HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մարտունիում թշնամանքը խորանում է

Այս անգամ այրել են քաղաքի գլխավոր բժիշկի ավտոմեքենան

Հունվարի 20-ի լույս 21-ի գիշերը առայժմ անհայտ պատճառներով այրվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հիվանդանոցի տնօրեն Սեդրակ Սահակյանի «Վոլգա» մակնիշի ծառայողական ավտոմեքենան: Դեպքը տեղի է ունեցել հենց հիվանդանոցի բակում:

«Հանրապետությունում էլ կարեւոր լուր չկա՞»,- այսպես պատասխանեց Սեդրակ Սահակյանը, երբ նրանից փորձում էինք հետաքրքրվել, թե ինչ պատճառներով է այրվել ավտոմեքենան: Մարտունու գլխավոր բժիշկը նշեց, որ ինքը Երեւանում է եղել, երբ իմացել է, որ ավտոմեքենան այրվել է ու պատճառների մասին կոնկրետ ոչինչ ասել չի կարող: «Ես բժիշկ եմ, իրավաբան ու դետեկտիվ չեմ: Այժմ այդ հարցով զբաղվում են հրդեհային ծառայությունն ու ոստիկանությունը»,- ասաց Ս. Սահակյանը: Այնուամենայնիվ` հիվանդանոցի տնօրենն իր ավտոմեքենայի այրումը ինչ որ չափով կապում է  վերջերս Մարտունու քաղաքապետ Բագրատ Հարությունյանի հետ կապված իրադարձությունների հետ, ինչը լարվածություն է առաջացրել քաղաքում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի լույս 31-ի գիշերը անհայտ անձինք Մարտունու գերեզմանոցից կտրել եւ կինոյի տան դիմացն էին գցել Բագրատ Հարությունյանի եղբոր՝ գնդապետ Հարություն Հարությունյանի կիսանդրին: Մեր տեղեկություններով` այդ դեպքից մոտ 2 օր առաջ քաղաքում թռուցիկներ էին փակցվել հետեւյալ բովանդակությամբ. «Եթե չքանդես քաղաքապետարանի մոտ՝ Շահումյան փողոցի ապօրինի շինությունը, կհայտնվես եղբորդ վիճակում»:

«Ինչ որ տեղ նաեւ այդ դեպքերի հետ եմ ինձ հետ կատարվածը կապում: Կապում եմ, երկրում, կներեք նաեւ լրագրողներիդ մասնակցությամբ, ստեղծված իրավիճակի հետ: Որովհետեւ` մեր երկիրը հալի չի հասնի այնքան ժամանակ, մինչեւ իրար չլսենք: Բոլորն իշխանություն են ուզում, բոլորը պաշտոն են ուզում: Քաղաքում շատ դեպքեր են եղել` դեռ ընտրություններից սկսած: Համայնքապետի թեկնածուների դեմ թռուցիկներ էին գրում կպցնում պատերին ու ոչ մեկ ոչ մի բան չէր անում: Հիմա էլ դրա շարունակությունն է»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Սեդրակ Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter