HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանությունն արձագանքել է 9 օր հետո

Երեկ` փետրվարի 21-ին հեռախոսազանգով «Հետք»-ին տեղեկացրին, որ Լոռու մարզի Նեղոց գյուղում 11 տարեկան անչափահաս աղջնակի բռնաբարություն է կատարվել: Ըստ զանգահարողի` անչափահասի աչքերը կապել են, ապա բռնաբարել: Տեղեկատվությունը ստանալուց ընդամենը 30 րոպե հետո Նեղոցում էինք: Գյուղում մեզ հանդիպած առաջին նեղոցեցին՝ տարեց ռուս մի կին, ով տեղյակ էր բռնաբարության փաստին, մեզ ցույց տվեց Նեղոց գյուղի բնակիչ Կ. Մ.-ի տան տեղը: Կինը արտասվելով պատմեց, որ բռնաբարված աղջնակը մայր չունի:  Իր 11-ամյա աղջկա` Մ.-ի բռնաբարության փաստը հաստատեց նաեւ հայրը` Կ.Մ.-ն: «Դրանց էն օջախը փլվի, բռնաբարել են, խմբակային ա»,- ասաց նա: 80-ամյա հայրը տեղեկացրեց, որ Մ.-ն իր 2-րդ կնոջից է: Կինը ամուսնուց 20 տարով փոքր էր, նա մահացել է սրտի կաթվածից, երբ աղջիկը 1,5 տարեկան էր: Փոքրիկին պահել է հայրը: Տան հակասանիտարական վիճակից երեւում էր, որ երեխան նորմալ պայմաններում չի մեծացել: Կ.Մ.-ն  հայտնեց, որ բռնաբարության կոնկրետ օրը չի հիշում, սակայն հիշում է, որ այն կատարվել է մեկ շաբաթ առաջ: «Ուրեմն փետի տեղից եկա, փետը կտորեցի, էրեխի հետ քոմագովի կրեցինք, դարսեցինք ու արխեին, էրեխեն կողքս էր: Ես էլ չոքած փոքր տապոռը ձեռքիս փետը տաշեղ էի անում, որ կրակը վառեմ, էրեխի համար ճաշ եփեմ, որ էրեխեն առավոտը դասի էր գնալու: Մեկ էլ քրոջս փեսան, քիրս Երևանում է ապրում, նրա թոշակը ամեն ամիս ես եմ ստանում, արդեն ստացել էի, պտի գար, որ թոշակը վերուներ տաներ Երեւան: Էդ մոմենտին ես չոքած եմ, հազրի չեմ եկել, որ էս լակոտները էրեխին բռնել, ու կոխել են էն կռան տունը: Մեր տանն են արել, մեր տանը: Ես էլ չոքած, էս անտեր տելեվիզորն էլ միացրած` ոչ մի ուշադրություն չեմ դարձրել, որ սենց բան կկատարվի, ով էր պատկերացնում: Մեկ էլ թխկոց եկավ: Որ թխկոց եկավ, տեղիցս վեր կացա, տենամ, ով եկավ: Եկողները տեսա` քրոջս փեսեն ու իր տղեն են, ասել են ` գնանք համ փողը վերունենք, համ էլ պապին տենանք: Մաշինեն դռանը կանգնեցրել են, որ տան դուռը դրանք բաց են անում, տենում են մի տղա անձայն էն տուն է մտնում, որ ներսի գտնվողներին գլխի գձե, էրեխի բերանը փակում են: Մեկ էլ  տեսնեմ, քրոջս փեսեն էդ գյադին բռնել ա ու տալիս ա ու  ասում է` ինչ ես շինում ստեղ: Գողություն եք անում, ինչ եք անում: Նոր աղջիկս էն սենյակից դուրս է գալիս: Էրեխեն մեզ չէր ասում, թե իրեն հետ ինչ է կատարվել, քրոջը չիմ մանրամասն պատմել ա, ոնց են արել, երեք հոգի են եղել»: Հայրը պատմեց, որ  աղջկա հետ սենյակում գտնվող տղայի ձեռքերը լարով կապել է: Կատարվածի մասին տեղյակ են պահել նաեւ ոստիկանությանը: «Մլիցա ենք կանչել, գրել են, չգիտեմ ով է կանչել: Երեխին խոսացրել են , հիմի էկավ ասավ, էրեխին առավոտը տանենք: Մեր փեսա Արթուրն ասավ, որ էրեխին միլիցիայումը կանչել են»: Աղջնակը մեր այցելության պահին տանը չէր: Հայրը տեղեկացրեց, որ Թեղուտ գյուղում ապրող քույրը աղջկան տարել է իր տուն:  Հոր հետ գնացինք Թեղուտ: Թեղուտում աղջկա  քույրը` Ռ-ն բռնաբարության մասին տեղեկանալուց հետո` փետրվարի 21-ին  է այցելել Նեղոց, Կ. Մ.-ից աղջկան իրեն հանձնելու մասին գրավոր համաձայնություն վերցնելուց հետո քրոջը տեղափոխել իր տուն: Մեզ հետ զրույցում Ռ-ն փորձում էր ամեն գնով հերքել քրոջ բռնաբարության փաստը: «Իմ փոքր քույրն է, իրա վատը ես երբեք չեմ ցանկանա: Էս երեխի պատվի հետ ա խաղ անում, էս երեխեն աղջիկ երեխա ա: Էդ ամենը ճիշտ չի, ցավտ տանեմ, երեխեն մաքուր ա, էրեխին ձեռք չեն տվել»,- ասում է Ռ.-ն: «Նրանք հասցրել չեն էրեխի հետ ոչ մի բան անել, փորձել են, բայց չեն կարողացել»,- համոզում էր Ռ.-ի սկեսուրը: Աղջկա հոր հետ այցելեցինք այդ պահին Շնողում գտնվող նրա քրոջ փեսային, որը անչափահասի բռնաբարության հիմանական ակնատեսն էր: Նա խնդրեց իր ազգանունը չհրապարակել, սակայն ասաց. «Ամեն ինչ նորմալ լինելու համար ես ուզում եմ էնպես անել, որ ոչ մի կողմը չտուժվի: Ես եմ այդ տղաներին դեպքի վայրում ծեծել: Ես ում պետք է հարցնեի, երբ իմ աչքի առաջ երեխային բարոյապես վնասել են, ես ում պետք է հարցնեի` ծեծենք, թե չծեծենք: Հա, ես եմ տեսել, որ այդ աղջիկ երեխային երեք հոգով բռնաբարել են: Ես էսօր գյուղ եմ գնացել եւ ինչ եմ լսել, հանցագործի ծնողը հայտարարում է, որ ես պիտի պատիվ պահանջեմ, թե ինչի են իր երեխին ծեծել, ասել է` ես 600 հազար դրամ եմ տվել, որ գործը փակվի, ես էլ ինչ ասեմ»,- ասաց ականատեսը: Նա զարմանքով ընդունեց նաեւ այն, որ աղջկա քույրը հերքում է բռնաբարության փաստը: «Ով է ասում` տենց բան չի եղել: Իմ վրայից երեւում է, որ ես հանցագո՞րծ եմ, կարող եմ ամեն երեխայի ծեծել: Ես հասել եմ այն պահին, երբ դեպքը կատարվում էր: Փոխանակ դեպքի մասին մտածելու, էս մարդը (խոսքը աղջկա հոր մասին է, հեղ. ) երեխու հայր կոչվածը, էսօր իր գրությունով չգիտեմ երեխուն ում ա տվել: Ես այլեւս անելու բան չունեմ, բայց էսօր 9-րդ օրն է»: Հարցին, թե այդ դեպքում, ինչու ոստիկանությունը մինչեւ օրս չի արձագանքել, ականատեսը պատասխանեց. «Ես եմ խնդրել ոստիկանությանը, որ առայժմ լռեն, որովհետեւ հանցագործներն էլ են անչափահաս: Հանցագործներն երեք հոգի են եղել: Նրանք էլ 15-16 տարեկան են: Դա կարող է իմ երեխի հետ էլ պատահի, որպեսզի էդ հարցը ճիշտ լուծվի, որպեսզի էդ երեխի ծնողը ճիշտ մտածի, 9-րդ օրն է խնդրել եմ, թե թաղայինին, թե քննիչին, հլա ոչ մի բան մի արեք, մինչեւ որոշենք ինչ ենք անում»: Ետդարձի ճանապարհին աղջկա հայրը մեզ պատմեց, որ Յակուտյայում գտնվող աղջիկն ու տղան էլ են զանգել` իմանալով դեպքի մասին: Ու մինչ անչափահաս աղջնակի բռնաբարության մասին տարածված լուրերը հասել են մինչեւ Յակուտյա, Լոռու մարզային ոստիկանության Թումանյանի բաժնի պետ Արթուր Հարությունյանն այսօր առավոտյան` ժամը 10-ի սահմաններում, ի պատասխան մեր հարցմանը` հայտնեց, որ անչափահասի բռնաբարության մասին բաժնում հայտարարություն առ այսօր չի ստացվել: Նա ասաց, որ այդ մասին տեղեկացվել է երեկ եւ հանձնարարել է անչափահասին հարազատների հետ բերել բաժին: Երբ Թումանյանի ոստիկանապետի հետ զրուցում էինք, ոստիկանության աշխատողները նրա աշխատասենյակ բերեցին աղջկան եւ նրա քրոջը:  Անչափահասը ոստկանապետին պատմեց, որ իրենց տուն մտած տղաները եղել են իրենց համագյուղացիներ Ժ.-ն, Ա.-ն եւ Ա.-ն: Աղջկա քույրը  ոստիկանությունում հայտարարություն տվեց անչափահաս քրոջ բռնաբարության մասին: Այդ պահից  էլ ոստիկանությունում սկսվեց 9 օր առաջ կատարված անչափահասի  բռնաբարության գործի նախաքննությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter