Ախուրյանի 100-ից ավելի ընտանիքներ անօթեւանի կարգավիճակ չունեն եւ ի վիճակի չեն սեփական միջոցներով ոչ կառուցել, ոչ գնել բնակարան
«Մենք սկզբում դժգոհեցինք, երբ իմացանք, որ 2009-ին «Գլենդել Հիլզ» կազմակերպությունն Ախուրյանում, Գյումրիին զուգահեռ, անօթեւանների համար բնակարանաշինություն չի իրականացնելու, եւ ծրագիրը նախատեսված է սկսել միայն այս տարվա գարնանը: Բայց երբ իմացանք, թե ինչ թերություններով են ընթացել եւ ինչ բացթողումներ կան «Մուշ-2» թաղամասում անօթեւանների համար կառուցվող բնակարաններում, ուրախացանք, որ ծրագիրը հետաձգվել էր,- ասում է Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանը,- դե էդքան բանը որ իմացել ենք, կաշխատենք, որ Ախուրյանում հանկարծ նույն թերությունները չկրկնվեն»:
Թե որքանո՞վ կամ ի՞նչ ձեւով Ախուրյանի համայնքապետարանին կհաջողվի վերահսկողություն իրականացնել, կպարզվի մի քանի ամսից, քանի որ հիշյալ կապալառու կազմակերպության կողմից Գյումրիում իրականացրած աշխատանքների որակին մեկ տարվա ընթացքում չէին կարողացել ծանոթանալ ոչ քաղաքապետարանի, ոչ մարզպետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները: Չեն կարողացել ոչ թե նրա համար, որ ցանկություն չեն ունեցել, այլ որովհետեւ կապալառու կազմակերպությունն էր արգելել: Ամեն դեպքում, Ա. Իգիթյանը հույս ունի, որ Գյումրիում շատ խնդիրներ շտկվելուց եւ ճշտվելուց հետո Ախուրյանում շինաշխատանքներն առավել անթերի կլինեն: Համայնքապետը չգիտեր, թե 1, 2 եւ 3 սենյականոցներն ինչ բնակմակերեսներ են ընդգրկելու, սակայն հույս ունի, որ անձին հասանելիք 9 քմ-ը կպահպանվի: Ա. Իգիթյանն ասաց, որ ի սկզբանե նախատեսված առանձնատների կառուցման ծրագիրը Ախուրյանում փոխարինվել է բազմաբնակարանների կառուցման ծրագրով: Կլինեն 3-4 հարկանի շենքեր: Ազատ տարածքներ Ախուրյանի կենտրոնում, ի տարբերություն Գյումրիի, կան, եւ մարդիկ դժգոհություն չեն հայտնի ծայրամասեր տեղափոխվելու համար: «Քաղաքաշինության նախարարին խնդրել ենք, որպեսզի նախագծերի կազմման ժամանակ մասնակից դարձնեն համայանքապետարանի համապատասխան բաժնի աշխատակցին կամ համայնքապետին: Ախուրյանում շենքերը կառուցվելու են ըստ անօթեւանության հերթացուցակների»,- ասում Ա. Իգիթյանը: Այս ծրագրով կլուծվի Ախուրյանի 182 ընտանիքների խնդիրը, որոնք անօթեւան են դարձել երկրաշարժի պատճառով եւ ժամանակին չեն կարողացել օգտվել որեւէ ծրագրից: Անօթեւանության խնդիրը լուծելու նպատակով 10 հազարից ավելի բնակչություն ունեցող այս բնակավայրում մի քանի ծրագրեր են իրականացվել: Ախուրյանցի անօթեւանները օգտվել են եւ ԲԳՎ ծրագրից, եւ առանձնատների կառուցման, անգամ մեկ ամբողջական բնակավայր ձեւավորվեց կենտրոնից 3 կմ հեռու` ստանալով Նոր Ախուրյան անունը: Սակայն դրանք խնդրին վերջնական լուծում չտվեցին: Բավական մեծ ընդմիջումից հետո 2007 թ. աշնանը Ախուրյանում բնակարանաշինության փորձնական ծրագիր սկսվեց, որն այդպես էլ հաջողություն չունեցավ:
«Չիգանա» ՍՊԸ-ի թեթեւ կոնստրուկցիաներով կառուցած տները ներկայումս էլ իրենց անավարտ տեսքով հուշում են, որ կազմակերպության ղեկավարները շտապել են եւ «դեռ առուն չանցած` հոպ են ասել»: Սկսելով աշխատաքները` կազմակերությունը վստահ էր, որ ախուրյանցի անօթեւանների համար առանձնատները գնելու է պետությունը: Այդպիսի մտադրություն իրականում եղել է: Շինարարության ընթացքում 2-3 անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը, տարածքային եւ քաղաքաշինության նախարարությունների ղեկավարները այցելել են շինհրապարակ: Հայտնի չէ` բարձրաստիճան անձինք գո՞հ են մնացել որակից, թե ոչ, բայց մեկ քմ-ի համար «Չիգանայի» սահմանած գինը շատ բարձր է համարվել, եւ կառավարությունը հրաժարվել է 600 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով հաշվարկած գումարով գնել տները, որոնք իրականում, այլ պայմաններում հնարավոր կլիներ ձեռք բերել քմ-ը 300 դոլարով, ինչպես փաստում է պարոն Իգիթյանը: Ախուրյանի համայնքապետն ասում է, որ նման բարձր գինը պայմանավորված չի եղել օգտագործած շինանյութով, կազմակերպությունը պարզապես հավելյալ աշխատանքներ է ձեռնարկել, արել մի շարք ձեւափոխություններ, որոնք էլ բերել են ինքնարժեքի բարձրացման: Բնակարանաշինություն իրականացնելու նպատակով 2 տարի առաջ 3000 քմ տարածք է վաճառվել «Չիգանա» ՍՊԸ-ին, սկսված 6 առանձնատների շինարարությունն անավարտ է, մի քանիսն անգամ տանիք չունեն եւ փչանում են անձրեւից ու ձնից: «Երբ աշխատանքներն ավարտվեն, ու հանձնաժողովն ընդունի, մեր կողմից կտրվի ավարտական ակտ,- վստահեցնում է Ախուրյանի համայնքապետը,- այդ տները կդառնան «Չիգանա» ՍՊԸ-ի սեփականությունը, եւ նրանք կարող են իրենց հայեցողությամբ վաճառել այդ տները ցանկացողներին»: Ախուրյանում բնակչության բնական աճ կա, ընտանիքները շատանում են եւ, փաստորեն, այստեղ ավելի շատ բնակարաններ են գնվում, քան վաճառվում, իսկ ազատ բնակֆոնդ Ախուրյանում չկա: «Այդ նպատակով եւս մեկ փորձնական ծրագիր, կրկին առանձնատների, Ախուրյանի ծայրամասում իրականացնելու է մեկ այլ կազմակերպություն,- ասում է Արծրուն Իգիթյանը,- «Առտա» բարեգործական կազմակերպությանը մենք 400 քմ արդեն վաճառել ենք, տները կառուցվելու են թեթեւ պենոպլաստե կոնստրուկցիաներով, դրանք հարմարավետ, 3 սենյականոց տներ են լինելու` լոկալ ջեռուցմամբ: Կազմակերպությունը փորձնական 12 տուն է կառուցելու ազատ վաճառքի նպատակով, եթե հաջողությամբ պսակվի, ծրագիրը կշարունակվի»: Ինչ վերաբերում է Ախուրյանի կենտրոնական հատվածին, որտեղ գարնանը պիտի շինաշխատանքներ ծավալի «Գլենդել Հիլզը», ապա համայնքապետարանը տարածքում գտնվող ժամանակավոր կացարաններից ազատվելու խնդիր ունի: Որովհետեւ այդ տնակներում ապրում են նաեւ ընտանիքներ, ովքեր բնակարան են ստացել, սակայն չեն ազատում ժամանակավոր կացարանները: 20 ընտանիք, որոնք օգտվել են ԲԳՎ ծրագրից, համարվում են բնակարանով ապահովված, սակայն շարունակում են ապրել տնակներում: Այս ընտանիքներն արդեն տեղյակ են, որ պիտի առաջնահերթորեն ազատեն տարածքը: Կան ընտանիքներ, որոնք թեեւ ապրում են ժամանակավոր կացարաններում, սակայն չունեն անօթեւանի կարգավիճակ, բնականաբար, պետությունն էլ նմանատիպ ընտանիքների նկատմամբ չունի որեւէ տեսակի պարտավորություն: Այդպիսի 100-ից ավելի ընտանիքներ կան Ախուրյանում:
«Դրանք հիմնականում այն ընտանիքներն են, որոնք էս 21 տարիներին թվական աճ են գրանցել, եւ բնակարան ստանալուց հետո բնակվելու տեղափոխվել են ոչ բոլորը,- բացատրում է Ա. Իգիթյանը,- մարդ է եղել, որ ինձ ասել է` պարոն Իգիթյան, դուք եկեք մեր ստացած մեկ սենյականոցում 10 մահճակալ տեղավորեք, մենք գնանք ապրենք: Եվ ես, որպես համայնքի ղեկավար, չեմ կարող պարտադրել, որ մարդիկ 10 անձով գնան ու ապրեն այդ տանը եւ համարեմ, որ խնդիրը լուծված է»: Ախուրյանի համայնքապետը համարում է, որ նման ընտանիքների խնդիրը լուծելու համար հանրակացարանատիպ շենք կամ շենքեր պետք է կառուցվեն: Դրա համար համայնքը պիտի ներդրում կատարի, սակայն առանց օժանդակության գործն, իհարկե, գլուխ չի գա: Կառավարությանը նման խնդրով համայնքապետը չի դիմի, մնում է գտնել որեւէ բարեգործական հիմնադրամ կամ կազմակերպություն, որը կհամաձայնի համայնքային ներդրման պայմաններում ձեռնարկել շենքերի կառուցումը ժամանակավոր կացարաններում ապրող այն ընտանիքների համար, որոնք չունեն անօթեւանի կարգավիճակ եւ ի վիճակի չեն սեփական միջոցներով ոչ կառուցել, ոչ գնել բնակարան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել