թղթակցին ասել է Սախարովի անվան Մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի տնօրեն Լևոն Ներսիսյանը: Լավ չես անում Անցած տարվա դեկտեմբերի 3-ին ՀՀ պետեկամուտների կոմիտեի արտաբյուջետային հաշվից ավելի քան 45 միլիոն 600 հազար դրամ է հատկացվել` ՊԵԿ աշխատակիցների համար տարատեսակ խմիչքներ և կոնֆետներ գնելու համար: Ընդ որում` ծավալներն ապշեցուցիչ են: Խոսքը մոտ 4 հազար շիշ խմիչքի և մոտ 12 տոննա կոնֆետի մասին է: Հիշեցնենք, որ օրերս Գյումրու «Ասպարեզ» ակումբը մանրամասն տեղեկություններ էր տարածել այն մասին, որ ՊԵԿ-ը արտաբյուջետային միջոցների հաշվին 29,5 միլիոն դրամի ուտուշ-խմուշ էր կազմակերպել ՊԵԿ ղեկավար կազմի համար և ՊԵԿ 20 աշխատակիցների պարգևատրել ժամացույցներով, որոնցից յուրաքանչյուրի գինը մոտ մեկ միլիոն դրամ է: Այս հարցին կառավարության երեկվա նիստում անդրադարձել է նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով հասկացնել է տվել, որ դժգոհ է, թե ինչպես է Գագիկ Խաչատրյանը ծախսում արտաբյուջետային միջոցները: Նա նաև գոհունակություն է հայտնել, որ այդ տեղեկությունը հրապարակային է դարձել կառավարության կայքէջում տեղադրվելու շնորհիվ: Բայց այս պատմությունն ունի հետաքրքիր մանրամասներ: Մեր պատասխանը Չեմբեռլենին «Ես Թուրքիայի վարչապետին խորհուրդ կտամ մութ սենյակում սև կատու չփնտրել, երբ այդ կատուն իր ուսին է»,- հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ էդուարդ Շարմազանովը: «ՉԻ» - Մութ սենյակում սև կատու փնտրելու մասին հանրահայտ թևավոր խոսքն, իհարկե, բոլորովին այլ կերպ է հնչում, բայց դա էական չէ. կարևորը մոտավոր իմաստը փոխանցելն է: Մի քանի օր առաջ էլ նույն Շարմազանովն, օրինակ, հայտարարել էր, թե վատ պարողին ոտքերն են խանգարում, մինչդեռ հաստատապես հայտնի է, որ տվյալ ասացվածքում մարմնի բոլորովին այլ մասեր են հիշատակվում: Մի խոսքով` «ծիծաղում է նա, ով ճտերը տաք-տաք է ծեծում»: Բայց մեզ ամենաշատը զվարճացնում է ոչ թե սա, այլ այն փաստը, որ Հայաստանը Թուրքիայի վարչապետի հայտարարություններին արձագանքում է Էդուրադ Շարմազանովի մակարդակով (ընդ որում` «մակարդակ» ասելով ոչ այնքան պատասխանի բովանդակությունը նկատի ունենք, որքան դրա հեղինակի տրամաչափը): Երևի պրն Շարմազանովին շատ է դուր եկել Քոչարյանի հիշատակած փղի և Մոսկվայի պատմությունը: 22 օրական աղջնակը 8 օր մնացել է փլատակների տակ Կոլումբիացի հրշեջները Հաիթիում փրկարարական աշխատանքներ կատարելիս փլատակների տակ հայտնաբերել են 22 օրական ողջ մնացած աղջնակի: Նա տան փլատակների տակ մնացել է 8 օր: Այժմ 22 օրական Էլիզաբեթը գտնվում է բժիշկների հսկողության տակ, աղջնակի վիճակը բարելավվում է: Փրկարարները Էլիզաբեթի փրկությունը իսկական հրաշք են համարել, քանի որ, ինչպես նշում են բազմաթիվ փորձագետներ, անհնար է փլատակների տակ ողջ մնալ երկրաշարժից երեք-չորս օր անց: Նույն օրը ֆրանսիացի փրկարարները փրկել են նաև 11-ամյա մի աղջկա, որը նույնպես 8 օր անցկացրել է փլատակների տակ: Իսկ ընդհանուր առմամբ հաջողվել է փրկել 121 մարդու կյանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter