HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

«Կգա ժամանակ, որ այս հողերն էլ կտանք թուրքերին»

Սահմանամերձ Բագարան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Արշակ Ղազարյանն անհանգստացած է, որ գյուղը դատարկվում է երիտասարդներից եւ ծնելիություն չկա: Բայց նա գյուղը լքողներին չի մեղադրում, քանի որ սոցիալ-կենցաղային պայմաններն են այդպես թելադրում: «Շատ վտանգավոր է սահմանի վրա աղքատ գյուղ ունենալը: Գտնում եմ, որ սահմանամերձ գյուղերը ռազմավարական նշանակություն ունեն հանրապետության համար: Եթե այսպես սահմանը դատարկենք` ո՞ւր ենք հասնելու: Մենք ոչ թե սահմանամերձ, այլ սահմանապահ գյուղ ենք համարվում: Եթե այս տենդենցը շարունակվի եւ պայմաններից ելնելով` մարդիկ լքեն գյուղը, կգա ժամանակ, որ այս հողերն էլ կտանք թուրքերին»,-անհանգստացած է Ա. Ղազարյանը: Դպրոցի տնօրենի կարծիքով` պետք է որոշ արտոնություններ տան սահմանին մոտ գտնվող գյուղերին: «Հողի, ջրի վարձավճարները շատ թանկ են, մարդիկ ստիպված թողնում են իրենց ապրուստի միջոց հողը ու չեն մշակում: Գյուղի տրանսպորտային վիճակը նման է 60-ական թվականների տրանսպորտի վիճակին: Այն ժամանակ էլ օրը մեկ անգամ էր աշխատում, հիմա էլ նույն վիճակն է: Ցանկացած մարդու հարցրեք` 1 «գազել» է օրական աշխատում: Մենք հաշվել ենք, մի գազելի մեջ 30 մարդ է նստում: Շախմատի ձիու նման մարդիկ կռացած գնում-գալիս են: Շատ ենք բողոքել, բայց ոչ մեկ ուշադրություն չի դարձրել»,-ասաց Ա. Ղազարյանը: Նրա ներկայացմամբ, Երվանդաշատ եւ Բագարան գյուղերից մոտ 40 ուսաողներ կան, որոնք սովորում են Երեւանում եւ նրանք շաբաթվա վերջին չեն կարողանում գյուղ գալ, որովհետեւ «գազելը» այդ օրերին գրեթե չի աշխատում: «Եթե այսպես շարունակվի, պարզ է, որ գյուղում մարդ չի մնա: Գյուղի երիտասարդությունը ոչ մի բանով չի զբաղվում: Ասենք` ի՞նչ կա, որ զբաղվի էլ: Պատերի տակ նստած կամ նարդի, կամ թղթախաղ են խաղում: Ժողովուրդը պարտքերով է ապրում, գարունն էլ աշխատում, պարտքերն է փակում»,- ավելացրեց Ա. Ղազարյանը: Գյուղացիներն էլ դժգոհեցին, որ գյուղը շատ հեռու է եւ սեզոնին ոչ մի առեւտրական չի գալիս գյուղմթերք գնելու: «Անցյալ տարի ծիրանի կիլոգրամը 20 դրամով են եկել տարել: Գործարանները բերքը չեն ընդունում, իսկ ընդունելուց էլ` ամիսներով մարդկանց գումարները չեն տալիս»,- ավելացրեց դպրոցի տնօրենը: Թեեւ 2 գյուղերի բնակիչներն էլ դժգոհում էին տրանսպորտից, փոխարենը Երվանդաշատի եւ Բագարանի գյուղապետերը միաբերան պնդում էին, որ օրական աշխատում է 2 «գազել» եւ ուղեւորները դժգոհ լինել չեն կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter