«Բջնիի» գործով Սուքիասյանների ներկայացուցիչը հայցով մտել է դատարան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն անցյալ տարվա ապրիլի 6-ին վճռել էր «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲ ընկերությունը ճանաչել սնանկ (վճիռն ուժի մեջ է մտել 17.06.2009 թ.): Սնանկության գործը քննող դատարանին Սուքիասյանների ընտանիքը, որ ընկերության բաժնետերն է, ներկայացրել է իր պահանջները` այդ հիմքով հանդիսանալով ընկերության պարտատերը:
Պարտատերերի օգոստոսի 10-ին նշանակված առաջին ժողովը չի կայացել, և սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ժողովի օր է նշանակել հոկտեմբերի 2-ին: Չիտչյանն այն անցկացրել է` չթույլատրելով Սուքիասյաններին որպես պարտատերեր մասնակցելու դրան:
«Սնանկության Կառավարիչը Ընկերության կառավարման մարմնի լիազորություններն իրեն վերագրելով Ընկերության գլխավոր տնօրենին ազատել է աշխատանքից, դրանով իսկ պարտապան կազմակերպությանը զրկելով ընդհանրապես սնանկության գործընթացից տեղեկացված լինելու իրավունքից»,- հայցադիմումում նշել է Սուքիասյանների ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյան:
Անցյալ տարվա նոյեմբերի 20-ին կառավարիչ Չիտչյանը միջնորդություն է ներկայացրել գույքն աճուրդով վաճառելու վերաբերյալ, նախապես դրա մասին ծանուցելով միայն հինգ պարտատերերի, որոնց մեջ Սուքիասյանները չեն եղել: Դատարանը 10 օր անց միջնորդությունը բավարարել է, և ընկերության գույքը դեկտեմբերի 17-ին դրվել է աճուրդի 5 մլրդ 184 մլն ՀՀ դրամ մեկնարկային գնով:
Սակայն աճուրդը չի կայացել` հայտեր ներկայացված չլինելու հիմքով: Ընկերության գույքն ուղղակի գործարքով վաճառելու կապակցությամբ կառավարիչը գումարել է պարտատերերի ժողով և դեկտեմբերի 24-ին արդեն դատարանին միջնորդել է գույքն ուղղակի գործարքով վաճառելու վերաբերյալ, ինչը նույն օրը բավարարվել է:
Ընկերության անունից կառավարիչը հաջորդ օրը «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՓԲ ընկերության հետ կնքել է անշարժ գույքի, շարժական գույքի, հանքային իրավունքների և այլ գույքային իրավունքների առուվաճառքի պայմանագիր, որով 4 մլրդ 300 մլն դրամով, մինչև 2014 թ. փետրվարի 1-ը մարելու պայմանով, վաճառել է անշարժ և շարժական գույքը, հանքային իրավունքները և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ բոլոր գույքային իրավունքները:
Սուքիասյանների ներկայացուցիչ, փաստաբան Արա Զոհրաբյանը հայց է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան և մատնանշելով հիշյալ գործընթացներում տեղի ունեցած բազմաթիվ իրավախախտումներ` պահանջել է.
- Անվավեր ճանաչել «Բջնի հանքային ջրերի գործարան» ՓԲԸ սնանկության կառավարիչ Արսեն Չիտչյանի և «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ի միջև կնքված «Անշարժ գույքի, շարժական գույքի, հանքային իրավունքի և այլ գույքային իրավունքների առուվաճառքի» պայմանագիրը:
- Կիրառել հիշյալ պայմանագրի` հանքային իրավունքների փոխանցման առոչինչ գործարքի անվավերության հետևանք` արգելելով հանքային իրավունքների փոխանցումը «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ին:
- Անվավեր ճանաչել այդ պայմանագրի հիման վրա ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից «Արմենիան Ռոյալ Սիգարետ» ՍՊԸ-ի անունով կատարված պետական գրանցումը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել