HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրքիայում ՆԱՏՕ-ի ՀՀՊ տարրերի տեղակայումը նոր հակասություններ կառաջացնի տարածաշրջանում

Թուրքիայի Դիարբեքիրի նահանգում տեղակայվելու են ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) տարրեր: Այս որոշումը կայացվել է դեռ 2010-ին ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովի ժամանակ: Թուրքագետ Լեւոն Հովսեփյանն ասում է, որ Անկարան որոշ իմաստով նաեւ ստիպված է դիմել այս քայլին, քանի որ հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ ունի իր որոշակի պարտավորությունները կառույցի առաջ: Մյուս կողմից՝ այս քայլը նոր հակասություններ կառաջացնի տարածաշրջանում, եւ Անկարան դժվարությունների մեջ կհայտնվի Վաշինգտոն-Մոսկվա-Թեհրան հարաբերություների համատեքստում: Սակայն ակնհայտ է, որ համակարգն առաջին հերթին ուղղված է Իրանի հավանական սպառնալիքից պաշտպանվելուն, չնայած որ պետք է հաշվի առնել Ռուսաստանի շահերը տարածաշրջանում:  

Ռուսական եւ հատկապես իրանական կողմը խիստ արձագանքեցին այս իրողությանը. Իրանը նշեց, որ սա կբերի տարածաշրջանային անկայունության եւ Թուրքիայի սահմանի մոտ նախաձեռնեց լայնամասշտաբ զորավարժություններ: Ըստ թուրքագետի՝ սա կարելի է դիտարկել նաեւ որպես մեսիջ Թուրքիային: Նա նշում է, որ այս ամենը թուրք-իրանական հրաբերություններում անվստահության նոր առիթ կստեղծի, չնայած որ մինչեւ այդ էլ մեծ հաշվով Անկարան Թեհրանի համար չի դիտվել վստահելի գործընկեր, քանի որ նախեւառաջ ՆԱՏՕ-ի անդամ է: Հովսեփյանն ասում է, որ չնայած գագաթնաժողովում Թուրքիան պնդեց, որ վերջնական փաստաթղթից հանվի ՀՀՊ տարրերի՝ Իրանի դեմ ուղղված լինելու կետը, այդուհանդերձ, դա, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ու Թուրքիայի երաշխավորությունները չեն կարող համոզիչ լինել նաեւ Ռուսաստանի համար:

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին զարմացնում է, որ որոշ ռուս փորձագետների կարծիքով ՀՀՊ տարրերը չեն կարող վտանգ ներկայացնել ՌԴ-ի համար: Այնուամենայնիվ, նա էլ նշում է, որ չնայած ոչ մի անուն չի նշվում, սակայն բոլորը հասկանում են, որ սա հիմնականում ուղղված է Իրանի դեմ: Մյուս կողմից, սակայն, ըստ բանախոսի, այս փաստը չի կարելի հստակ դիտարկել իբրեւ Իրանի դեմ պատերազմ սկսելու պատրաստություն:  

Նա նշում է նաեւ, թե Թուրքիան հասկացել է, որ հզոր բանակ եւ տարածաշրջանում մեծ դերակատաւթյուն ունենալու համար մեծապես կախված է արեւմտյան տեխնոլոգիաներից, ինչի մաս են նաեւ ՀՀՊ տարրերը: Ու հնարավոր է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի գումարներով ուզում է ունենալ այն հզոր ՀՕՊ համակարգը, որն ինքն իր միջոցներով ի վիճակի չէր ստեղծել: Ըստ Հովհաննիսյանի՝ ՆԱՏՕ-ի մյուս երկրների համեմատ թուրքական հակաօդային պաշտպանության համակարգը թույլ է, իսկ այս նոր կայանը կուժեղացնի այն: Փորձագետը չի բացառում, որ սրա պատճառով կլարվեն հարաբերությունները ոչ միայն Իրանի եւ Ռուսաստանի, այլեւ Իսրայելի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter