HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանը «չմարսեց» վերցրած կաշառքը

2008-ի ապրիլի 26-ին Լոռու մարզի քննչական բաժնի Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վահան Կիրակոսյանին հանձնարարվում է նյութեր նախապատրաստել Սամվել Հովսեփյանին պատկանող «Ջոջ» ՍՊԸ կողմից Լոռու մարզի Լոռի-Բերդ համայնքում առանց համապատասխան փաստաթղթերի շինարարություն կատարելու , շինարարության ընթացքում չարաշահումներ թույլ տալու և անհրաժեշտ հաշվապահական ձևակերպումներ չկատարելու մասին: Վ. Կիրակոսյանը նյութեր նախապատրաստելու փոխարեն Սամվել Հովսեփյանից 8 000 դոլար կաշառք է պահանջում` նախապատրաստվող նյութերի ընթացքը հօգուտ Սամվել Հովսեփյանի լուծելու, նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականցնելու պայմանով: Բանակցություններից հետո Ս. Հովսեփյանը համաձայնվում է միայն 3 500 դոլար տալ: Նա Վ. Կիրակոսյանին նախ տալիս է 1000, ապա` 2500 դոլար:  Գումարը ստանալուց հետո Վ. Կիրակոսյանը անհրաժեշտ գործողություններ չի կատարել նախապատրաստվող նյութերով, նյութերի ընթացքը ձգձգել է, որևէ որոշում չի կայացրել, ապա` նյութերի հետագա նախապատրաստումը հանձնել է մեկ այլ քննիչի: Կաշառակերության մեղադրանքով Վահան Կիրակոսյանի դեմ քրեական գործ է հարուցվում, ով, սակայն, իրեն մեղավոր չի ճանաչել ոչ նախաքննության, ոչ դատաքննության ընթացքում, և ժխտել է, թե գումար է վերցրել: Դատարանում գործով իբրև վկա անցնող Ս. Հովսեփյանը, սակայն, հաստատել է, որ մեղադրյալն իրենից 8 000 դոլար է պահանջել` գործով նյութերին ընթացք չտալու համար: Ամիսներ անց, գումարը տալուց հետո, Ս. Հովսեփյանին կանչել են քննչական բաժին, ինչից նա անակնկալի է եկել, քանի որ վստահ էր, որ գումարը տալուց հետո իրեն «չեն անհանգստացնի»` նյութերի ընթացքն ավարտվել է: Վերջինը հայտրարություն է տվել Վ. Կիրակոսյանի` իրենից գումար վերցնելու մասին, սակայն մեղադրյալն իրեն հանդիպել է և հորդորել հայտարարությունը փոխել և ասել, թե գումարն իրեն տվել է ոչ թե իբրև կաշառք, այլ իբրև ինչ-ինչ վնասների հատուցում: Գործով իբրև վկա անցնող Սուսաննա Հովսեփյանը նույնպես հաստատել է, որ Վ. Կիրակոսյանը իր եղբորից` Սամվել Հովսեփյանից, գումար է վերցրել: Լոռի-Բերդի գյուղապետ Արսեն Մելիքյանն էլ ցուցմունք է տվել, որ իր և Ս. Հովսեփյանի մասին նյութեր են նախապատրաստվել ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վահան Կիրակոսյանի վարույթում, և ինքը վերջինի մոտ բացատրություններ է տվել ընթացող շինարարության վերաբերյալ: Նա այդ թեմայով խոսել է նաև Ս. Հովսեփյանի հետ, ով գյուղապետին հանգստացրել է` ասելով, որ իրենց այլևս չեն անհանգստացնի, քանի որ ինքը բոլոր հարցերը լուծել է: Ոստիկանության ՔԳՎ Լոռու մարզի քննական բաժնի պետ Գագիկ Իսպիրյանն իր ցուցմունքներում հայտնել է, որ «Ջոջ» ՍՊԸ-ի վերաբերյալ Վ. Կիրակոսյանի նախապատրաստած նյութերը անհիմն կերպով ձգձգելու պատճառով ինքն այդ գործը հանձնել է քննիչ Արման Գալստյանին: Իսկ երբ քննիչն իր մոտ է հրավիրել Ս. Հովսեփյանին, վերջինը դժգոհել է, որ ինքը գումար է տվել, և իրեն չպետք է անհանգստացնեին այդ հարցով: Այդ մասին քննիչ Գալստյանը զեկուցել է Գագիկ Իսպիրյանին: Այս և մի շարք այլ վկաների ցուցմունքերի հիման վրա, նաև ուսումնասիրելով առկա պացույցները` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2009թ. օգոստոսի 18-ին, դատավոր Մ. Մելքոնյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց մեղավոր ճանաչել Վ. Կիրակոսյանին և դատապարտել 7 տարի 6 ամիս ազատազրկման, ինչպես նաև` 3 500 դոլարի չափով գույք բռնագրավել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter