HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թուրքական շագանակները եւ ռուսական աճպարարությունը

«Հայ-թուրքական հաշտեցման գործընթացն ու ԼՂ խնդրի կարգավորումը փոխկապակցված են։ Որքան էլ դրանք մեկը մեկից առանձին ընթանան, միեւնույն է՝ կուլիսներում դրանք փոխկապակցված են»,- Ռուսաստան կատարած պաշտոնական այցից հետո, Անկարա վերադառնալու ճանապարհին ասաց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը։

Գրեթե նույն օրը CNNturk-ին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը բառացիորեն հայտարարեց. «Հայաստանի հետ տարվում է շատ ակտիվ, բայց անձայն դիվանագիտություն։ Սառեցված խնդիրներն ենք վերհանում։ Այստեղ գործընթացը հրապարակային անելը կդժվարացնի գործը։ Այս առումով շատ ջանք է գործադրվում։ Ռուսաստանը, որպես առանցքային երկիր, նույնպես գործընթացի մեջ է։ Խոհանոցում ինչ-որ բաներ են պատրաստում»։ Թուրքիայի առաջին դեմքերի այս հայտարարություններն ունեն միեւնույն տրամաբանական հենքը. նախ՝ բացի հրապարակային դիվանագիտությունից, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրի շրջանակներում զուգահեռ ընթանում են նաեւ փակ, գաղտնի բանակցություններ։ Երկրորդ՝ այդ բանակցություններում ներգրավված է նաեւ Ռուսաստանի Դաշնությունը։ Այս հայտարարությունները դժվար է պրովոկացիոն համարել։ Արձագանքելով Գյուլի վերոնշյալ հայտարարությանը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն օրերս նշեց. «Եթե այդ խոսքերի տակ որեւէ մեկը ենթադրում է, որ ինչ-որ դավեր են նյութում մեր մեջքի ետեւում, ապա միանշանակ կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանությունները ժողովրդի թիկունքում ոչ մի դավի չեն տրվի՝ ո՛չ անձայն, ո՛չ էլ ձայնավոր։ Մենք ասում ենք այն, ինչ կա. այս պրոցեսի սկզբից մինչեւ հիմա եղել է այդպես եւ այսուհետ նույնպես լինելու է այդպես»։ Ըստ էության, ՀՀ արտգործնախարարը չի հերքում, որ ընթանում են գաղտնի, կուլիսային բանակցություններ։ Նա ընդամենը խոսում է այն մասին, որ դրանց ընթացքում Հայաստանը չի գործելու հայկական շահերի դեմ, ինչով եւ հաստատում է նման կուլիսային գործընթացների առկայությունը։ Սակայն առանց Նալբանդյանի նման լղոզված արձագանքի էլ ակնհայտ էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման իրական գործընթացը տեղի է ունենում հանրության աչքից հեռու։ Դրա ուղղակի վկայություններն են ինչպես 2009 թ. ապրիլի 23-ի գիշերը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման «ճանապարհային քարտեզի» առկայության մասին հայ-թուրք-շվեցարական համատեղ անակնկալ հայտարարության հրապարակումը, այնպես էլ մայիսի 31-ին, նույնպես գիշերը նույն կողմերի մեկ այլ համատեղ հայտարարությունը, որով հրապարակվեցին երկու հայտնի արձանագրությունները։ Բանակցությունների գաղտնիության հանգամանքը գուցե այնքան էլ էական չէ, քանի որ դրանք ընդունված են դիվանագիտական պրակտիկայում։ Սակայն տվյալ դեպքում խնդիրը բուն բանակցությունների գաղտնիությունը չէ։ Այլ այն, որ մի կողմից բանակցություններում ներգրավված է նաեւ Ռուսաստանը, մյուս կողմից՝ որ դրանցում հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան հիմնահարցի լուծման խնդիրները, հնարավոր է, քննարկվում են մեկ ընդհանուր փաթեթի մեջ։ Մի բան, որ մշտապես մերժում էին թե՛ պաշտոնական Երեւանը, թե՛ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Որ այդ բանակցություններում երկու գործընթացները կարող են մեկ «զամբյուղում» քննարկման առարկա լինել, ցույց է տալիս Ռուսաստանի վերջին շրջանում վարած քաղաքականությունը։ Երեւան կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո թուրքական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունենում Սերգեյ Լավրովի եւ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի միջեւ։ Ակնհայտ է, որ հեռախոսազրույցի առարկան եղել է միայն Լավրովի հայաստանյան այցի արդյունքը, քանի որ կողմերը մնացած բոլոր հարցերը «տետ ա տետ» քննարկելու լիարժեք հնարավորություն են ունեցել հունվարի 13-ին Էրդողանի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Անկախ այն բանից՝ ինչ են քննարկել Դավութօղլուն եւ Լավրովը, ակնհայտ է, որ Ռուսաստանը Հայաստանի հետ տարվող բանակցությունների մասին առնվազն տեղեկացնում է թուրքական կողմին։ Եթե Ռուսաստանը հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հիմնահարցը չի դիտարկում մեկ փաթեթի մեջ կամ առնվազն չի ընդունում Թուրքիայի այս դիրքորոշումը, ինչպես փորձում էր Էրդողանի հետ հանդիպումից հետո համոզել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, ապա թուրքական կողմի հետ կոնսուլտացիաներ անցկացնելու որեւէ անհրաժեշտություն չպետք է լիներ։ Մյուս կողմից` խիստ տարօրինակ է օր առաջ ԼՂ կարգավորման բանակցային պրոցեսում որեւէ արդյունքի հասնելու հարցում Մոսկվայի ցուցաբերած ակնհայտ շտապողականությունը, որը շփոթության մեջ է գցել անգամ Արեւմուտքին։ Լավրովի՝ Երեւանում գտնվելու ընթացքում հայտարարվեց այս ամսվա վերջին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում անցկացնելու մասին, որն անուղղակիորեն հաստատեց նաեւ պաշտոնական Երեւանը՝ ի դեմս ՀՀ նախագահի մամլո խոսնակի։ Ավելին, Լավրովի վերադառնալուց անմիջապես հետո ընդամենը մեկօրյա աշխատանքային այցով Մոսկվա է հրավիրվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ երկու նախագահների քննարկման հիմնական առարկան հենց ԼՂ կարգավորման գործընթացն է եղել։ Ինչու՞ էր Մեդվեդեւին անհրաժեշտ իր մոտ հրավիրել ՍերԺ Սարգսյանին, երբ ՌԴ արտգործնախարարն ընդամենը նախօրեին Երեւանում էր: Թերեւս, կարելի է կռահել։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե նախագահական առաջիկա եռակողմ հանդիպումն անցկացնելու հիմնական խոչընդոտը կապված է Հայաստանի հետ, ինչը եւ ռուսական կողմը փորձել է լուծել ամենաբարձր մակարդակով։ Ռուսաստանի վերջին անակնկալ ակտիվացումը նկատելիորեն նյարդայնացնում է նաեւ Արեւմուտքին։ Սերգեյ Լավրովը Երեւանից դեռ չէր հեռացել, երբ Հայաստան այցելեց ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն։ Վերջինս, ոչ ավել, ոչ պակաս, նախագահ Սարգյանի եւ արտգործնախարար Նալբանդյանի հետ հանդիպումներից հետո մեկնում է Ստեփանակերտ, որտեղ մնում է մեկ օր։ Սակայն տարօրինակը ոչ թե Արցախ այցելության աննախադեպ լինելն էր, այլ Ստեփանակերտում Բրադկեի արած այն հայտարարությունը, թե ինքը եկել է կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը։ Եվ դա այն դեպքում, երբ պլանավորված էր, որ դրանից ընդամենը երեք օր անց` հունվարի 20-ին, տարածաշրջան պետք է այցելեին Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահները։ Միանշանակ, Բրադկեի այս հապշտապ այցը պատահական զուգադիպություն համարել չի կարելի։ Վաշինգտոնին հույժ անհրաժեշտ էր հասկանալ՝ ի՞նչ էր փնտրում Հայաստանում Լավրովը, եւ ի՞նչ պետք է սպասել առաջիկայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների՝ Մոսկվայում նախատեսված հանդիպումից։ 2009 թ. նոյեմբերին երեք նախագահների` Մայենդորֆում կայացած առաջին հանդիպումն ավարտվեց ԼՂ հարցի հետ կապված հայտնի հռչակագրի ստորագրմամբ, եւ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ սցենարը կարող է կրկնվել։ Դրանով են պայմանավորված նաեւ Արեւմուտքի համառ ջանքերը՝ հնարավորինս ստվեր գցել երեք նախագահների մոսկովյան առաջիկա հանդիպման վրա։ Բացի Բրադկեի հայտարարությունից, թե եկել է կազմակերպելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը, հանկարծ չափազանց նյարդային հայտարարությամբ է հանդես գալիս «Միջազգային ճգնաժամային խմբի» Եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը։ «Ռուսաստանը միջազգային բոլոր դերակատարների ֆոնին առավել մեծ հնարավորություններ ունի երկու երկրների միջեւ համաձայնության ձեռքբերման համար, սակայն ամեն դեպքում Ռուսաստանը ամենազոր չէ։ Համաձայնություն կարող է ձեռք բերվել միայն այն ժամանակ, երբ երկու երկրների հասարակությունները պատրաստ լինեն ընդունելու հիմնարար սկզբունքները»: Արեւմուտքի այս շփոթմունքը միանգամայն կարելի է հասկանալ։ Ակտիվացնելով միջնորդական ջանքերը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում` Մոսկվան, ուղղակի թե անուղղակի, ակնհայտորեն գործում է Թուրքիայի շահերի համատեքստում, որովհետեւ ճանապարհ է հարթում արձանագրություններն Անկարայի կողմից վավերացնելուց առաջ վերջինիս առաջադրած նախապայմանի իրագործման համար։ Ստացվում է, որ այսպես թե այնպես, Մոսկվան մտնում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տիրույթ։ Ռուսաստանն այդպիսով հնարավորություն է ունենում զգալիորեն նվազեցնելու ԼՂ հակամարտության եւ հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վրա ԱՄՆ ներգործությունը, որն ընդհանրապես կապում է ԱՄՆ-ի ձեռքերը հարավկովկասյան տարածաշրջանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter