HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Ինչ գործիք է տալիս Թուրքիային ՀՀ Սահմանադրական դատարանը

Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցը չփարատեց ՀՀ ՍԴ որոշման մեկնաբանության շուրջ կողմերի միջև առաջացած հակասությունը: Այդ փաստը անուղղակի հաստատեց նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Սաուդյան Արաբիայում կայացած ասուլիսի ժամանակ վերջինս հայտարարել է. «Իրադարձությունը Հայաստանի Սահմանադրական դատարանում գաղտնի է արվել: Իհարկե, Թուրքիան չի կարող ընդունել գաղտնի ներկայացված մոտեցումները: Մենք Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն առանց փոփոխության անմիջապես մտցրեցինք թուրքական խորհրդարան: Արձանագրությունների մեջ ոչ մի բառ չփոխեցինք և ցույց տվեցինք մեր անկեղծությունը: Իսկ Հայաստանը արձանագրությունների վրա օպերացիա է իրականացնում: Անհրաժեշտ է, որ դրանք նախկին ձևին բերվեն: Այդ սխալը չուղղելու պարագայում գործընթացում ձգձգումներ կլինեն»:

Թուրքական կողմից արդեն հայտարարություններ են հնչում, թե Հայաստանի ՍԴ-ի այս որոշմամբ և դրա վերաբերյալ Անկարայի դիրքորոշումը ցույց են տալիս, որ հայ-թուրքական հաշտեցման, արձանագրությունների վավերացման գործընթացները մտնում են փակուղի: Ըստ թուրքական աղբյուրների` դա բխում է Թուրքիայի շահերից, քանի որ նման որոշում կայացնելով` Հայաստանի ՍԴ-ն Անկարայի ձեռքին հարմարավետ գործիք է դնում` խուսափելու արձանագրությունների վավերացումից, դրա համար միջազգային հնարավոր ճնշումներից և պատասխանատվություն կրելուց: Որքանով են, սակայն, այսպիսի մեկնաբանություններն արտացոլում իրականությունը: ՍԴ որոշման վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարության տարածած պաշտոնական հայտարարությունը մի նուրբ առանձնահատկություն է պարունակում. այնտեղ նշված չեն, թե այդ որոշման «իրավական դիրքորոշումների» մեջ նշվող որ կետերում է Անկարան նախապայմաններ տեսնում: Վարչապետ Էրդողանն իր վերջին հրապարակային ելույթում մատնանշում է միայն Ցեղասպանության ճանաչման հետ կապված` ՍԴ-որոշման մեջ նշվող վերապահումը, որը կապված էր Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի հետ: Սակայն նա չի նշում, թե որտեղ է դրանում տեսնում բուն նախապայմանը:

Եթե Անկարայի համար Հայաստանի ՍԴ կայացրած որոշումն իսկապես հնարավորություն էր` թոթափելու արձանագրությունների վավերացման ձգձգման համար միջազգային ճնշումները և հրաժարվելու վավերացումից, ապա հայտարարության մեջ ըստ կետերի պետք է նշվեին կոնկրետ նախապայմանները: Այդպիսով Անկարան հիանալի կերպով կարող էր միջազգային հանրության առջև հիմնավորել իրենց դիրքորոշումները, դրանով պայմանավորված` վավերացումից հրաժարվելու հետագա որոշումը: Թուրքիան, սակայն, այդ քայլին չի գնում` ՍԴ իրավական դիրքորոշման մեջ իր տեսած նախապայմանների մեկնաբանությունը թողնելով ոչ պաշտոնական շրջանակներին: Եթե Անկարան գնար այդ քայլին, ապա ստիպված էր լինելու արձանագրել, որ ՍԴ վերապահումները կամ «նախապայմանները» վերաբերում են արձանագրությունների բոլոր այն կետերին, որոնք ուղղակի բխում են Թուրքիայի շահերից և նախապայմաններ են հանդիսանում թե' սահմանների բացման, թե' դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար: Պարզ է, որ անգամ այսպիսի լղոզված ձևակերպումներով Անկարան բացահայտում է, որ արձանագրությունները ստորագրել է միայն դրանցում այդ նախապայմանների ամրագրման պատճառով, և որ ՍԴ-ն, ըստ էության, բացահայտում և ջրի երես է հանում դրանք: Սակայն տվյալ դեպքում խնդիրը ոչ այնքան դա է, որքան այն, որ Անկարան խոսափում է գործընթացում վերջակետ դնելուց: Դրա մյուս վկայությունն այն է, որ թուրքական կողմը պաշտոնապես չի հստակեցնում, թե ելնելով այդ գնահատականներից` Կառավարությունը Մեջլիսից ետ վերցնելու է արձանագրությունները, թե ոչ: Այս իմաստով հետաքրքրական է Թուրքիայի վարչապետի` Սաուդյան Արաբիայում արած վերոնշյալ հայտարարության հատկապես վերջին նախադասությունը. «Այդ սխալը չուղղելու պարագայում գործընթացում ձգձգումներ կլինեն»:

Նույն կեցվածքն է նաև Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հայտարարության մեջ. «Թուրքիան, հավատարիմ իր միջազգային պարտավորություններին, շարունակում է նվիրված մնալ հայ-թուրքական արձանագրությունների հիմնական դրույթներին»: Պաշտոնական Անկարան «նույն նվիրվածությունն է ակնկալում Հայաստանի Կառավարությունից»: Թե' Թուրքիայի վարչապետը և թե' արտգործնախարարությունն ակնհայտորեն խուսափում են խոսել Հայաստանի կողմից ՍԴ որոշումը չվերանայելու դեպքում արձանագրությունների վավերացման գործընթացն ընդհանրապես դադարեցնելու մասին: Առաջին հայացքից կարող է թվալ, թե այս անհստակություններով Անկարան հայկական կողմին իրավիճակը «շտկելու» համար ժամանակ է տալիս: Սակայն հիմնական պատճառն այն է, որ իրականում Թուրքիային այս պահին այնքան էլ ձեռնտու չէ գործընթացի կասեցումը` անկախ կառավարող շրջանակներից դրա մասին տարատեսակ հայտարարություններից կամ սպառնալիքներից: Պատահական չէ, որ նման կոշտ հայտարարություններին զուգահեռ` թուրքական կողմը շարունակում է պնդել, որ արձանագրությունները չեն վավերացվելու, մինչև ԼՂ հարցում «առաջընթաց» չգրանցվի: Վարչապետ Էրդողանը ՀՀ ՍԴ-ի որոշման մասին խոսելիս կրկին շեշտել է, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները չեն կարող այս գործընթացից դուրս լինել:

«Ես դա արձանագրությունների ստորագրումից առաջ էլ, հետո էլ ասել եմ»,- ասում է նա: Թուրքիայի ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայքալն իր հերթին ավելացրել է, թե եթե նույնիսկ Հայաստանի Սահմանադրական դատարանը նման որոշում չկայացներ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովն արձանագրությունները չէր վավերացնելու: «Որովհետև Հայաստանը նպատակ չունի դուրս գալ ադրբեջանական տարածքներից»: Փաստորեն, անգամ այս ճգնաժամային իրավիճակում Թուրքիան շարունակում է առաջին պլանում պահել հայ-թուրքական և Ղարաբաղյան գործընթացների շաղկապվածության մասին իր պնդումները: Եվ դա պատահական չէ: Արձանագրությունների վավերացման հարցը արտաքին դիվանագիտության օրակարգում պահելը Թուրքիային անհրաժեշտ է առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ձեռք բերած դե ֆակտո միջնորդի դերը չկորցնելու համար:

Բացառապես արձանագրությունների նախաստորագրման և դրա պատճառով Թուրքիայի կտրուկ ակտիվացման արդյունքում 2009 թ. մայիսից ԼՂ հարցով Հայաստան-Ադրբեջան բանակցություններին աննախադեպ տեմպ հաղորդվեց: Հենց Անկարայի դիվանագիտական այս ճկուն քաղաքականության արդյունքում Ադրբեջանը աննախադեպ կերպով կարծրացրեց դիրքորոշումը` գործնականում հրաժարվելով որևէ զիջման գնալ բանակցային գործընթացում: Հակամարտության կարգավորման ողջ պատմության ընթացքում առաջին անգամ թուրք-ադրբեջանական այս տանդեմը դարձավ հզոր քաղաքական գործոն: Գործնականում հենց արձանագրությունների ստորագրումը Թուրքիայի առջև բացեց հարավկովկասյան տարածաշրջանի դարպասները, և եթե Անկարան կտրուկ հրաժարվի արձանագրությունները վավերացնելուց` հիմք ընդունելով ՀՀ ՍԴ որոշման «նախապայմանները», կրկին կարող է ինքն իր առաջ փակել այդ հույժ ստրատեգիական նշանակություն ունեցող դուռը:

Պարզ է, որ մինչև վերջին պահը, անգամ արձանագրությունների կատարյալ ֆիասկոյի պայմաններում, Թուրքիան դրանք պահելու է օրակարգում: Արձանագրությունների ստորագրման փաստն այս առումով շատ ավելի կարևոր ձեռքբերում է Թուրքիայի համար, քան բուն արձանագրությունների բովանդակությունը, չնայած այստեղ էլ Անկարան բավականաչափ ամրացրել էր իր դիրքերը: Հայաստանի ՍԴ որոշումը հարված էր արձանագրություններից Անկարայի ակնկալիքների իրավական պաշտպանվածությանը:

Այն Թուրքիայի համար լիովին ավելորդ ու անիմաստ է դարձնում արձանագրությունների վավերացումն ինքնին: Դա ոչ մի դիվիդենտ Անկարային չի տալիս: Հակառակը, եթե Թուրքիան անպատասխան ու անհետևանք թողներ Հայաստանի այս փոքրիկ պրովոկացիան, ապա ՀՀ խորհրդարանին լիարժեք հնարավորություն էր տալու արձանագրությունները վավերացնել ՍԴ «իրավական դիրքորոշումների» հիման վրա: Այսինքն` սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Թուրքիայի համար դառնում է ինքնանպատակ և Հայաստանին ազատում է դրա դիմաց որևէ էական պարտավորությունից: ՀՀ ՍԴ որոշման «իրավական դիրքորոշումները» որևէ խմբագրում չեն կատարում արձանագրությունների բովանդակության մեջ:

Դրանք բխում են միայն վավերացումից հետո դրանից բխող գործընթացներում հայկական կողմի մոտեցումները կարգավորելու անհրաժեշտությունից, այսինքն` փաստացի քաղաքական ենթատեքստ ու նշանակություն ունեն: Անկարայում հասկանում են, որ ՍԴ-ի կողմից իր իսկ ընդունած որոշման վերախմբագրումը, վերանայումը քիչ հավանական է: Եվ Թուրքիայի կողմից սանձազերծված այս դիվանագիտական-քարոզչական գրոհն ուղղված է հենց այդ քաղաքական հետևանքները վերացնելուն: Անկարային միանգամայն կբավարարի, եթե ՀՀ նախագահը կամ արտգործնախարարը հավաստիացնեն, որ վավերացումից հետո հայկական կողմը չի առաջնորդվի ՍԴ որոշմամբ, և այն կմնա միայն թղթի վրա: Սակայն կտա, արդյոք, Հայաստանի իշխանությունը նման խոստում... շատ բան կարող է կախված լինել հունվարի 25-ին Սոչիում կայանալիք Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter