Ալիեւը պատերազմի՞ է պատրաստվում
«Մենք գտնվում ենք քաղաքական արխաիկայի մեջ: Այսօր Ադրբեջանը հայտարարում է, որ միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեպքում կարելի է հասնել որեւէ լուծման:
Այս հայտարարությունները բերել են նրան, որ ռազմական լուծման տարբերակը հանգեցրել է հասարակական ճգնաժամի, եւ Ալիեւի քաղաքականության պատճառով երիտասարդ սերունդը, ով չի հիշում Ադրբեջանի խայտառակ պարտությունը, տենչում է ռազմական ճանապարհով լուծելու այդ խնդիրը»,- այսօր «Հայացք» ակումբում ասաց ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը:
Ասուլիսի օրակարգում դարձյալ հայ-թուրքական եւ Հայաստան-Ադրբեջան խնդիրներն էին: Համահնչակյան կուսակցության քաղաքական դիվանի անդամ Վարդան Խաչատրյանն ասաց, որ Համահնչակյան կուսակցության առավել ցավոտ խնդիրը մնում են հայ-թուրքական հարաբերությունները, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, հայրենիք-սփյուռք հարաբերությունները:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին` նա նշեց. «Հիշեցնում ենք, որ Թուրքիայի կողմից բացահայտ նախապայմանների դրսեւորումը եւ 19-րդ դարի քաղաքականությանը բնորոշ բոլոր տեսակի ճնշումները դարձնում են շատ դժվար այդ հարաբերությունները շարունակելու համար: Թուրքիան այն երկիրը չէ այս հարաբերություների համար, եւ ՍԴ-ի որոշման վերաբերյալ Թուրքիայի արձագանքն այդ մասին է վկայում»: Այս հայտարարությանը պատասխանելով` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն ասաց, որ իշխանությունները շարունակում են հավատարիմ մնալ այն քաղաքականությանը, որ որդեգրել է հայկական կողմը հայ-թուրքական հարաբերություններում. «Մենք հստակ միջազգային կառույցներին կարող ենք ասել, որ Հայաստանը լավ գործընկեր է, իսկ Թուրքիան չի կարող իրականացնել այն պարտավորությունները, որ ստանձնել է: Բացի դրանից` հիշեցնեմ, որ ղարաբաղյան խնդիրը ի սկզբանե տարանջատված էր եղել արձանագրություների ստորագրումից, եւ մեկը մյուսի հետ չպետք է կապել, ինչպես դա անում է Թուրքիան»,- ասաց Կարեն Ավագյանը:
Վարդան Խաչատրյանը մտահոգիչ է համարում այն, որ Ադրբեջանը համալրում է իր ռազմական տեխնիկան, ինչը, ըստ նրա, ինքնանպատակ չէ. «Այս ամենը տանում է ռազմական գործողությունների, եւ վտանգավոր ազգայնական երանգները կարող են շատ լուրջ ու վտանգավոր ելք ունենալ»:
Կարեն Ավագյանը, սակայն, համամիտ չէ այս մտահոգություններին: «Ես ուղղակի չեմ տեսնում այդ մոտեցումները Ալիեւի հայտարարությունների մեջ, թեկուզ այն պատճառով, որ երբեւէ հանդիպումների ժամանակ նման խնդիր չի դրվում, բոլոր հանդիպումների ժամանակ խոսքը միշտ խաղաղ լուծումների մասին է լինում, եւ նա այդ հայտարարությունները շատ հաճախ անում է ներքին լսարանի համար»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Մարիամ Մուղդուսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել