«Առավոտ». Գնի իջեցում
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, անդրադառնալով Երևանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի նկրտումներին, տվել է ընդհանրական պատասխան՝ նշելով, որ այսօր Հայաստանի ոստիկանության բոլոր աշխատակիցները երազում են զբաղեցնել իր պաշտոնը։ Դա միանգամայն ճիշտ դիտարկում է։ Միայն թե այդ արձանագրումն անելուց հետո պետք է նաև բացատրել, թե ինչու ցանկացած ոստիկանի ուշքն ու միտքը պետ դառնալն է։
Ինչո՞ւ, օրինակ, ոչ բոլոր գիտաշխատողներն են ձգտում դառնալ ինստիտուտի տնօրեն, ոչ բոլոր ջութակահարների նպատակն է տեղ զբաղեցնել դիրիժորական վահանակի մոտ և ամենևին ոչ բոլոր լրագրողներն են, որ աչք ունեն թերթի խմբագրի աթոռի վրա։
Պատասխանը շատ պարզ է. որովհետև այդ պաշտոնների գինը շատ ավելի ցածր է, քան ոստիկանական համակարգում որևէ պաշտոնի, որևէ ջութակահար կամ դիրիժոր հնարավորություն չունի քաղմասներում մարդկանց ահաբեկելով՝ նրանց գլխին գործ սարքել և հետո փող ուզել, որևէ ինստիտուտի տնօրեն կամ թերթի խմբագիր չի կարող Երևանի կենտրոնում որդու անունով սուպերմարկետ բացել։ Մարդիկ ջութակահար կամ լրագրող են դառնում ջութակ նվագելու և հոդվածներ գրելու նպատակով, բայց ոստիկանի մասնագիտությունն են ընտրում բոլորովին այլ նկատառումներից ելնելով:
Ընդհանրապես Հայաստանի գլխավոր խնդիրն է իշխանության գնի իջեցումը, ոչ միայն, բնականաբար, ոստիկանության համակարգում: Մարդիկ չպիտի ձգտեն պետական պաշտոնների կամ, որը նույնն է, պատգամավորական մանդատների' այնպիսի կրքով, ինչպես դա անում են մեր երկրում:
«Մարդիկ, ձգտելով որևէ պաշտոնի կամ մանդատի, պետք է հաշվի առնեն, որ իրենց և իրենց մերձավորների կյանքը շեշետակիորեն չի տարբերվելու մնացած քաղաքացիների կյանքից, և պաշտոնը կորցնելը, մյուս կողմից, չի բերի որևէ ողբերգական հետևանքի»,- գրում է թերթի խմբագիրը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել