HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արաքսի ձայնը լսում են, բայց մոտ գնալ չեն կարող

Լուսանկարում երեւում է` փշալարերից այն կողմ, բայց հայկական հողում գտնվող այն շինությունը, որտեղ հանդիպումներ են ունենում հայ եւ թուրք պաշտոնյաները: Այստեղ խոսքն ամենեւին էլ դիվանագիտական հանդիպումների մասին չէ: Այդ շենքում երկու կողմերի ներկայացուցիչները քննարկում են, թե ինչպես եւ ինչ քանակի ջուր վերցնեն Արաքս գետից: Երբ Արմավիրի մարզի սահմանամերձ Բագարան եւ Երվանդաշատ համայնքներում էինք, գյուղացիներն առաջին հերթին դժգոհեցին, որ կառավարությունն իրենց պարզապես թալանում է, քանի որ իրենցից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Ախուրյան գետից ինքնահոս եղանակով վերցված ջուրն իրենց վրա թանկ գներով են հաշվում: Բագարանցի Գրիգոր Ղազարյանը «Հետքին» փոխանցեց, որ 1 հեկտար հողամաս ջրելու համար իրենցից տարեկան գանձում են 50 հազար դրամ ջրի վարձ: «Ոչ նասոս են միացնում, ոչ էլ ինչ որ ներդրում են անում: Ջուրը Ախուրյանից գալիս է, գյուղի միջով նորից գնում, լցվում է գետը: Դրա համար ինչի՞ 50 հազար դրամ վարձ տանք»,- ասում է Գ. Ղազարյանը: Սահմանապահ գյուղացիները նշում էին նաեւ, որ միայն հայկական կողմն է իր երկրի գյուղացիների համար արգելքներ ու դժվարություններ ստեղծում, իսկ Թուրքիան իր սահմանամերձ գյուղերի բնակիչներին «լավ աչքով» է նայում: Նրանք պատմում էին, որ հայկական կողմի սահմանապահներն ավելի խիստ են իրենց հետ վարվում: Ըստ բագարանցիների` թուրքերն իրենց անասուններին Արաքս գետում են ջրում, իրենք էլ հայկական գետի մոտ խնջույքներ են կազմակերպում, սակայն հայերը չեն կարողանում նույնիսկ փշալարերից այն կողմ հայտնվել: Դրա համար հատուկ թույլտվություն է պետք: «Ջուր չունենք, գազ չկա գյուղում: Լավ է` այս տարի սահմանապահները երեւի մեզ խղճացին, թույլատրեցին, որ անցնենք փշալարերից այն կողմ, ցախ հավաքենք, որ յոլա գնանք: Ախուրյան գետի ափից ցախը հավաքել ենք, մի 100 մետր շալակով հանել ենք դուրս ու մեքենաներով բերել ենք»,- ավելացրեց Գրիգոր պապը: Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց համայնքներում ոռոգման համակարգն իրոք ինքնահոս է: Մեր այն հարցին, թե` «այդ դեպքում ինչո՞ւ է այդքան թանկ», գյուղապետը պատասխանեց, որ ջրային քաղաքականությունն է վատ տարվում: «Հայաստանի տարածքով մեկ ստեղծվեցին ՋՕԸ-եր: Այդ ՋՕԸ-երին սնուցում են միջազգային բանկերը, այսինքն` Միջազգային բանկերը փողեր են տալիս, որ ծրագրեր իրականացնեն և այլն: Մի հատ բարդ, ապուշ, իմ համար անհասկանալի բան է:  Պետությունը ՋՕԸ-երին շատ էժան գնով է ծախում ջուրը, որպեսզի նրանք էլ դրսի փողերից չկտրվեն` ջրի գինը բարձրացնում են»,-պարզաբանեց գյուղապետը: Նրա ասելով` եթե հարցը շատ սրանա, առաջինն ինքն է լինելու, որ ՋՕԸ-երից հրաժարվելու է եւ պայմանագիր է կնքելու միանգամից Ջրառի հետ, սակայն ավելացրեց, որ դա մի քիչ բարդ է լինելու: «Մեխանիզմներ կան, բայց գյուղացին դեռ դրան չի հասել եւ չի հասկանում, որ իր օգուտն է լինելու»,-ավելացրեց Հ. Ավետիսյանը: Գյուղացիները նշեցին, որ խոսակցություններ կան, որ այս տարի ոռոգման ջուրը կրկին թանկանալու է: Բագարանի գյուղապետ Գեւորգ Մարգարյանն էլ ասաց, որ գյուղի մշակովի 400 հա հողից միայն 170հա-ն է մշակվում: Գյուղապետը խուսափեց ասել, որ մարդիկ հողերը չեն մշակում ոռոգման ջրի թանկ լինելու պատճառով: Նա «մեղքը» գցեց հողերի հեռու լինելու վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter