HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երեւանում սկսվեց հօգուտ Ադրբեջանի լրտեսության գործի քննությունը

Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մարտին Կարապետյանի նախագահությամբ, երեկ սկսվեց հօգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով գործի դատաքննությունը: Գործով ամբաստանյալները երկուսն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գեւորգ Հայրապետյանը` Հայաստանի Պաշտպանության նախարարության նախկին աշխատակից  եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բեհնամ Ջաֆար Սադեխ Բաղերին: Առաջինը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` 299 հոդվածի առաջին մասով` Պետական դավաճանություն լրտեսության միջոցով  եւ 235 հոդվածի առաջին մասով` ապօրինի զենք, զինամթերք պահել, իսկ երկրորդը` 302 հոդվածով` լրտեսություն: Գործը շարքայիններից չէ, այդ մասին է վկայում թեկուզ այն հանգամանքը, որ գործով մեղադրանքը դատարանում պաշտպանում է  Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը (մեղադրանքը պաշտպանում է նաեւ Ազգային անվտանգության ծառայության մարմիններում քննվող գործերով գլխավոր դատախազության համապատասխան վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը): Գործի ընթացքին հետեւում էր նաեւ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսը: Ըստ դատարանում հրապարակված մեղադրական եզրակցության եզրափակիչ մասի` ամբաստանյալ Գեւորգ Հայրապետյանը, մինչեւ 2007թ. սեպտեմբերը ծառայելով Հայաստանի  Պաշտպանության նախարարության համակարգում, զբաղեցնելով տարբեր պաշտոններ, հայտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեսադաշտում: Նրան հավաքագրելու համար ադրբեջանական հատուկ ծառայությունները դիմել են Վրաստանի քաղաքացի Օթար Դադունաշվիլուն  կոմերցիոն գործունեություն ծավալելու պատրվակով  նրա հետ ծանոթանալու համար:   2008թ. Դադունաշվիլին Հաաստանում ծանոթանացել է Հայրապետյանի հետ,  տեղեկանալով, որ նա զբաղվում է ձիաբուծությամբ եւ նպատակ ունի իրացնել հնաոճ իրեր, Վրաստանում գտնվող հավանական գնորդի հետ ծանոթացնելու համար նրան հրավիրել է իր տուն` Վրաստանի Գյուրջան քաղաք: Այստեղ էլ Հայրապետյանը ծանոթացել է գնորդի դերում հանդես եկած ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցի հետ: Ըստ նախաքննական տվյալների` կոմերցիոն բնույթի վերջնական պայմանավորվածություններ ձեռք բերելու նպատակով ադրբեջանական հատուկ ծառայության աշխատակցի խնդրանքով Հայրապետյանը 2009թ. ապրիլին մեկնել է Թբիլիսի եւ հենց այնտեղ էլ հավաքագրվել, ստացել առաջադրանք տարաբնույթ տեղեկատվություն հավաքել` օտարերկրյա հատուկ ծառայությանը տրամադրելու համար: Վերադառնալով Հայաստան` Հայրապետյանը  ձեռք է բերել գաղտնի համարվող առանձին մոտոհրաձգային գնդի մարտական գործողությունների տեղեկատվության մատյանը, տեսանյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն իրականացնելու համար, ինչպես նաեւ գաղտնի տեղեկություններ ՊՆ մարտական հենակետերի, մարտական դիրքերի զորամասի մարտական պատրաստականությունը գնահատող նկարահանումներ պարունակող սկավառակներ: Միաժամանակ կազմել է գաղտնի տեղեկատվություն համարվող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զորամիավորումների տեղակայման վերաբերյալ քարտեզ Նոր Շահումյան շրջանում: Հերթական հանդիպման համար Հայրապետյանը մեկնել է Ուկրաինայի Կիեւ քաղաք, որտեղ էլ որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերվել համապատասխան վարձատրության դիմաց հավաքված նյութերը փոխանցելու համար, այդ թվում` հանձնարարվել է իր կազմած քարտեզի վրա նշագծել  ականապատված վայրերը, հնարավորության դեպքում` ականազերծել դրանք, որի համար Հայրապետյանը ձեռք է բերել ականորսիչ սարք: Ադրբեջանական հատուկ ծառայություններից վերջին հանձնարարությունը Գ. Հայրապետյանը ստացել է  2009 թվականի սեպտեմբերի 1-ին`  Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ ազերի Բ. Բաղերիից: Վերջինս, հյուրընկալվելով Հայրապետյանի տանը, ծրարով նրան է փոխանցել  հերթական առաջադրանքը, իսկ Հայրապետյանն էլ փոխանցել է Բաղերիին նյութեր, որոնք կարող էին օգտագործվել հակահայկական քարոզչություն ծավալելու համար: Դրանք հայտնաբերվել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից Մեղրիի «Կարճեւան» սահմանային անցակետում կատարված ստուգման ժամանակ` Բաղերիի պայուսակի ստորին մասի տակդիրում հարմարեցված գաղտնարանից: Նիստում ճշտվեցին Գ. Հայրապետյանի կենսագրական տվյալները` ծնվել է 1963թ., ստացել բարձրագույն զինվորական կրթություն, անցել է տպավորիչ մարտական ուղի`  մասնակցել աֆղանական պատերազմին,  1990-94թթ` Հայաստանի սահմանների եւ Լեռնային Ղարաբաղի ազատագրական մարտերին: Հաշվառված է Երեւանում, սակայն փաստացի բնակվում է Քարվաճառում, որտեղ մեծ տնտեսություն ունի, զբաղվում է հողագործությամբ եւ անասնապահությամբ, այդ թվում` ձիաբուծությամբ: Ամբաստանյալն ունի 4 երեխա, որոնցից կրտսերը մանկահասակ է եւ ըստ դատարան ներկայացված տեղեկանքի` երեխան տառապում է սակավարյունությամբ, իսկ ամբաստանյալը տառապում է շաքարախտով: 1979թ. ծնված Բեհնամ Ջաֆար Սադեխ Բաղերին ունի թերի միջնակարգ կրթություն, նշանված է, իր խնամքին ունի անգործունակ հայր, ընտանիքում կա 8 երեխա£ Ամբաստանյալը հայտարարեց նաեւ, որ տառապում է միգրենով: Ի պատասխան դատարանի հարցերի` Գեւորգ Հայրապետյանը նախ հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում միայն զենք-զինամթերք պահելու մեջ, սակայն մեղադրող կողմի ճշտող հարցին այնուամենայնիվ պատասխանեց, որ Բաղերիին սկավառակ է փոխանցել եւ դրանում իրեն մեղավոր է ճանաչում: ԻԻՀ քաղաքացին իրեն մեղավոր չճանաչեց ներկայացված մեղադրանքում: Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի`  նախ կհարցաքննվեն վկաները, ապա կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները եւ վերջում կհարցաքննվեն ամբաստանյալները: Դատարանը միաժամանակ բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը ապացույցների հետազոտումը դռնփակ դատաքննությամբ անցկացնելու մասին: Սոնա Մաշուրյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter