HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երվանդաշատում 2009-ին 4 մարդ տուժել է օձերի խայթոցներից

74-ամյա Ժորա Վարդանյանին 6 ամիս առաջ, իր սեփական տանը, գյուրզա օձը կծել է: Նրա ոտքը մինչ օրս չի լավանում. ծերունին գիշերները ցավից չի կարողանում քնել: Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղում, որը Թուրքիայի սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում, տարեկան ամենաքիչը 2-3 մարդու օձ է կծում: Նախորդ տարի 4 երվանդաշատցի է տուժել օձի խայթոցից: Բարեբախտաբար, մահացու դեպքեր չեն եղել: «6 ամիս առաջ` ամռանը, գիշերվա ժամը 3-ին մոտ էր, արթնացա, ուզեցի գնամ դուրս: Տան անդամները բոլորը քնած էին: Եկա դռան մոտ, դեռ դուռը չէի բացել, շան հաչոցը լսվեց: Մտածեցի` ոզնի է տեսել: Հետո` հենց դռան շեմին, ոտքս գցեցի ու ինչ-որ բանի վրա կանգնեցի. պարզվեց` օձ է: Որ կծեց, գոռոցս հելավ, տղաս ձայնիս վրա եկավ, հասկացավ, որ օձ է կծել: Կծելուց հետո սողաց դեպի ներսի թախտի տակ: Օձ բռնելու հատուկ գործիքներ ունենք, տղաս բռնեց օձին, սպանեց. շատ հաստ գյուրզա էր, քաշը մի 7 կգ կլիներ»,- պատմում է Ժորա Վարդանյանը: Ծերունուն որդին տարել է գյուղի հիվանդանոց, որը սպասարկում է մոտակա չորս գյուղերը: Քանի որ գյուղի հիվանդանոցում հակագյուրզին չկա, հիվանդին շտապ հասցրել են Արմավիրի հիվանդանոց: «Մինչեւ հասցրին, գույնս արդեն սեւ էր լրիվ: Այնքան էի ուռել, որ չէին կարողանում շորերս հանեն: Հիվանդանոցում հակաթույն չկար, տղաս հազիվ գտավ, առավ երկու ամպուլա, հատը` 80 000 դրամ: Բայց մինչեւ հիմա էլ ես չեմ լավացել: Երեւի գյուղի հացն ու յուղը պահեց, որ ողջ մնացի: Ահավոր ցավեր էին: Որոշել էին նաեւ ոտքս կտրել, ցավերն ահավոր էին»,- հիշում է 74-ամյա ծերունին: Ժորա պապը դժգոհում է, որ գյուղի հիվանդանոցում հակաթույն չկա: «Սահմանամերձ գոտի է, մի հիվանդանոցը ծառայում է մի քանի գյուղերին, կտրված տարածք է, ու դեղ չկա»,- ասում է Ժ. Վարդանյանը: Երվանդաշատում օձեր միշտ են եղել: Մի քանի տարի առաջ Ժորա Վարդանյանի որդուն էլ է օձը կծել: Տարիներ առաջ էլ, երբ Ժ. Վարդանյանի հարեւանին է կծել օձը, Ժորա պապն է նրան հիվանդանոց հասցրել, որտեղ հազիվ են տուժածի կյանքը փրկել: «Եթե ձեր ձեռքին օրենք կա, եկել եք, որ մարդու օգուտ տաք, ես խնդրում եմ ձեզ, մենք 50 կիլոմետր հեռու ենք քաղաքից, մինչեւ էդքան ճանապարհ կտրեն, հիվանդին հասցնեն քաղաք, չգիտեմ` ինչ կլինի: Իսկ եթե մեզ մոտ լինի հակաթույնը, շուտ կսրսկեն, կփրկվի մարդ: Եթե ինձ ժամանակին սրսկեին, էսքան ցավեր չէի քաշի»,- ասում է նա: Երվանդաշատի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Սանասար Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ իրենց գյուղը «խեղճանում է» հակագյուրզինից. գյուղում օձերը չափից դուրս շատ են, տարեկան 2-3 մարդու են խայթում, չնայած մարդիկ շատ զգուշավոր են: «Ամեն տարի մենք պրոբլեմ ենք ունենում, շատ դժվար ենք հակաթույն գտնում: Լավ կլիներ, որ պետական մասշտաբով այդ հարցը լուծվեր, ոչ թե մեծ գումարներով կանխիկ ձեռք բերեինք այդ հակաթույնը: Որպես բացառիկ բնակավայր ուղղակի բացառության կարգով ձրիաբար տային մեր հիվանդանոցին` գոնե երկու ամպուլա: Ընդհանրապես չեն տալիս, գյուղապետն է ամեն տարի հետաքրքրվում, ինքը բերում` հիմնականում իր գրպանից»,- ասաց նա: Թեեւ օձերի խայթոցից մահացություններ չեն եղել, բայց Ս. Հարությունյանն ասում է, որ մարդն այնպիսի վիճակում է հայտնվում, որ 5-6 ամսում չի առողջանում: «Հայաստանում չորս տեսակի թունավոր օձ կա, 4-ն էլ գյուղում ունենք: Բայց ամենավտանգավորն ու ամենաշատ տարածվածը գյուրզան է»,- ասաց Ս. Հարությունյանը: Երվանդաշատի համայնքապետ Հովնան Ավետիսյանն ասաց, որ ինքն իր գրպանից է օձի հակաթույնը գնում. «90-ական թվականներից մինչեւ 2009 թ. միայն անցյալ տարի է, որ գյուղում հակաթույն չի եղել, թարսի պես այս տարի էլ օձը 4 հոգու կծել է»: Համայնքապետը հակաթույն ձեռք բերելու խնդրանքով ոչ մեկին չի դիմել. «Տարիների փորձը կա, պետք է ձեռք բերես ու վերջ»: Մեր հարցին, թե ինչ արժե հակաթույնը, որ համայնքապետի «գրպանը» կարողանում է հոգալ այդ մասին, Հովնան Ավետիսյանը պատասխանեց. «Մեկ ամպուլան` 70 հազար դրամ»: Երվանդաշատի բժիշկ Արթուր Գարումովն էլ հաստատեց, որ դեղը շատ թանկ արժե, եւ ինքն ի վիճակի չէ գնել այն: «Փոքր ամբուլատորիայի համար 1 դեղաչափ դեղը 70 հազար դրամով գնելը շատ-շատ թանկ է: Ես այդ հարցը չեմ կարող լուծել: Խոսել եմ իմ սպասարկման տակ գտնվող 4 գյուղերի համայնքապետերի հետ, որպեսզի նրանք գնեն: Կոնկրետ պատասխան չեմ ստացել: Խնդրում եմ` դուք էլ ձեր միջամտությունը ցուցաբերեք, որպեսզի գոնե այս տարի անտիգյուրզին ունենանք»: Բժշկի հավաստմամբ` դրությունը վատ է, որովհետեւ օձի խայթոցի դեպքեր հաճախակի են լինում: Ու թեեւ իրենք տեղում հիվանդին առաջին բուժօգնություն են ցույց տալիս եւ ուղարկում Արմավիր քաղաքի հիվանդանոց, բայց ավելի լավ կլիներ, որ հակաթույնը տեղում ներարկեին: Առողջապահության նախարարության դեղերի բաժնի գլխավոր մասնագետ Արման Նազարյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ հակագյուրզինը հիվանդանոցներն իրենք են ձեռք բերում, պետության կողմից չի հատկացվում. կարգն է այդպիսին: «Ընկերությունը, որը ներկրում է հակագյուրզինը, տեղեկացնում է բոլոր մարզերին, մարզերն էլ իրենց հերթին` բուժհաստատություններին: Մարզի պահանջարկով կազմակերպվում է դրա ձեռքբերումը բուժհաստատությունների կողմից: Իսկ հեռավոր գյուղերում բժշկական հաստատություններն ամբուլատորիաներ են, ոչ թե հիվանդանոց, մինչդեռ անտիգյուրզինի օգտագործման համար հիվանդանոցային պայմաններ են անհրաժեշտ: Ուստի գյուղից տուժածին տեղափոխում են շրջկենտրոնի համապատասխան հիվանդանոց, որտեղ եւ իրականացվում է անտիգյուրզինի ներարկումը»,- ասաց նա: Ա. Նազարյանի խոսքով` ամեն տարի հակաթույնի գին է սահմանվում` կախված տվյալ արտադրողի մատակարարման գնից ու կատարած ծախսերից: «Դա ներկրող ֆիրմայի խնդիրն է: Այս տարի անտիգյուրզինի խնդիր չի եղել: Սպասենք ամռանը, կտեսնենք, թե ինչպիսին կլինի ապահովվածությունը ֆիրմայի կողմից, եւ ինչպիսի գին կսահմանվի»: Ա. Նազարյանը նշեց, որ հակաթույների գնային քաղաքականությունը ֆիրման է որոշում` նախարարության միջնորդությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter