HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան-Կորյուն գետնանցման տնտեսվարող սուբյեկտների վերջին բաց նամակը նախագահին

Մեծարգո պարոն նախագահ,
Մենք՝ ներքոստորոգրյալներս՝ Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցումում արդեն մոտ 25 տարի և ավելի գործող տնտեսվարող սուբյեկտներս, նշված վայրում գործունեություն ենք ծավալում և մշտապես պարտաճանաչ կերպով կատարել ենք մեր հարկային, կենսաթոշակային, վարձավճարային և օրենսդրությամբ սահմանված բոլոր մնացած պարտավորությունները:

2010թ. ամռանը, Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի անմիջական նախաձեռնությամբ, նրա ներկայացուցիչները նույն տնտեսվարող սուբյեկտների միջոցներից հավաքեցին մոտ 22 միլիոն դրամ՝ նշված գետնանցումում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:

Դրա դիմաց քաղաքապետարանի և կենտրոն վարչական շրջանի ներկայացուցիչները մեզ խոստացան, որ մեզ հետ կկնքեն երկարաժամկետ վարձակալության պայմանագրեր: Ու ոչ միայն դա չարվեց, այլ փոխարենը ցավով իմացանք, որ քաղաքապետարանը պատրաստվում է նշված գետնանցումը մրցույթով վաճառել:

Նշենք, որ այդ տնտեսվարող սուբյեկտների ետևում կանգնած են մոտ 300 ընտանիքներ, թվով մոտ 10 անգամ ավելի շատ մարդկային ճակատագրեր, ովքեր իրենց նախորդ սերունդների հետ միասին մեծ լումա ունեն մեր սիրելի Երևան քաղաքի կառուցման և բարգավաճման ճանապարհին:

Անկեղծ ասած, չէինք ցանկանա ավելացնել Հայաստանից արտագաղթողների ստվար բանակի շարքերը ու էլ ավելի բարդացնել երկրում ստեղծված, առանց այն էլ բարդագույն վիճակը և մնալով մեր հողի վրա՝ պատրաստակամ ենք միասնաբար դիմակայել Հայաստան երկրին ուղղված բազմապիսի ներքին և արտաքին մարտահրավերներին:

Եթե քաղաքապետարանը որոշել է աճուրդի միջոցով վաճառել նշված գետնանցումը, ապա նա պարտավոր է հաշվի առնել, որ այդ սուբյեկտներից շատերը 20-25 տարի և ավելի աշխատում են նշված գետնանցումում և իրենց ընտանիքի հանապազօրյա հացը վաստակում են դրանով, և եթե դրվում է օտարման հարց, ապա այն առաջին հերթին պետք է տրվի հենց այդ սուբյեկտներին: Մեծ հաշվով, մրցույթ կոչվող այդ քայլով փորձ է արվում նշված մարդկանցից խլել իրենց օբյեկտները և տալ ուրիշի:

Համոզված ենք, որ Երևանի քաղաքապետի «Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը մրցույթով օտարելու մասին» 12.08.2011թ.-ի թիվ 3704-Ա որոշումը և դրա հիման վրա Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի հայտարարությունը հակաօրինական են բազմաթիվ հիմքերով:

Հակիրճ նշենք այն իրավական ակտերը, որոնք խախտվել են Աբովյան-Կորյուն ստորգետնյա անցման հողատարածքը Երևան համայնքին սեփականության իրավունքով հանձնելու պարագայում.

1. ՀՀ հողային օրենսգրքի 60, 62, 63, 67 հոդվածները;
2 «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» 5-րդ, 9-րդ հոդվածները;
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 612 հոդվածը;
4. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը;
5. ՀՀ կառավարության «բնակչության պատսպարման կարգը հաստատելու մասին» 28.09.2000թ.-ի թիվ 592 որոշման 3-րդ կետի բ/ ենթակետը:

Նշենք, որ այս խախտումների հիմքերով՝ համապատասխան հայցով և այդ հայցի ապահովման միջնորդության ապահովման համար դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ Երևանի քաղաքապետի վերը նշված որոշումը հակաօրինական համարելու համար, և հուսով ենք, որ դատարանն այս հայցը կլսի շատ օբյեկտիվորեն:

Մենք՝ ներքոստորագրյալ տնտեսվարող սուբյեկտներս, դիմում ենք Ձեզ՝ որպես ՀՀ նախագահի, և մեծ հույս փափագում, որ Ձեր բարձր կարգադրությամբ կկասեցնեք այդ հակաօրինական մրցույթը՝ բազմաթիվ ընտանիքների փրկելով հաց վաստակելու իրավունքի կորստից:

Մենք՝ հիշյալ տնտեսվարող սուբյեկտներս, մեր հերթին պարտավորվում ենք, որ նշված ստորգետնյա անցման հետ կապված, քաղաքապետարանին հետաքրքրող հետագա բոլոր հարցեր՝ բարեկարգում, սանիտարական վիճակ և բազմաթիվ այլ հարցեր, կարտացոլվեն քաղաքապետարանի և նշված տնտեսվարող սուբյեկտների կամ այդ սուբյեկտների բազայի վրա գրանցված «Գետնանցում» ՍՊԸ-ի միջև կնքվելիք պայմանագրերում, և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան մարմինները և պաշտոնատար անձինք Ձեզ պարբերաբար կզեկուցեն նշված գետնանցման հետագա վիճակի վերաբերյալ, և Դուք կհամոզվեք մեր ասածի ճշմարտացիության մեջ:

Ուստի խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ այս հարցում մեր խնդրանքը չմերժելու համար:

Պարոն նախագահ, եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ կմնան արտագաղթի կամ նմանատիպ այլ մշուշոտ ճանապարհներ:

Կանխավ շնորհակալություն:

Աբովյան-Կորյուն գետնանցման տնտեսվարող սուբյեկտներ
07.09.2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter