
Վկաները հաստատում են, որ ամուսինը պարբերաբար ծեծում էր 20-ամյա Զարուհուն
Սեպտեմբերի 9-ին տեղի ունեցավ Զարուհի Պետրոսայնի գործով հերթական դատը: Հիշեցնենք, որ 20-ամյա Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը ամուսնու` Յանիս Սարկիսովի կողմից պարբերական ու դաժան ծեծերն էին:
Դատի ընթացքում վկայություն տվեց Զարուհու հարևանուհին` անչափահաս Է.-ն, ով նշեց, որ վերջին շրջանում Զարուհին միշտ անտրամադիր ու տխուր էր, իսկ իր տատիկը Զարուհու մահից մեկ օր առաջ տեսել է, թե ինչպես է ամուսինը քաշում Զարուհուն, վերջինս էլ կռացած էր ու ձեռքերով պաշտպանում էր որովայնի հատվածը:
Դատի ընթացքում հրապարակվեցին այժմ ՀՀ-ից դուրս գտնվող երկու այլ վկայի ցուցմունքներ, համաձայն որոնց՝ այդ վկաներն ականատես են եղել, թե ինչպես է Յանիսը ծեծում կնոջը: Վկաներից մեկի ցուցմունքներում նշված էր, որ Զարուհին ցանկացել է բաժանվել ամուսնուց և պատմել է վկային այն մասին, որ ամուսնու հետ ապրելը դարձել է անտանելի՝ նրա կողմից պարբերական ծեծերի ու դաժան վերաբերմունքի պատճառով:
Ընթացքում հրապարակվել են նաև մի շարք ապացույցների հետազոտման արդյունքները:
Դատի ընթացքում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել հետագա դատական լսումներն անցկացնել դռնփակ: Դատավորը մերժել է միջնորդությունը:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» հայտնում է, որ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:
Մեկնաբանել