
Սամվել Ալեքսանյանին կտուգանեն առավելագույնը 100 հազար դրամով
«Yerevan City» սուպերմարկետների ցանցում ստուգումներն արդեն 10 օր է` ավարտվել են: ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը «Հետքին» տեղեկացրեց, որ միայն մանկական սննդի մակնշման հետ կապված խախտումներ են արձանագրվել, և խախտումների չափը կորոշվի երեքշաբթի` նիստի ժամանակ:
Բաբկեն Պիպոյանը, հղում կատարելով ՀՀ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքին, նշեց, որ սխալ մակնշված ապրանքի դեպքում կարող է կիրառվել 50-ից 100 հազար դրամի չափով տուգանք: «Առավելագույն սանկցիայի կիրառում կլինի, թե չի լինի, կքննարկվի երեքշաբթի օրը»,- ասաց Բ. Պիպոյանը:
Եթե նույնիսկ ստուգումների արդյունքում ժամկետանց սնունդ չի հայտնաբերվել, արդյոք «Հետքի» հրապարակումն ու քաղաքացի Տաթևիկ Ղարիբյանը դիմումը բավարար հիմքեր չե՞ն, որպեսզի «Yerevan City» սուպերմարկետը պատասխանատվության ենթարկվի: Այս հարցին Բ. Պիպոյանը պատասխանեց. «Զուտ դատական կարգով, եթե ապացուցվի, որ այդ նկարահանումները տեղի են ունեցել «Yerevan City»-ում, այսինքն` քաղաքացին և «Yerevan City»-ն համատեղ որոշակի հարաբերությունների պարզաբանման մեջ լինեն, և քաղաքացին ապացուցի, որ այդ ամեն ինչը գնվել է «Yerevan City»-ից և այլն, միանշանակ դա հիմք կհանդիսանար, բայց մենք ունենք դիմում բողոք, որի հետքերով գնացել ենք, արձանագրել ենք լրիվ այլ խախտում»,-ասաց Բ. Պիպոյանը:
Բաբկեն Պիպոյանի տվյալներով, երբ դեպքի օրը տեսչական խումբը գնացել է «Yerevan City», արդեն իսկ «Preston» տեսակի շիլաներ չեն եղել: Դրանից հետո ոչ միայն «Yerevan City»-ում է մանկական սնունդը ստուգվել, այլ «Yerevan City» սուպերմարկետների ցանցում: Բոլոր տեսակի մանկական սննդի ստուգումումների արդյունքում «Yerevan City»-ում հայտնաբերվել է մանկական կեր` սխալ մակնշմամբ: Ժամկետանց մանկական կեր չի հայտնաբերվել:
Նա նաև հավելեց, որ ժամկետանց սննդի վաճառքը և սխալ մակնշումը գումարային տուգանքի իմաստով գրեթե տարբերություններ չեն տալիս: Ավելին, ըստ, Բ. Պիպոյանի, «Վարչական իրավախախտումների մասին» օրենքը նաև ասում է, որ ոչ թե առանձին-առանձին խախտումների համար է տուգանքը կիրատվում, այլ երբ ինչ-որ խանութում մի քանի տեսակի խախտումներ են հայտնաբերվում, կիրառվում է տուգանքի առավելագույն չափը:
Ժամկետանց շիլաների հայտնաբերման օրը, երբ «Yerevan City» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը փորձում էր պատրվակներ գտնել, թե ինչպես են այդ կերերը հայտնվել «Yerevan City»-ում, մեզ հետ զրույցում արդեն իսկ ասել էր, որ այդ կերերը միանգամից հանել են վաճառքից: Իսկ Բագրատունյաց-Ծերեթելի խաչմերուկում, որտեղ մենք հայտանբերել էինք այդ շիլաները, մեր` սուպերմարկետում գտնվելու ժամանակ հանվեց վաճառքից:
Այնուամենայնիվ, «Yerevan City»-ին պատասխանատվության չի՞ ենթարկվելու ժամկետանց կեր վաճառելու համար, եթե այդ մասին ահազանգել է քաղաքացին, ինչպես նաև «Հետքը» (մեր տրամադրության տակ է սուպերմարկետի տրամադրած համապատասխան կտրոնը, որի վրա հստակ երևում են «Preston» տեսակի շիլայի վաճառքի մասին տեղեկությունները): Այս հարցին Բաբկեն Պիպոյանը պատասխանեց. «Դա մեր մասով չէ: «Ստուգումների մասին» ՀՀ օրենքն ասում է, որ ահազանգի կամ դիմում-բողոքի դեպքում հնարավորություն ունեք ստուգումներ իրականացնել»:
Իսկ ո՞ւմ մասն է` մեր հարցին խոստացավ ճշտել և երեքշաբթի ամբողջական ինֆորմացիա տրամադրել:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել