Աղետի է ենթարկվել եթովպիական ինքնաթիռը
«Եթովպական ավիաուղիների» ուղևորատար ինքնաթիռը աղետի է ենթարկվել Միջերկրական ծովում: Ինքնաթիռում 89 ուղևոր է եղել: Ինքնաթիռը փոթորկոտ եղանակին օդ է բարձրացել Բեյրութի միջազգային օդանավակայանից, իսկ 5 րոպե անց անհետացել է ռադարների էկրաններից:
BBC-ն հայտնում է, որ ականատեսների վկայությամբ` երկնքում հրդեհ է բռնկվել, ինչից հետո Եթովպիայի մայրաքաղաք Ադդիս Աբաբա մեկնող, ET409 չվերթի ինքնաթիռը ծովն է ընկել:
Առնվազն 9 մարմին է գտնվել Միջերկրական ծովի լիբանանյան ափից: Լիբանանի տրանսպորտի նախարարը և այլ պաշտոնյաներ հայտնել են, որ այժմ փրկարարական աշխատանքներ են ընթանում, որոնց մասնակցում են ուղղաթիռներ և նավեր: Սակայն հայտնի չէ, թե արդյոք փրկվածներ կան:
CNN-ը հայտնում է, որ Boeing 737-800 ինքնաթիռում եղել է անձնակազմի 7 անդամ և 82 ուղևոր, այդ թվում` 51 լիբանանցի, 23 եթովպացի, 2 բրիտանացի, մեկ իրաքցի, մեկ թուրք, մեկ կանադացի, մեկ ռուսաստանցի և մեկ ֆրանսիացի: Ըստ որոշ տեղեկությունների` իննաթիռում եղել է նաև Լիբանանում Ֆրանսիայի դեսպանի կինը: Այս մոդելի ինքնաթիռը կարող է 189 ուղևոր փոխադրել:
Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանն ասել է, թե որևէ բան չի մաշնանշում, որ վթարի պատճառը դիվերսիան է կամ ինքնաթիռին կանխամտածված վնաս հասցնելը:
«Արդեն հետաքննող խումբ է մեկնել դեպքի վայր, և մենք կտեղեկացնենք նոր մանրամասներ ստանալուն պես»,- ասել է եթովպիական ավիաընկերությունը:
CNN-ի փոխանցմամբ` Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին սուգ է հայտարարել ավիավթարի զոհերի հիշատակին:
Լուսանկարը` cnn.cօm-ից
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել