HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաշաթաղ. վերաբնակեցման քաղաքականությունը տարվում է նվազագույն միջոցներով

Վերաբնակեցման քաղաքականությունն արդեն դարձել է զարգացման քաղաքականություն. այս միտքն էր արտահայտել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը տարեվերջյան մամուլի ասուլիսի ժամանակ: Զարգացման քաղաքականությունն, ըստ նրա, ենթադրում է վերաբնակեցվող շրջաններում ենթակառուցվածքների ստեղծում եւ բարելավում, աշխատատեղերի, տնտեսական գործունեության ապահովում եւ այլն:

Գործադիր իշխանության ղեկավարը նույն ասուլիսի ժամանակ խոստովանեց, որ որոշ բնակիչների հեռանալու պատճառներից մեկը բնակարանային պայմաններն են, որոնք տարիներ շարունակ չէին բարելավվել: Այս հանգամանքներից ելնելով էլ Կառավարությունը սկսեց լուրջ ուշադրություն դարձնել վերաբնակիչների բնակարանային պայմանների բարելավմանը: 2009-ին մյուս վերականգնողական աշխատանքներին զուգահեռ սկսվեց շինանյութերի տրամադրման ծրագիրը. վերաբնակեցվող Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների բնակիչներին բաժանվեց շինանյութ, եւ բնակիչները սեփական ուժերով կարողացան բարելավել բնակարանային պայմանները: Մեկ ընտանիքին տրամադրվեց շուրջ 1.5 մլն դրամի շինանյութ: Կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության տվյալներով` 2009-ի ընթացքում Քաշաթաղի շրջանում տրամադրվել է 112 մլն դրամի շինանյութ, իսկ Շահումյանի շրջանում` 80 մլն դրամի: Ծրագիրը կշարունակվի նաեւ 2010-ին:

Անցած տարվա ընթացքում, բացի վերոնշյալ ծրագրից,  նշված շրջաններում տարբեր աշխատանքներ են կատարվել` ճանապարհների բարեկարգում, Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի որոշ գյուղերի էլեկտրաֆիկացում, շենքերի, ճանապարհների վերանորոգում եւ կառուցում: Չնայած վերջին տարիներին պետբյուջեի միջոցներով եւ ինչ-որ չափով բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացված տարբեր ծրագրերին, վիճակն այդ շրջաններում գոհացուցիչ համարել չի կարելի, քանի որ շրջանների վերականգնման եւ վերաբնակեցման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, ինչի հնարավորությունը, ինչպես բազմիցս նշել են երկրի իշխանության տարբեր ներկայացուցիչներ, Ղարաբաղը չունի, եւ այս հարցում անհրաժեշտ է ողջ հայության աջակցությունը: Համբարձում Արզանյանը Քաշաթաղի շրջան է եկել 1998-ին, կնոջ եւ երկու երեխաների հետ ապրում է Բերձորում:

«Սկզբից տան պայմանները շատ վատ էին, իսկ հիմա համեմատաբար բարելավել ենք»,- ասում է Համբարձումը: Նա բնակարանային պայմանները նախ փորձել է բարելավել սեփական ուժերով, հետո հասկանալով, որ իր ուժերից վեր է` դիմել է շրջանի ղեկավարությանը եւ աջակցություն ստացել: Համբարձումն ու կինը` Զոյան, աշխատում են Բերձորում: Համբարձումը քաղծառայող է: Ընտանիքի ամսական եկամուտը կազմում է մոտ 150 հազար դրամ:

«Սննդի առումով բավարարվում ենք, բայց հագուստ մի քիչ դժվար ենք կարողանում գնել»,- ասում է Համբարձումը: Նշված խնդիրները, սակայն, Համբարձումին այնքան էլ չեն մտահոգում: Նրան ավելի շատ անհանգստացնում է շրջանի վիճակը` «զուտ մարդկային ռեսուրսի առումով»: Շրջանում իրականացվող աշխատանքներն, ըստ նրա, տեսանելի են. «Որոշ գյուղեր, որտեղ լույս չկար, էլեկտրաֆիկացվել են, Բերձորում շարունակվում են գազիֆիկացման աշխատանքները, կապի խնդիրն է լուծվում եւ այլն, սակայն պետք է շեշտը դնել բնակիչների թվաքանակի ավելացման վրա»: Այս խնդիրը շատերին է մտահոգում Քաշաթաղում եւ վերաբնակեցվող Շահումյանում: Այստեղ բնակիչներից շատերը ափսոսանքով են խոսում արտագաղթի, շրջանից հեռացող ծանոթի կամ բարեկամի մասին: Վերոնշյալ շրջաններում այժմ բնակվողների սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներ պետության կողմից կիրականացվեն եւ այս  տարի: Վարչապետ Արա Հարությունյանի հավաստմամբ` եկամուտ ստանալու հնարավորություն ստեղծելու նպատակով վերաբնակիչներին կտրամադրվեն նաեւ վարկեր:

«2010-ին Բերձորում նախատեսվում է նաեւ կառուցել շուկա եւ ավտոկայան: Ծրագրի արդյունավետ իրականացման համար 2010 թվականին ավելի մեծ գումարներ են հատկացվելու»,- նշել է Ա. Հարությունյանը:

ԼՂՀ պետբյուջեով այս տարի վերաբնակիչների եւ փախստականների սոցիալական խնդիրների լուծման միջոցառումների ծրագրով նախատեսվում է 147,0 մլն դրամի ծախս: 2010-ին 200 վերաբնակ ընտանիքների հաշվով կշարունակվի միանվագ օգնության, ճանապարհածախսի եւ գույքի տեղափոխման փոխհատուցման իրականացումը, ինչպես նաեւ կտրամադրվի արտոնյալ բյուջետային վարկ` 124,0 մլն դրամի չափով: Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններում կշարունակվի նաեւ բնակիչների կողմից օգտագործված էլեկտրաէներգիայի կամ վառելափայտի դիմաց տրվող դրամական օգնության ծրագիրը: 1 բնակչի հաշվով օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց ամսական փոխհատուցումը կազմում է 1200 դրամ, իսկ վառելափայտի դիմաց` 1100 դրամ: Շրջաններում վերջապես ինչ-որ չափով լուծում կստանա նաեւ տրանսպորտի հարցը. Կառավարությանն առընթեր արտադրական ենթակառուցվածքների վարչության տրանսպորտի բաժնի պետ Տիգրան Գաբրիելյանի հավաստմամբ` վերջերս հանրապետություն ներկրված 4 ավտոբուսներից երեքը կսպասարկեն Շահումյանի եւ Քաշաթաղի բնակիչներին: Ավտոբուսներից մեկը կսպասարկի Քարվաճառ-Ստեփանակերտ երթուղին, որը կսկսի գործել հունվարի 25-ից, իսկ երկուսը` Քաշաթաղի շրջանի հյուսիսային թեւի գյուղերի բնակիչներին:

Խմբ. - Այս թվերը ցույց են տալիս, որ վերաբնակեցումն այդպես էլ չդարձավ համազգային խնդիր: Այսօր շատ քչերին է հետաքրքրում, թե ի՞նչ է կատարվում այնտեղ` հայրենիքի այդ հատվածում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter