«Մանկատանը ապրող երեխան հոգեբանորեն շատ ընկճված է»
Այսօր «Ուրբաթ» ակումբում հրավիրված ասուլիսին Հայ-շվեդական «Նունյոս» ընկերության տնօրեն Նուշիկ Մելքոնյանը ներկայացրեց ընկերության գործունեությունը: 2008 թ. հիմնադրված «Նունյոս» կազմակերպության նպատակն է գտնել հիվանդ երեխաների և աջակցել նրանց վիրահատությանը: Նախատեսվել է վիրահատել 7 երեխայի. նրանցից 2-ը տեսողական խնդիրներ ունի, իսկ 5-ը` հենաշարժողական: Արդեն 2 երեխա վիրահատվել են, իսկ մյուսները պատրաստվում են վիրահատության:
Նուշիկ Մելքոնյանի խոսքերով` իրենք մի շարք միջոցառումներ են ձեռնարկել այս նպատակը իրագործելու համար: Գյումրու 3 մանկատների («Հույս», «Տիրամայր Հայաստանի» և «Թռչունյանց տուն») 120 երեխայի մասնակցությամբ կազմակերպվել է «Բնությունը երեխաների աչքերով» նկարների ցուցահանդես: Երեխաների նկարած նկարները հոգեբանական թեստ են անցել շվեդ հոգեբանների կողմից, և Նուշիկ Մելքոնյանը արձանագրում է. «Մանկատանը ապրող երեխան հոգեբանորեն շատ ընկճված է»: Այս նկարներից կազմվել է ալբոմ, որի վաճառքից ստացված հասույթը օգտագործվելու է բարեգործական նպատակներով:
Մյուս միջոցառումը Գյումրիի շուրջ 50 երեխայի այցն էր Երևան: Երեխաները եղել են Սբ. Սարգիս եկեղեցում և Չարենցի տուն- թանգարանում: Կազմակերպության նպատակներից մեկն էլ երեխաներին մշակութային կյանքին սերտ կապելն է:
Հաջորդ ակցիան բարեգործական ցուցահանդես վաճառքն էր: Տնօրենի խոսքերով` իրենք անդրադառնալու են բոլոր մանկատներին. «Մեզ համար չկան տարածքային տարբերություններ, այլ կա հայ երեխա»:
Անդրադառնալով մանկատան երեխաների վրա «Որբերը» հեռուստասերիալի ազդեցությունը` Նուշիկ Մելքոնյանը նշեց. «Սերիալները նկարահանվում են նկարահանված լինելու համար: Այդ սերիալը չունի հոգեբանադաստիարակչական բնույթ»: Նա հավելեց, որ երեխաները շատ ընկճվում են սերիալը դիտելով և մտածում են, որ մանկատնից հետո էլ է վատ լինելու:
Նուշիկ Մելքոնյանը նշեց նաև, որ դժվար է գտնել հովանավորներ, բայց գործ անելով` կարելի է հաղթահարել այդ խնդիրները: Կազմակերպության տնօրենի կարծիքով` մանկատան խնդիրները ոչ թե միայն կառավարության խնդիրներն են, այլ յուրաքանչյուրի:
Նուշիկ Մելքոնյանի խոսքերով` Շվեդիայում մանկատներ չկան, այնտեղ ընտանիքները որդեգրում են երեխաներին, և կա պետական աջակցություն, Շվեդիայում կրթական բոլոր հաստատությունները անվճար են: Նուշիկ Մելքոնյանի երազանքը Հայաստանն էլ այդպիսին տեսնելն է: Կազմակերպության գլխավոր ֆինանսավորողներից մեկը շվեդական Քրիստոնյադեմոկրատական կուսակցությունն է:
Այսօր Երևանում կազմակերպված ասուլիսին պետք է մասնակցեր նաև Ֆրիտյոֆ Նանսենի անվան մանկատան տնօրեն Անահիտ Կարապետյանը: Սակայն նա չէր կարողացել Գյումրիից Երևան գալ եղանակային պայմանների պատճառով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել