HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Փորձագետն իրականում ու՞մ մուշտակներն է փորձաքննել

Արդեն մեկ տարի է Էջմիածին քաղաքում ապրող հարեւաններ Միշա Ղազարյանի եւ Արմեն Բաբաջանյանի միջեւ դատական վեճ է գնում: 2009 թվականի մայիսին Մ. Ղազարյանը վնասի հատուցման պահանջով հայցադիմում է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան` հարեւան Ա. Բաբաջանյանից պահանջելով 1 միլիոն 50 հազար դրամ վնասի հատուցում:

Ա. Բաբաջանյանի հողամասը հարակից է Մ. Ղազարյանի նկուղի պատին եւ, վերջինիս համոզմամբ, երբ հարեւանը հողամասը ջրում է, իր նկուղը ջուր է լցվում: «Ես մի քանի անգամ զգուշացրել եմ Արմենին, որպեսզի իմ տան ուղղությամբ նկուղի հարակից մասը չջրի, որպեսզի ջուրը չլցվի իմ նկուղը եւ ինձ վնաս չպատճառվի: Սակայն նա, հաշվի չառնելով իմ կարծիքը, փաստորեն շարունակեց ոռոգել հողամասը նաեւ այդ հատվածում»,- նշված է Մ. Ղազարյանի հայցադիմումի մեջ: Ըստ հայցվորի` 2008 թ. հուլիսի 30-ին Արմեն Բաբաջանյանը հողամասը ոռոգելու հետեւանքով ջուրը լցրել է իր նկուղը եւ փչացրել այնտեղ պահվող բոլորովին նոր մուշտակները: Նույն օրը Միշա Ղազարյանը դիմել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, եւ այդ փաստով նախապատրաստվել են նյութեր: «Ոստիկանների կողմից կատարվել է տեղազննություն, վնասված մուշտակների զննություն, նշանակվել են փորձաքննություններ»,- գրված է հայցադիմումում: Թեեւ Միշա Ղազարյանը նշել է, որ կատարվել է «վնասված մուշտակների զննություն», սակայն ոստիկանների կողմից արված տեղազննության լուսանկարներում այդպես էլ մուշտակներ չեն երեւում: Նկուղի մի անկյունում իրար վրա շարված պոլիէթիլենային տոպրակների կույտ է նկարված եւ տոպրակի մի անկյունից երեւացող մորթու փոքրիկ կտոր: Հավանաբար, ոստիկանները փակ վիճակում են «զննել» մուշտակները, հակառակ դեպքում գոնե մեկ մուշտակի լուսանկար կանեին: Բացի այդ, հստակ չէ` արդյո՞ք այդ տոպրակներում մուշտակներ են պահվում, թե այլ իրեր: Հատկանշական է նաեւ, որ թանկարժեք մուշտակները Միշա Ղազարյանը տեղավորել է նկուղի հատակին, իսկ լուսանկարում երեւացող կոշիկի տուփերը, որոնք անհամեմատ էժան են, խնամքով շարված էին հատակից մոտ մեկ մետր բարձրության վրա գտնվող տաղավարների վրա: «Հետքի» հետ զրույցում Արմեն Բաբաջանյանի կինը` Հերիքնազ Հարությունյանը, պատմեց, որ Միշա Ղազարյանի ու իրենց միջեւ երբեւէ հողամասը ոռոգելու համար վեճեր չեն առաջացել: «Մի 5 տարի առաջ է մեկ անգամ ասել, թե իր նկուղը խոնավանում է: Բայց պարզվեց, որ ամբողջ թաղամասի նկուղներն էին խոնավացել, եւ դա ստորգետնյա ջրերի բարձրացման արդյունք էր»,-ասում է Հ. Հարությունյանը: Վերջինիս պատմելով` Միշա Ղազարյանը տունը կառուցել է 1991 թվականին: Իրենք 12 մետր երկարությամբ եւ մոտ 60սմ լայնությամբ հող են տվել Մ. Ղազարյանին, որպեսզի ամրացնի նկուղի պատերը: Հ. Հարությունյանի ներկայացմամբ` նկուղի բետոնե պատից 90սմ տարածք էլ իրենք չեն մշակել, որպեսզի նկուղը չխոնավանա: «Երբ 2008 թվականին ամուսինս ցանկացավ հողը վաճառել, Միշա Ղազարյանը ցանկություն հայտնեց գնել այն եւ այդ հատվածից բացել իր տան պատուհանները: Հողատարածքի գնի հարցում համաձայնության չեկանք եւ հողամասի նոր գնորդ հայտնվեց, որն ավելի թանկ գին էր պատրաստ վճարել: Երբ Միշան հասկացավ, որ այդ հողամասն այլեւս իրենը չի լինելու, սկսեց վատ տրամադրվել մեր նկատմամբ»,- հարեւանների միջեւ առաջացած վեճի պատճառն այսպես բացատրեց Հերիքնազ Հարությունյանը: 2008 թ. հուլիսի 30-ին Միշա Ղազարյանը դիմել է Վաղարշապատի ոստիկանական բաժանմունք: Տարածքի թաղային լիազորը Արմեն Բաբաջանյանի հետ գնացել է Մ. Ղազարյանի նկուղը տեսնելու: Տիկին Հերիքնազի ասելով` նկուղի մի անկյունում մեկ դույլի չափով ջրի լճակ է եղել: Այդ ժամանակ Մ. Ղազարյանը Ա. Բաբաջանյանին ցույց է տվել այծի մորթուց կիսամուշտակ, թե իբր ջրից է փչացել: Սակայն Արմենի տիկնոջ պատմելով` մուշտակը ոչ թե թրջված է եղել, այլ պատռվածք է ունեցել: Որպեսզի հարեւանների միջեւ վեճ չլինի, թաղային լիազորը Արմեն Բաբաջանյանին ուղարկել է տուն եւ խոստացել է վեճն ինքնուրույն հարթել: «Անցավ 3 օր: Էջմիածնի քննչական բաժնից 3 հոգի եկան մեր տուն ու ասացին, որ մեր դեմ գործ է հարուցված: Իբր մենք դիտավորյալ ջուրը պահում ենք Միշայի նկուղի տարածքում, որ տարածքը խոնավանա: Ոստիկանները տեսան, որ քիչ քանակությամբ է մարգը խոնավացած, բայց անհասկանալի էր, որ վերջում արձանագրել էին, թե խոնավացած է մեկ մետր լայնությամբ տարածք: Բայց նույնիսկ այդ ժամանակ Միշայի նկուղի պատերը խոնավացած չէին»,- ասում է Հերիքնազ Հարությունյանը: Արմեն Բաբաջանյանի մեղավոր լինել-չլինելու հարցը պարզելու համար Վաղարշապատի քննչական բաժնի քննիչ Ա. Մկրտչյանը 2008 թ. հոկտեմբերի 31-ին որոշում է կայացրել դատաշինարարատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին: ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետներ Հրանտ Ավետիսյանն ու Արման Արսենյանը 2009 թ. մարտի 10-ին կազմել են «Փորձագետի եզրակացություն», ըստ որի` նյութերի անբավարար լինելու պատճառով չեն կարողացել տալ վերջնական եզրակացություն, քանի որ ոստիկանության կողմից փորձագետներին նյութերը հանձնվել են ոչ լիարժեք: Փորձագետները չեն ունեցել 2008 թ. հուլիս-օգոստոս ամիսների հարեւանների բնակության տարածքում առկա ստորգետնյա ջրերի մակարդակի վերաբերյալ տեղեկություններ: Այդ ժամանակ ոստիկանությունում Ա. Բաբաջանյանին ասել են, որ Մ. Ղազարյանի վնասի չափը 4.8 միլիոն դրամ է: «Ոստիկանությունում առկա գործերի մեջ նշված էր զանազան վնասված իրերի մասին, բայց մուշտակների մասին խոսք չկար: Իբր փորձագետն էր գինը որոշել, որի փորձագիտական եզրակացությունն այդպես էլ չտեսանք»,- ասաց Հերիքնազ Հարությունյանը: Երբ դատաշինարարատեխնիկական փորձաքննության արդյունքում փորձագետները չկարողացան պարզել, թե ինչ պատճառներով է Միշա Ղազարյանի նկուղը ջուր լցվում, ոստիկանությունում գործը կարճվեց: Հ. Հարությունյանի ասելով` իրենք կարծել են, թե գործը վերջնական փակվել է, սակայն 2009 թվականի մայիսին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ծանուցագիր են ստացել, որ Միշա Ղազարյանը հայց է ներկայացրել դատարան` պահանջելով 1 միլիոն 50 հազար դրամ վնասի հատուցում: «Այդ ժամանակ նոր ենք իմացել, որ իբր մուշտակներ ենք վնասել»,- ներկայացրեց տիկին Հերիքնազը: Նշենք, որ գործում կա ՀՀ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետ Կ. Ադամյանի փորձագիտական եզրակացությունը: Փորձաքննության ներկայացված թվով 24 մուշտակներից 5-ի վնասվելու հետեւանքով պատճառված ընդհանուր նյութական վնասի չափը 2008 թ. հուլիսի 30-ի դրությամբ «կարող էր կազմել» 1 մլն 50 հազար դրամ: Փորձագետը պարզել է, որ վնասված մուշտակների «ակնադիտական հետազոտությունից ակնհայտ է, որ դրանք ենթարկվել են ջրային ներգործության, տարբեր հատվածներում մուշտակների մորթու վրա առկա է որակական հատկանիշների փոփոխություն` չորացվածություն, ապրանքային տեսքի կորուստ եւ այլն»: Փորձագետի եզրակացությամբ` այդ մուշտակները մանր կտորներով են եղել եւ վնասվել են ոչ թե ամբողջովին, այլ մասնակիորեն, սակայն իրենցից ապրանքային արժեք արդեն չեն ներկայացնում: Ինչպես փորձագետի եզրակացության մեջ, այնպես էլ գործում եղած նյութերում որեւէ հիշատակում չկա, որ փորձաքննության ենթարկված մուշտակները պատկանում են Միշա Ղազարյանին: «Մուշտակների փորձաքննության ժամանակ մեզ չեն հրավիրել, եւ մենք չենք տեսել այդ մուշտակները: Նրանց փաստաբանը դատարանում ասաց, որ նույնիսկ Միշան փորձաքննությանը ներկա չի եղել: Եթե իրենք էլ ներկա չեն եղել, բա ո՞վ է դրանք ներկայացրել փորձաքննության»,- տարակուսում է Հ. Հարությունյանը: Դատարանում Արմեն Բաբաջանյանը հարցրել է Միշա Ղազարյանի ներկայացուցչին` եթե մուշտակներն իրենք են վնասել, ինչու՞ իրենց չեն ներկայացրել: Դատապաշտպանն էլ ասել է, թե Միշա Ղազարյանը չի ուզել, չի արել: «Եթե ներկայացնեին, մենք կվճարեինք մուշտակների գինը, դրանք կվերցնեինք, կվերամշակեինք ու վաճառքի կհանեինք, մեր գումարն էլ դուրս կգար: Նրանց պետք էր, որ գործն անպայման մտներ դատարան, որովհետեւ Միշա Ղազարյանն ունի բազմաթիվ ծանոթներ ոստիկանությունում ու դատարաններում եւ նրանց միջոցով կարող է ինչ-որ բանի հասնել»,- ավելացրեց տիկին Հերիքնազը: Նշենք, որ Ազգային անվտանգության Էջմիածնի ստորաբաժանման պետ Էդիկ Հովհաննիսյանը Միշա Ղազարյանի սանիկն է, ինչի մասին Մ. Ղազարյանն ամեն տեղ հայտարարում է: Քանի որ առաջին դատաշինարարատեխնիկական փորձաքննության ժամանակ փորձագետները չէին կարողացել հստակ նշել, թե ինչի պատճառով է Մ. Ղազարյանի նկուղը ջուր լցվել, Արմեն Բաբաջանյանը դատարանից պահանջել է անցկացնել նոր փորձաքննություն: Պատահականությամբ, թե դիտավորյալ, երկրորդ անգամ որպես փորձագետ եզրակացութուն է տալիս նույն փորձագետը` Արման Արսենյանը: Փորձագետը, որը թարմ հետքերով 2008-ին չէր կարողացել եզրակացություն տալ, դեպքերից մեկ տարի անց` 2009 թվականի սեպտեմբերի 29-ին, տվել է փորձագիտական եզրակացություն, ըստ որի` «Մ. Ղազարյանի տան նկուղ ջրի ներհոսք կարող էր առաջանալ միայն հարակից` Ա. Բաբաջանյանի հողամասից բնահող ներծծված ջրերի հետեւանքով»: «Միշա Ղազարյանի տան ջրի խողովակներն անցնում են նկուղով, եւ շատ հնարավոր է` խոնավությունն այդ խողովակներից լինի: Փորձաքննությանը ներկա ենք գտնվել միայն մեր կողմից, եւ այդ ժամանակ մենք նրանց նկուղ չենք մտել: Երբ փորձագետին հարցրի, թե ինչպես դեպքից մի քանի օր անց չկարողացավ պարզել, իսկ մեկ տարի անց եկավ եզրահանգման, պատասխանեց, թե հիմա արդեն պարզ երեւում են պատի վրայի խոնավության հետքերը: Այդ ինչպե՞ս եղավ դեպքից մեկ տարի անց, այն էլ ամառ օրով պատի վրա մնացին խոնավության հետքեր: Միգուցե Միշա Ղազարյա՞նն է դույլով ջուր լցրել պատերին, ինչպե՞ս պարզվեց, որ այդ ջուրը հենց մեր հողամասի ջուրն է»,- հարցնում է տիկին Հերիքնազը: Ինչ վերաբերում է այդպես էլ բոլորի աչքից հեռու մնացած մուշտակներին, ապա դատարանում Ա. Բաբաջանյանի ներկայացուցիչը պահանջել է, որ դրանք բերեն դատարան: 2009 թ. դեկտեմբերի 2-ի դատական նիստի ժամանակ Մ. Ղազարյանի պաշտպանը հայտարարել է, թե ընդամենը 15 օր առաջ մուշտակները դեն են նետել: «Երբ հարցրինք, թե Միշան թուղթ ունի՞, որ այդ մուշտակներն, իրոք, իրենն են եղել, փաստաբանը պատասխանեց, որ հայցվորը մուշտակները ձեռք է բերում տարբեր տոնավաճառներից եւ վերավաճառում է: Հարց է առաջանում` այդ 24 մուշտակները թանկարժեք են եւ պետք է փաստաթուղթ ունենան, հիմա մենք ի՞նչ իմանանք, թե փորձագետն ում մուշտակներն է փորձաքննել, մանավանդ որ մենք դրանք չենք էլ տեսել: Իրենք մեծ արժեք ներկայացնող իրեր են վաճառում եւ պետք է հարկայինին դրա համար հարկ վճարեին: Ի՞նչ է, ինքը հարկայինում մուտք չի արե՞լ այդ մուշտակները»,- նշեց Հերիքնազ Հարությունյանը: Ըստ նրա` Միշա Ղազարյանը երկար ժամանակ է առեւտրով է զբաղվում եւ շատ հնարավոր է, որ նա իր առեւտրական ընկերների փչացած մուշտակներն է բերել փորձաքննության: Հունվարի 21-ին դատաքննությունը շարունակվելու է, եւ դատարան է ներկայանալու մուշտակները փորձաքննած փորձագետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter