HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրաքահայ փախստականներին կացարան է տրամադրվել

Արարատի մարզի Դարբնիկ գյուղում 2009-ին 46 իրաքահայ ընտանիքի կացարան տրամադրվեց: Իրաքահայերն այստեղ բնակվում են փախստականի կարգավիճակով: Դարբնիկում բնակվող Անի Մարգարյանը 2006 թ. է Իրաքից գաղթել Հայաստան: Դարբնիկում ապրում է ամուսու եւ նորածին երեխայի հետ: Անիի ծնողները, եղբայրները իրենց ընտանիքներով նույնպես Դարբնիկում են բնակվում:

«Երբ եկանք Հայաստան, սկզբում Մասիվի հանրակացարանում 4 ամիս մնացինք, հետո տուն վարձեցինք: Մի քանի վարձով տներ ենք փոխել, հետո տեղափոխվել ենք այստեղ` Դարբնիկ»: Անիի ամուսինը պատուհաններ արտադրող գործարանում է աշխատում, եղբայրները մեքենաներ են նորոգում: Ինքը` Անին, չի աշխատում: Հայաստանում հարմարվելն ու համակեպվելը շատ դժվար էր: «Եվրոպա կուզենայինք տեղափոխվել, բայց տանողն ո՞վ էր: Հիմա փախստականի կարգավիճակով ենք: Իրաքահայերի համար շատ մեծ խնդիր է աշխատանքը: Հայաստանցին է դժվարությամբ աշխատանք գտնում, ուր մնաց իրաքահային տան: Գյուղում համակերպվելն էլ է դժվար: Տրանսպորտ ժամը մեկ է լինում, հոգիդ գնում է: Այստեղ` այս ցեխերի մեջ ապրելը դժվար է»,- ասում է Անին: Ողջ կյանքը Բաղդադում անցկացրած Անին թեեւ դժվարությամբ է համակերպվում գյուղի կենցաղին, սակայն ասում է, որ ստիպված են. Երեւանում բնակարանների վարձերը շատ թանկ են: Կոմունալ վճարներն էլ դժվար է հոգալ: «Իրաքում այդ վճարները չնչին էին, համարյա ձրի: Այնտեղ եթե տանից մեկն աշխատի, 10 հոգի կարող է պահել: Այստեղ հակառակն է` 10-ը պիտի աշխատեն, որ մեկին պահեն: Փոքր երեխա ունեմ, շատ դժվար է պահելը»,- ասում է նա` հավելելով, որ ետ` Իրաք վերադառնալ չի ցանկանում: Անին Իրաքում շատ բարեկամներ ունի, որոնք պատմում են, թե ինչքան վտանգավոր է իրավիճակն այնտեղ: «Տանից դուրս չեն գալիս: Դուրս գալիս էլ չգիտեն` ողջ կվերադառնա՞ն, թե չէ»,- ասում է Անին: Հայաստանում ներկայումս մոտ 800 իրաքահայ է բնակվում: Իրաքյան պատերազմից հետո` 2004-ից սկսած, իրաքահայերը սկսեցին գաղթել Հայաստան: Իրաքից Հայաստան մարդկանց ամենամեծ ներհոսքը եղել է 2005-2006 թթ: 2009-ին ընդամենը 2 ընտանիք է Իրաքից տեղափոխվել Հայաստան: Բազմաթիվ իրաքահայեր Հայաստանից մեկնել են Եվրոպա: Իրաքահայերի ընտանեկան մշակութային հ/կ-ի փոխնախագահ Վիգեն Կտիկյանը նշում է, որ իրաքահայերի մի մասն ապրում է Երեւանում` վարձակալած բնակարաններում կամ հանրակացարանում, մյուս մասը` մարզերում: Իրաքահայերի մեծագույն դժվարություններից մեկը բնակարանային խնդիրն է: «Երբ մենք այդ դժվարության մասին տեղյակ պահեցինք տարածքային կառավարման նախարարությանը, իրենք պետության օգնությամբ եւ ՄԱԿ-ի հովանավորությամբ Մասիսի շրջանի Դարբնիկ գյուղում 46 բնակարան տվեցին իրաքահայերին: Այնտեղ հանգիստ է, լավ է ամեն ինչ: Հիմա միայն տրանսպորտի խնդիր ունեն: Երեւի այդ հարցը տրանսպորտի նախարարությունը կկարողանա լուծել: Երեւանում մեծամասնությունը վարձով է ապրում, իսկ ովքեր լավ վիճակում են, բնակարան են գնել: Հիմնականում չունեւորներն են հանրակացարաններում ապրում»,- ասում է նա: Իրաքահայերը, ըստ Վ.Կտիկյանի, պետությունից նպաստ չեն ստանում: Նրանց հիմնական խնդիրը աշխատանքի բացակայությունն է: «Որոշներն աշխատում են` ոմանք մասնավոր գործ ունեն, ոմանք տարբեր գործարաններում են աշխատում, երիտասարդները շինարարության վրա են աշխատում: Աշխատանք չունենալը միայն նրանց խնդիրը չէ, տեղացիներն էլ ունեն այդ խնդիրը: Դա ընդհանուր խնդիր է: Հետո` աշխատավարձերը քիչ են, թանկ երկիր է: Շուկայի վիճակի համեմատ աշխատավարձը շատ քիչ է: Իրաքահայերից ոմանք այստեղ սեփական բիզնեսով են զբաղվում` մեկը ճաշարան ունի Մաշտոցի փողոցում, խանութ ունեցող կա, մեկն էլ անասունների գործ է անում: Բայց, օրինակ, Բաղդադի լավագույն ատամնաբույժը, ում մոտ բոլորն էին գնում, այստեղ աշխատանք չունի»,- ասում է նա: Տեղացիների հետ իրաքահայերը խնդիրներ չեն ունենում, ինչպես պրն Կտիկյանն է ասում` իրենք իրենց օտար չեն զգում: Բուն իրաքցիներ Հայաստանում չկան: Երկու հոգի եղել են, ովքեր 5 տարի ապրել են Հայաստանում, սակայն ՄԱԿ-ի միջոցով տեղափոխվել են երրորդ երկիր: Իրաքահայերից ոմանք էլ տարիների ընթացքում վերադարձել են Իրաք: Սակայն նրանք մեծ թիվ չեն կազմում. իրաքահայերի հիմնական մասը Հայաստանից Եվրոպա է մեկնում. «Երբ մի երկու տարի մնում են անգործ, հուսահատվում են: Մարդիկ կան, որ ամեն ինչ թողել են Իրաքում ու մտածում են` գնամ տեսնեմ ինչպե՞ս է վիճակն այնտեղ»,- ասում է Վ. Կտիկյանը: Շատ հայեր Իրաքից անմիջապես Սիրիա են մեկնել: Ներկայումս մոտ 8 000 հայ կա Իրաքում: «Իրաքում հայկական եկեղեցիներ կային, մարդիկ իրենց գործն ունեին, հիմա էլ շատ են հայ ընտանքիներն այնտեղ: Բայց վիճակն այնտեղ վտանգավոր է եւ այդպես էլ կմնա: Իրաքի հետ ես կապ պաշտպանում եմ, ծնողներս, եղբայրս այնտեղ են: Բայց նրանք էլ, ի վերջո, պիտի հետ գան այստեղ»,- պատմում է Վ. Կտիկյանը: Նրա խոսքով` կրոնական ֆոնի վրա իրաքցիների հետ հայերը խնդիրներ չեն ունենում: Հայաստանում Իրաքը դեսպանատուն չունի: Իրաքահայերի խնդիրներով (թոշակների, անձնագրերի ժամկետը լրանալու եւ այլն) զբաղվում է Վրաստանում գործող Իրաքի դեսպանատունը: Վ. Կտիկյանն ասում է, որ երբ Հայաստանում ընդունվեց երկքաղաքացիության մասին օրենքը, շատ իրաքահայեր դիմեցին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար: Սակայն առայժմ դեռ ոչ ոք քաղաքացիություն չի ստացել: Նազդար Շահնազարյանն ընտանիքով հինգ տարի առաջ է գաղթել Իրաքից: Սկզբում վարձով են ապրել, ապա ստացել են փախստականի կարգավիճակ: Նազդարի ծնողները շուտով տեղափոխվել են Եվրոպա, սակայն ինքը մնացել է Հայաստանում, քանի որ ամուսնացել է տեղացու հետ: «Երեւանում վարձով էինք ապրում, ապագա ամուսինս մեր հարեւանն էր: Այդպես ծանոթացանք ու ամուսնացանք»,- պատմում է Նազդարը: Այժմ նա ամուսնու հետ բնակվում է Դարբնիկում: «Գյուղին հարմարվել ենք, սակայն այստեղի ամենամեծ խնդիրը ճանապարհներն են: Ամբողջը ցեխ է, խանութները շատ հեռու են, դեղատուն չկա, տրանսպորտն էլ վատ է աշխատում, մինչեւ հինգն է»,- ասում է նա: Դարբնիկի համայնքապետ Ազատ Խաչատրյանի խոսքերով` Դարբնիկի բնակչության 99 տոկոսը փախստականներ են, հիմնականում Ադրբեջանից եւ Իրաքից: Ներկայումս 24 իրաքահայ ընտանիք է ապրում գյուղում: Համայնքապետի խոսքով` ադրբեջանահայերն ու իրաքահայերը սկզբում մի քիչ դժվար էին հարմարվում միմյանց հետ, բայց հիմա շատ լավ են, ամեն ինչ միասին են որոշում` համատեղ: «Իրաքցիներից շատերն աշխատում են տարբեր տեղերում, հիմնականում արհեստավորներ են: Ասել, թե իրաքցիների վիճակն այսօր վատ է, սխալ կլինի, նրանք լիովին ադապտացվել են: Մինչեւ հիմա ինձ ոչ ոք չի դիմել հետ գնալու համար»,- ասում է նա: Սակայն առայժմ իրաքցիները հող մշակելով ու անասնապահությամբ չեն կարող զբաղվել Դարբնիկում. համայնքապետի խոսքով` դեռեւս լուծված չէ նրանց հողհատկացումների հարցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter