HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընթերցողների հարցերին պատասխանում է Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը

Ալեքսան - Պրն Քոչարյան, ինչու՞ է մարզի մի շարք բնակավայրերի աղբը լցվում Դեբեդ գետը: Ի՞նչ եք արել Ձեր պաշտոնավարման ընթացքում այս ուղղությամբ:

Դեբեդ գետի հունի սանիտարական վիճակի ապահովումը հանդիսանում է միջպետական բնապահպանական հիմնախնդիր: Լոռու մարզում Դեբեդ գետի ջրավազանին հարակից գտնվում են շուրջ 10 համայնքներ, որոնցից մի մասում աղբահեռացումը կատարվում է լոկալ եղանակով:

Կարեւորելով խնդիրը` նախազգուշացվել են համապատասխան համայնքների ղեկավարները: Նրանց միջոցով իրազեկվել է նաեւ բնակչությունը այն մասին, որ խստիվ արգելվում է աղբաթափումը գետի մեջ, խախտողները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության:

Հասմիկ - Վերջերս Վերահսկիչ պալատը բազմաթիվ փաստեր հրապարակեց Ձեր մարզում կատարած ուսումնասիրություններից հետո: Որեւէ մեկը պատժվելու՞ է, թե՞ սա Իշխան Զաքարյանի հերթական շոուն է:

ՀՀ Վերահսկիչ պալատի կողմից Լոռու մարզում 2009 թ. կատարված ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը քննարկվեցին անցած դեկտեմբերի 15-ին` պալատի խորհրդի Լոռու մարզպետարանում կայացած արտագնա նիստում: Եթե Դուք հետեւել եք զանգվածային լրատվամիջոցներով նիստի լուսաբանումներին, ապա նկատած պետք է լինեիք, որ, ըստ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի հայտարարության, դա ուսումնասիրության այն եզակի դեպքերից էր, երբ շինարարության եւ համայնքների հետ կապված խախտումները 90-95 տոկոսով արդեն վերացված էին մինչեւ խորհրդի նիստի անցկացումը: Ինչ վերաբերում է բացահայտված խախտումների ու ֆինանսական չարաշահումների հեղինակների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուն, ապա դա պարզ կդառնա առաջիկայում, Վերահսկիչ պալատի ստուգումների արդյունքների վերջնական ծանոթացումից հետո: Ստուգումների փաթեթը Լոռու մարզպետարանում ստացվել է դեկտեմբերի 30-ին, առջեւում 10-օրյա ամանորյա արձակուրդներն էին, բնականաբար, այն կուսումնասիրվի եւ անպայմանորեն համապատասխան ընթացք կտրվի գործող օրենսդրության սահմաններում: Ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ հրապարակումներ կլինեն լրատվամիջոցներով եւ Լոռու մարզի ինտերնետային կայքում:

Ահար - Պրն Քոչարյան, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի հատուկ խնդրի. Տաշիր-Մեծավան ճանապարհը սարսափելի վիճակում է: Բավականին մեծ գյուղը եւ քաղաքը իրարից բաժանող ճանապարհը 10 կմ-ից էլ պակաս երկարություն ունի, սակայն ճանապարհի վատ վիճակի պատճառով գրեթե մի ժամ է հարկավոր Տաշիրից Մեծավան հասնելու համար, այն դեպքում, երբ այդքան հեռավորություն անցնելու համար սովորաբար 15-20 րոպե է պետք: Մեր կարծիքով՝ համեմատաբար էժան վերանորոգման միջոցով (որի համար պետք չեն միլիոնավոր դոլարներ) հնարավոր կլինի կարգի բերել ճանապարհը եւ հնարավորություն տալ մարդկանց (այդ թվում նաեւ զբոսաշրջիկներին) ավելի արդյունավետ տեղաշարժվելու: Հուսով եմ, որ հաջորդ անգամ, երբ ես օտարերկրյա ընկերների եւ այցելուների խումբ բերեմ Լոռի, ճանապարհն արդեն վերանորոգված կլինի, եւ մենք կկարողանանք Տաշիրից Մեծավան գնալ հանրային ավտոբուսով եւ ոչ թե սպորտային մեքենաներով:

Լոռու մարզի Հ-190 Մ-3-Մեծավան-Ձյունաշող-Պաղաղբյուր հանրապետական նշանակության ա/ճանապարհի (Մ-3) Տաշիր-Մեծավան 9կմ հատվածը գտնվում է մարզի ենթակայության տակ: Ճանապարհի հիմնանորոգումը նախատեսված էր «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագրով: 2008 թ. հատկացված 423մլն դրամ գումարից կատարվել են 100մլն դրամի աշխատանքներ: Հետագայում «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը կասեցրել է իր գործունեությունը, ինչի հետեւանքով հիմնանորոգման աշխատանքները մնացել են անավարտ: Ելնելով ճանապարհի անմխիթար վիճակից եւ հաշվի առնելով արդեն իսկ կատարված աշխատանքներն ավարտին հասցնելու փաստը` մեր կողմից նախատեսված է Տաշիր-Մեծավան ա/ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկել մոտակա որեւէ ծրագրում:

Կարինե - 1. Քանի՞ հէկ կա Լոռու մարզում: Մարզպետարանը դրանց աշխատանքների վերահսկման ինչպիսի՞ մեխանիզմներ ունի: 2. Քանի՞ գործազուրկ կա Լոռու մարզում: 3. Բոլոր մարզպետներն ունեն սեփական բիզնես, օրինակ` Սյունիքի մարզպետը մոլիբդենի հանք ունի եւ արդեն շահագործում է, ունի բենզալցակայաններ, խանութներ, ռեստորաններ, դու՞ք ինչ բիզնես ունեք:

1. Այսօրվա դրությամբ մարզում կա 16 հէկ, որոնցից 14-ը շահագործման են հանձնվել 2000 թ. հետո: Շահագործմամբ զբաղվում են 12 տնտեսվարող սուբյեկտներ: Մարզպետարանը նրանց աշխատանքի վերահսկման լծակներ չունի: Նոր փհէկ կառուցելու ժամանակ մարզպետարանը աջակցում է տնտեսվարող սուբյեկտներին կառուցապատման եւ շահագործման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ձեռք բերման գործում: 2. 01.01.2010 թ. դրությամբ մարզում հաշվառված են 11078 գործազուրկներ, 12 836 աշխատանք փնտրողներ, որոնցից չզբաղված աշխատանք փնտրողներ` 11 293: 3. Ընթերցողին տեղեկացնեմ, որ ես անձնական բիզնես չունեմ:

Մարատ - Պրն մարզպետ, ճի՞շտ է արդյոք, որ Վանաձորի 8-րդ դպրոցի տնօրենուհին, որը հայտնի է բացասական վարքով եւ զեղծարարություններով, վայելում է ձեր հովանավորությունը: Ակնկալում եմ անկեղծ պատասխան:

Ես մարզի բոլոր կրթական հաստատությունների (բարեխիղճ) ղեկավարներին վերաբերվում եմ հարգանքով` անկախ նրանց բնավորությունից, աշխատանքի ոճից եւ անհատական այլ հատկանիշներից: Ինչ վերաբերում է նշված «անհաշիվ զեղծարարություններին», խնդրում եմ գրավոր ներկայացնել համապատասխան փաստեր:

Համբարձում - Որպես լոռեցի ինչպե՞ս եք վերաբերվում Թեղուտի ծրագրին:

ՀՀ Կառավարությունը համակողմանի ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում որոշում է կայացրել Թեղուտի հանքավայրի շահագործումը թույլատրելու մասին: «Արմենիան Քափր Փրոգրամ» կոնցեռնի ներկայացրած ծրագիրը բավականին լուրջ փաստաթուղթ է ու հիմնականում պատասխան է տալիս այն հարցերին, որոնք ծագել եւ ծագում են այս հիմնախնդրի առնչությամբ: ՀՀ Կառավարությունն անպայմանորեն հետեւողական կլինի շահագործողի ներկայացրած ծրագրի բոլոր բաղադրիչներն իրականացնելու, հատկապես բնապահպանական, շրջակա միջավայրի եւ ազգաբնակչության առողջության երկարատեւ միջոցառումները բծախնդրորեն իրականացնելու ուղղությամբ: Առայժմ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվում են հանքավայրի լեռնահարստացուցիչ ֆաբրիկայի, պոչամբարների եւ այլ ենթակառուցվածքների շինարարություն, որի հետեւանքով 2008 թ. ընթացքում հատվել է 20հա անտառ` 2814 խոր. մ, 2009 թ`- 14.1հա անտառ, 1279 խոր. մ: Ըստ շահագործման ծրագրի` մինչեւ 2020 թ. պետք է հատվի 158.1հա անտառ, իսկ մնացած 198.9հա-ը` 2020 թ. եւ հետագա տարիներին: Ընկերությունը պարտավորվել է կատարել 714հա անտառտնկման աշխատանքներ, որից միայն 2008-2009 թթ. ընթացքում` 102հա: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով 775հա հողերի նկատմամբ սահմանվելու է հատուկ իրավական ռեժիմ` սանիտարական գոտի: Շինարարական աշխատանքների ընթացքում ծրագիրը կապահովի մոտ 1700 աշխատատեղ, իսկ հանքավայրի շահագործման առաջին փուլում աշխատատեղերի քանակը կլինի առնվազն 1430: Ծրագրի իրականացումը կապահովի մերձակա համայնքների բնակչության, ըստ էության, լիարժեք զբաղվածություն, ինչն էլ ես կարեւորում եմ այս պահին:

Վանուհի - Տնտեսական ճգնաժամը ի՞նչ վնասներ է հասցրել Լոռու մարզին: Կառավարությունը հակաճգնաժամային կոնկրետ ի՞նչ քայլեր է արել Լոռու մարզում: Կառավարության փոքր եւ միջին ձեռնարկություններին աջակցելու ծրագրով Լոռու մարզում քանի՞ ծրագիր է վարկավորվել: Խնդրում եմ նշեք ձեռնարկությունների անունները եւ տրամադրված վարկերի չափը:

ՀՀ Կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ստեղծված տնտեսության զարգացմանը նպաստող աջակցության հայտերի եւ բիզնես ծրագրերի իրագործման օպերատիվ շտաբին Լոռու մարզից 2009 թ. դիմել են 5 կազմակերպություններ, որոնցից 2-ը («Դայկալատ» ՍՊԸ եւ «Իդիլ տեքստիլ» ՍՊԸ) Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործունեության շրջանակներում պետական երաշխիքների եւ երաշխավորություների տրամադրման միջոցով աջակցություն են ստացել` ներգրավելով համապատասխանաբար 110 000 եւ 200 000 ԱՄՆ դոլարին համարժեք ֆինանսական ռեսուրսներ:

Վանաձորցի - Լոռու մարզի բնակավայրերի մեծ մասի խմելու ջրի որակը չի ստուգվում, մի շարք բնակավայրերում ջուրը չի քլորացվում: Դուք տեղյա՞կ եք այդ մասին, ո՞րն է պատճառը: Թե՞ սպասում եք նոր համաճարակի, որպեսզի մտածեք այդ մասին:

Լոռու մարզում խմելու ջրի մատակարարումն իրականացվում է կենտրոնացված եւ համայնքային ենթակայության ջրամատակարարման համակարգերի միջոցով: Խմելու ջրի որակի ապահովումը եւ անկանխատեսելի հետեւանքների կանխումը մեր կողմից միշտ կարեւորվում է: ՊՀՀ տեսչության Լոռու մարզային կենտրոնը պարբերաբար հետազոտություններ է կատարում մարզի ջրամատակարարման համակարգերում եւ արձանագրված արդյունքների հիման վրա իրականացվում են համապատասխան միջոցառումներ: Միաժամանակ հարկ է նշել, որ մարզի ջրամատակարարման համակարգերը հիմնականում կառուցվել են 30-40 տարի առաջ, եւ մոտ 20 տարի համապատասխան ֆինանսավորում չլինելու հետեւանքով անհրաժեշտ ծավալի վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել, հետեւաբար դրանց հուսալիության աստիճանը գտնվում է սահմանային վիճակում: Հաշվի առնելով իրավիճակը՝ արվում է հնարավորինը, որպեսզի ապահովվեն խմելու ջրին ներկայացվող նորմատիվ պահանջները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter