Դմիտրի Մեդվեդև-Բագրատյա՞ն
Վերջերս տարբեր ֆորումներում քննարկման առարկա է դարձել հոլանդական կայքի մի հրապարակում, որի համաձայն` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը մի առիթով խոստովանել է, թե ինքը հայ է: «Այսօր BRIC (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան եւ Չինաստան) երկրների նախագահների ասուլիսի ժամանակ «ՌԻԱ նովոստի» գործակալության թղթակիցը հարցրեց նախագահ Մեդվեդևին` ճի՞շտ է արդյոք, որ նա ունի հրեական ծագում: Մեդվեդևը պատասխանեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա ավելացրեց, որ իր նախնիները եղել են Ադանայից (Արեւմտյան Հայաստան, ներկայիս Թուրքիայի տարածք), սակայն ինքը ծնվել է Ռուսաստանում:

Եւ ավելացրել է. «Ես ուզում եմ, որ բոլորի համար պարզ լինի. ես հայ եմ: Իմ մոր ազգանունը եղել է Նախշիկյան, իսկ Նախշիկ անունը զուտ հայկական արմատներ ունի: Հորս ազգանունը Բագրատյան է, ինչը նույնպես զուտ հայկական է: Ես 100 տոկոսանոց հայ եմ»:
Վերջում Ռուսաստանի նախագահը ավելացրել է, որ հպարտ է իր հայ ծնողներով եւ հայկական արմատներով»: Հրապարակման բնօրինակը կարող եք գտնել հետեւյալ հասցեում`
www.deweekrant.nl
«ՀայՌուսգազարդը» ներկայացրեց սակագնային նոր հայտ
Ինչպես հայտնի է, ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազը ստանալու է ավելի թանկ գնով: Հազար խորանարդ մետրը գործող 154-ի փոխարեն կարժենա 180 դոլար, ի սկզբանե նախատեսված 200-ի փոխարեն: Սա նշանակում է, որ Հայաստան ներկրվող գազը ապրիլից կթանկանա 26 դոլարով:
Նկատի ունենալով այս հանգամանքը, «ՀայՌուսգազարդը» դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` գազամատակարարման ներքին սակագները բարձրացնելու նախաձեռնությամբ: Ներկայացված հայտով ընկերությունն առաջարկում է կտրուկ բարձրացնել գազի սակագինը, հատկապես բնակիչ-բաժանորդների համար:
Ինչպես հայտնի է, մինչեւ 10 հազար խորանարդ մետր ամսական գազ սպառող բաժանորդները յուրաքանչյուր խորանարդ մետրի դիմաց այժմ վճարում են 96 դրամ: Նոր հայտով «ՀայՌուսգազարդը» առաջարկում է դարձնել 136 դրամ: Այլ կերպ ասած, ընկերությունն ակնկալում է գազի սակագինը միանգամից բարձրացնել 40 դրամով կամ շուրջ 30 տոկոսով:
Թե ի՞նչ հաշվարկների վրա է հիմնված այսպիսի կտրում փոփոխությունը, որը ներկայացրել է գազամատակարար ընկերությունը, առայժմ պարզ չէ:
Աննա Կասյանը թեկնածու է ֆրանսիական երաժշտական մրցանակի
Փարիզից լրագրող Ժան Էսքիյանը տեղեկացնում է, որ առաջիկա փետրվարի 8-ին ֆրանսիական 3-րդ հեռուստաալիքը եւ RFI ռադիոն (ձայնասփռվում է նաեւ Հայաստանում) հեռասփռելու են դասական երգարվեստի մրցույթ-շոու, որին մասնակցում է նաեւ, այս հեղինակավոր մրցույթի պատմության մեջ առաջին անգամ, հայ լիրիկ Սոպրանի Աննա Կասյանը:
Մրցանակի ճակատագիրը որոշվելու է ինտերնետային քվեարկությամբ: Ուստի մեր վեբիստներին առաջարկվում է իրենց քվեն կենտրոնացնել Աննայի վրա (
www.AnnaKasyan.com/ru/):
Աննա Կասյանը ծագումով Վրաստանից է, 2003 թ.-ից բնակվում է Ֆրանսիայում: Մասնագետները մեծ ապագա են նախատեսում նրան:
Դարձ դեպի տուն
ՀՀ նախագահի նստավայրին մոտ կանգնած թերթի աղբյուրները փոխանցում են, որ Սերժ Սարգսյանը հրահանգել է «Երկրապահ» կամավորականների միությունը կրկին ուժեղացնել: Նա հնարավոր եւ անհնար ամեն քայլ արել ու անում է, որպեսզի ԵԿՄ-ն դառնա առաջվա պես հզոր կառույց: Եւ այդ սցենարի շրջանակներում Սերժ Ազատիչը բոլոր նախկին երկրապահներին հրահանգել է կրկին վերադառնալ ԵԿՄ:
Նամակը կյանքի գնով հանձնեցին
Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները, ինչպես խոստացել էին, երեկ կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել: Ոստիկաններն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել նրանց, ինչի արդյունքում հրմշտոց սկսվեց ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Ի վերջո, ոստիկանները թույլ տվեցին 5 ցուցարարների մոտենալ կառավարության շենքին եւ իրենց նամակը հանձնել: Հիշեցնենք, որ նախօրեից սկսած` Ֆիրդուսի շուկայի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել եւ հրաժարվում են հաշվիչ դրամարկղային մեքենանար տրամադրել:
Կտրուկ վատացել է
Երեկ գիշերը կտրուկ վատացել է քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը: Ինչպես երեկ թերթին հայտնի է դարձել, Սասուն Միքայելյանը սրտի նոպա է ստացել, կտրուկ բարձրացել է արյան ճնշումը, ստիպված են եղել կանչել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գլխավոր բժշկին եւ սրտաբանի:
Երեկ եւս Սասուն Միքայելյանի վիճակը լավ չէր: Հիշեցնենք, նա գտնվում է դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում: Օրեր առաջ մեզ հայտնի էր դարձել, որ վիրահատությունից հետո Սասուն Միքայելյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նրա ճակատի տակ թարախ էր հավաքվում:
Ծառուկյանը մի օր «գնացել է Հայրապետյանի տան կողմ»
Մինչ Գագիկ Ծառուկյան-Ռուբեն Հայրապետյան հայտնի միջադեպն արդեն սպառված է համարվում, թերթի աղբյուրները նոր մանրամասներ են հայտնում: Ըստ այդմ` միջադեպը հարթվել է այն բանից հետո, երբ Ծառուկյանը մի օր «գնացել է Հայրապետյանի տան կողմ» եւ զանգելով առաջարկել իջնել-խոսել:
Սրանից քիչ անց «դեպքի վայր» է շտապել Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը, որին եւ հաջողվել է հարթել միջադեպը: Սրան էլ հաջորդել է Ռուբեն Հայրապետյանի հայտնի ներողությունը Ծառուկյանից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել